Հայկական մաֆիան Եվրոպայում. Կասկածնե՞ր, թե՞ իրականություն

Գերմանիայում հայկական մաֆիան համագործակցում է իտալականի՝ աշխարհի ամենահզոր հանցավոր կազմակերպություններից մեկը համարվող «Նդրանգետա»-ի հետ․ ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դա է վկայում հեղինակավոր «Շպիգել» պարբերականի և MDR հեռուստառադիոընկերության վերջին հետաքննությունը: «2014-ի փետրվարին մի սև շքեղ մեքենա է պտտվել Նեապոլի փողոցներով՝ գերմանական Էրֆուրտում գրանցված համարանիշներով», - պատմում են գերմանացի լրագրողները՝ մանրամասնելով․ - «Մեքենայի ուղևորները ևս տպավորիչ են եղել՝ մի հայ, երիտասարդ մի ռումինուհի և երկու իտալացի: Եթե այդ օրը ամեն ինչ ընթանար ըստ նրանց գծած սցենարի, այսօր թերևս Գերմանիայում կշրջանառվեր ավելի քան 125 հազար եվրոյի կեղծ թղթադրամ»: Ըստ լրագրողական հետաքննության, հանցավոր այդ ծրագիրը ձախողվել է իտալացի ընդամենը երկու ոստիկանների ջանքերով, որոնք կանգնեցրել են մեքենան ու խուզարկության արդյունքում հայտնաբերել կեղծ եվրոները: Գերմանացի լրագրողները պնդում են, թե իրենց տրամադրության տակ է այս միջադեպի վերաբերյալ իտալական ոստիկանության կազմած արձանագրությունը: «Հային, ռումինուհուն ու երկու իտալացիներին Նեապոլում ձերբակալել են, բայց հետո՝ ընդամենը մի քանի օրից թույլ տվել, որ նրանք անարգել հեռանան երկրից, ինչից հետո Նեապոլի դատարանը նրանց դատապարտել է՝ հեռակա կարգով», - փաստում է հետաքննությունը: Դեպքից շաբաթներ անց տեղեկատվությունը փոխանցվել է Գերմանիայի Թյուրինգիա երկրամասի քրեական ոստիկանությանը՝ լրջորեն մտահոգելով տեղի քննիչներին, քանի որ ամիսներ առաջ նրանք արդեն իսկ երկրամասում ապրող հայերից մի քանիսի դեմ քննություն էին սկսել՝ կեղծ թղթադրամներ շրջանառելու կասկածանքով: Ընդ որում, Նեապոլում ձերբակալված հայը եղել է հենց այդ գործով անցնողներից մեկը, ում գերմանացի իրավապահները, ըստ լրագրողական հետաքննության, կասկածել են հայկական մաֆիայի ներկայացուցիչ լինելու կամ առնվազն դրա հետ առնչություն ունենալու մեջ: «Նոր միջադեպի մասին տեղեկանալով՝ Թյուրինգիայի ոստիկանությունն ու դատախազությունը ակտիվացրել են քննությունը, սակայն նրանց ուշադրությունից վրիպել է մի շատ կարևոր հանգամանք», - պնդում են գերմանացի լրագրողները՝ մանրամասնելով․ - «Իրավապահներից որևէ մեկը չի ստուգել մեքենայում եղած իտալացիների ինքնությունը»: Սեփական հետաքննությունն անցկացնելով՝ «Շպիգել»-ը գրում է՝ «վերջիններս իրականում ապրում են ոչ թե Իտալիայում, այլ՝ Հանովերում, իրենց հարազատ-բարեկամների հետ, ընդ որում՝ ազգակցական այդ կապի հետքերն էլ տանում են դեպի աշխարհի ամենաազդեցիկ մաֆիոզ խմբավորումներից մեկը՝ Կալաբրիայի «Նդրանգետա»: «Կասկածները, որ հայկական ու իտալական մաֆիաները համագործակցում են, նոր չեն», - պնդում է «Շպիգել»-ը, մանրամասնելով՝ մի քանի տարի առաջ դեռ Թյուրինգիայի ոստիկանությունը արձանագրել էր, որ հայկական մաֆիայի ենթադրյալ ներկայացուցիչները իրենց տնօրինության տակ են առել տեղի իտալական ռեստորաններից մեկը, որը, ըստ առկա տեղեկությունների, ավելի վաղ պատկանում էր իտալական մաֆիային: Ընդ որում, գերմանացի լրագրողները պարզել են, որ տարիներ առաջ դրամանենգության համար Նեապոլում ձերբակալված հայն ու իտալացիները մինչև այսօր էլ կապի մեջ են, համենայնդեպս, այս տարվա հուլիսին Գերմանիայի ճանապարհային ոստիկանությունը Էրֆուրտում իրականացված ստուգումների ժամանակ արձանագրել է՝ երեքն էլ եղել են նույն մեքենայում: «Թյուրինգիայի ոստիկանությունն ու դատախազությունն առայժմ չեն շտապում քայլեր ձեռնարկել», - արձանագրում է տեղի հեռուտառադիոընկերության հետաքննությունը՝ հավելելով․ - «Միակ կառույցը, որ կարող էր կապել Իտալիայից Գերմանիա ձգվող այս պատմության թելերը՝ Դաշնային քրեական ոստիկանությունն է, այստեղ էլ, սակայն, հրաժարվում են մանրամասներ հաղորդել՝ անձնական տվյալների գաղտնիության հիմքով»: Օրեր առաջ գերմանական հեղինակավոր «Շպիգել» պարբերականի և Mitteldeutscher Rundfunk հանրային հեռուստառադիոընկերության համատեղ հետաքննությունից հայտնի դարձով, որ Գերմանիայի դաշնային ոստիկանությունը շուրջ երեք տարի հետաքննություն է վարել հայկական մաֆիայի անդամներին ձերբակալելու ուղղությամբ, կասկածներ է ունեցել անգամ երկրում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի վերաբերյալ: Ըստ այդ հրապարակումների, հայկական մաֆիոզ խմբերին բացահայտելու համար վերջին տարիներին Գերմանիայի ոստիկանությունում հատուկ գործողություն է մշակվել, որը կոչվել է FATIL (թարգմանաբար՝ պայքար «օրենքով գողերի» դեմ). այն եղել է խիստ գաղտնի և իրականացվել է Դաշնային հետախուզական ծառայության, Եվրոպոլի, Իսպանիայի, Բելգիայի, Իտալիայի ու Ֆրանսիայի իրավապահների աջակցությամբ: Տարիներ շարունակված քննությունը, ըստ «Շպիգելի», եղել է Գերմանիայում հանցավոր խմբավորումների դեմ իրականացված ամենաընդարձակ գործողություններից մեկը: Արդյունքում իրավապահները արձանագրել են, որ Գերմանիայում հայկական մաֆիոզ խմբավորումները խորը արմատներ են գցել ու հզոր ցանց ստեղծել, սակայն, կասկածյալներին հնարավոր չի եղել ձերբակալել՝ ապացույցների ու միջոցների անբավարարության պատճառով: Ըստ գերմանացի լրագրողների, հայկական հանցավոր խմբերը իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել 2014-ից՝ Թյուրինգիա երկրամասի մայրաքաղաքում Էրֆուրտում խաղատան մոտ հայկական երկու հանցավոր խմբերի միջև տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո: Ականատեսների խոսքով, հանցագործները դեպքի վայր էին ժամանել շքեղ ավտոմեքենաներով, կրակ բացել՝ հրազենային վնասվածքներ հասցնելով երկու հայազգի տղամարդկանց (27 և 54 տարեկան), ապա նույն այդ մեքենաներով, շռնդալից աղմուկով հեռացել՝ թողնելով ավելի քան 20 պարկուճ: Ըստ «Ազատության»՝ իրավապահները հարուցել էին 14 քրեական գործ, ավելի քան չորս տասնյակ մարդու դեմ քննություն սկսել, այդ թվում՝ փողերի լվացման մեղադրանքով: Ընդ որում, արյունալի այս միջադեպից հետո կրքերը չէին հանդարտվել, փոխհրաձգությանը հետևել էր մեկ այլ հարձակում Գերմանիայում բնակվող հայերից մեկի ռեստորանի վրա, ծեծկռտուք: Հետաքննության շրջանակներում, ըստ մամուլի հրապարակումների, շրջանառվել են նաև Գերմանիայում բնակվող հայտնի հայազգի բռնցքամարտիկների՝ Արթուր Աբրահամի և Կարո Մուրատի անունները: Իրավապահներին, սակայն, չի հաջողվել հիմնավոր ապացույցներ գտնել նրանց ու մյուս կասկածյալների դեմ: Քննության ավարտին կազմված խիստ գաղտնի զեկույցը, այդուամենայնիվ, արձանագրել է, թե Գերմանիայում իսկապես գործում է հայկական մաֆիա, որը ռուս-եվրասիական տարածաշրջանի մյուս հանցավոր խմբերի հետ միասին տիրապետում է էական ֆինանսական միջոցների՝ սպառնալով երկրում օրենքի գերակայությանը: Ընդ որում, գերմանական հեղինակավոր լրատվամիջոցները նշել էին, որ ամիսներ առաջ՝ այս տարվա մարտին, Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Թյուրինգիա երկրամասի ոստիկանապետին ու առաջարկել պաշտոնական Երևանի աջակցությունը հայկական հանցավոր խմբերին բացահայտելու հարցում: Գերմանիայի դաշնային քրեական ոստիկանությունը, սակայն, գաղտնի շրջաբերականով գործընկերներին խորհուրդ է տվել վերջինիս հետ չհամագործակցել: «Դրա մասին խոսք անգամ չի կարող լինել՝ մաֆիոզ խմբավորումների և Հայաստանի իշխանությունների հնարավոր սերտաճման պատճառով», - ըստ «Շպիգելի», ասված է գաղտնի այդ փաստաթղթում: Լրատվամիջոցները, մասնավորապես, պնդում են, թե իրավապահները կասկածներ են ունեցել, որ 2015-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գերմանիայում դեսպան նշանակված դիվանագետը կապեր է ունեցել հանցավոր խմբավորումների հետ, սակայն այս կասկածները հիմնավորող ապացույցներ չեն հայտնաբերվել: Ավելի վաղ՝ 2008-ին, երբ Սմբատյանը եղել է դեսպանատան աշխատակից, Դաշնային հետախուզական ծառայությունը կասկածել է նրան միջազգային մաքսանենգության մեջ, սակայն այս գործով էլ բավարար ապացույցներ չեն հայտնաբերվել և քննությունը հետաձգվել է: Ինքը՝ Աշոտ Սմբատյանը, որը մի քանի օր առաջ համատեղության կարգով Հայաստանի դեսպան է նշանակվել նաև Լիխտենշտայնում, կտրականապես հերքել և անհեթեթություն է որակել այս մեղադրանքը: ՀՀ ԱԳՆ-ն «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնել էր, թե կապի մեջ է գերմանական պատկան մարմինների հետ՝ մամուլում հայտնված այս պնդումների արժանահավատությունը ճշտելու համար: Գերմանիայում ՀՀ դեսպանի հետ կանչելու հարց չի քննարկվում, օրերս «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը: «Մենք կատարել ենք հարցում։ Հարցը վերաբերում է շատ զգայուն, նուրբ խնդիրներին, մասնավորապես՝ մեր դիվանագիտական ներկայացուցչության գործունեությանը, նրա ղեկավարին և հեղինակությանը։ Ավելին այս փուլում չեմ կարող ասել։ Կսպասենք արդյունքներին»: Նազարյանը, սակայն, ավելի ուշ լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, թե գերմանական մամուլի հրապարակումներն այս փուլում անհիմն են։ Սա մի երևույթ է, երբ հասարակությանը պետք է ներկայացնել պաշտոնական տեղեկություններ, պաշտոնապես հերքվեն, ընդ որում՝ ոչ միայն հայկական կողմից, այլև պաշտոնական Երևանը պետք է հասնի նրան, որպեսզի հետաքննության տեղեկությունները հաղորդողները դա անեն: Միայն այդ դեպքում կփարատվեն հասարակության մեջ կասկածները: Մետաքսյա Շալունց

դիտվել է 357 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am