Սաուդցի լրագրողի դաժան սպանությունն ու 33-ամյա թագաժառանգը. Սկանդալային զարգացումներ

Արևմտյան առաջնորդները չեն շտապում խոսել նավթով հարուստ Սաուդյան Արաբիայի դեմ լուրջ պատժամիջոցների մասին Օրեր առաջ սկանդալային տեղեկություններ ստացվեցին: Սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգին խեղդամահ է եղել, երբ փորձել է փախուստի դիմել Ստամբուլում գտնվող սաուդական հյուպատոսարանից, այնուհետև նրա մարմինը փոխանցել են տեղացիներից մեկին, որպեսզի ազատվեն հանցանշաններից: Այս տեղեկությունը հայտնեց «Ռոյթերզ» գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Սա սաուդցի լրագրողի սպանության բազմաթիվ վարկածներից մեկն է: Մինչ այդ թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով քննությանը մոտ կանգնած աղբյուրները, հայտնել էին, թե սաուդական թագավորության քննադատին դաժանաբար սպանել են՝ մասնատել: Հանցագործությունը կատարելու համար Էր-Ռիյադից մի քանի ժամով Ստամբուլ են ժամանել մի խումբ սաուդցի պետական ծառայողներ՝ այդ թվում թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի թիկնազորի անդամներ: Սաուդյան իշխանությունները նախ հայտարարել էին, թե տեղեկություններ չունեն Ջամալ Հաշոգիի ճակատագրի մասին, ապա հավաստիացրել, թե լրագրողը հյուպատոսարան մտնելուց քիչ անց հետնամուտքով լքել է շենքը: Անցած շաբաթավերջին Սաուդյան Արաբիան ի վերջո հաստատեց Հաշոգիի մահը, հայտարարելով, սակայն, թե նա սպանվել է ծեծկռտուքի հետևանքով: Ըստ թագավորության պաշտոնական վարկածի՝ հոկտեմբերի 2-ին Հաշոգին ծեծկռտուք է հրահրել հյուպատոսարանում իրեն դիմավորած անձանց հետ, որի ժամանակ սպանվել է: Հաղորդվեց 18 ձերբակալվածի և երկու պաշտոնանկության մասին: Նախօրեին ամերիկյան FOX հեռուստաընկերության հետ զրույցում Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ահմեդ ալ Ջուբեյրը ցավակցություն է հայտնել լրագրողի ընտանիքին և մերձավորներին՝ տեղի ունեցածը որակելով որպես «մեծ սխալ»: «Դա սարսափելի սխալ է, սարսափելի ողբերգություն, ցավակցում ենք նրանք և կիսում ցավը», - ասել է թագավորության դիվանագիտական գերատեսչության ղեկավարը: Ջուբեյրը, ով առ այժմ միակ սաուդցի պաշտոնյան է, որ հրապարակային մեկնաբանում է սաուդական կառավարության կոշտ քննադատի սպանությունը, նաև հավելել է. - «Ցավոք մեծ և լուրջ սխալ է տեղի ունեցել և ես հավաստիացնում եմ, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»: Միջազգային հանրությունը` այդ թվում Եվրամիության անդամ առաջատար երկրները, Միացյալ Նահանգները, Ավստրալիան, Կանադան, շտապեցին հայտարարել, որ բավարարված չեն Սաուդյան Արաբիայի պաշտոնական վարկածից՝ կասկածի տակ դնելով ծեծկռտուքի վարկածը և պահանջելով մանրակրկիտ հետաքննություն անցկացնել և ազնվորեն խոստովանել սպանության բոլոր հանգամանքները: Իսկ Անկարան առ այժմ պաշտոնապես չի մեղադրել Սաուդյան Արաբիային լրագրողի սպանության մեջ, սակայն հայտարարում է, որ ձայնագրություններ և տեսագրություններ ունեն, որոնք փաստում են, որ Ջամալ Հաշոգին սպանվել է հյուպատոսարանում սաուդցի գործակալների կողմից: Միևնույն ժամանակ արևմտյան առաջնորդները չեն շտապում խոսել նավթով հարուստ Սաուդյան Արաբիայի դեմ լուրջ պատժամիջոցների մասին: Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը անցյալ շաբաթ խոստովանել է՝ զենքի մատակարարումները դադարեցնելը կվնասի Նահանգներին: Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը նույնն է կրկնել՝ վաղաժամ համարելով պատժամիջոցների շուրջ խոսակցությունները: Այժմ գլխավոր հարցերից է՝ որտեղ է Հաշոգիի մարմինը: «Ռոյթերզի» տվյալներով սպանությունից հետո նրա մարմինը փաթաթել են կարպետով և դուրս հանել հյուպատոսարանի տարածքից: Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը հայտնում է, որ սաուդական հյուպատոսարանի աշխատակիցները, փորձելով ոչնչացնել լրագրողի սպանության հետքերը, Հաշոգիին արտաքնապես նման մի անձի հագցրել են լրագրողի հագուստը, անգամ կեղծ մորուք կպցրել և դուրս թողել շենքից, որպեսզի հետագայում համոզեն, որ լրագրողը լքել է հյուպատոսարանի շենքը: Թուրքական իշխանությունները պարզել են այդ անձի ինքնությունը՝ նա հյուպատոսարանի աշխատակից Մուստաֆա ալ-Մադինին է: Ջամալ Հաշոգի սպանության պատճառով խոշոր ընկերությունները բոյկոտում են Էր-Ռիյադում մեկնարկող համաժողովը Սաուդցի ընդդիմադիր լրագրողի սպանության շուրջ ծագած սկանդալի ֆոնին Էր-Ռիյադում մեկնարկում է թագավորության թերևս ամենախոշոր տնտեսական միջոցառումներից մեկը՝ «Դավոսն անապատում» տնտեսական համաժողովը: Հոկտեմբերի 2-ին Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում թագավորության կոշտ ընդդիմախոսի սպանության պատճառով տասնյակ համաշխարհային խոշոր ընկերություններ, բարձրաստիճան պաշտոնյաներ, չեղարկել են իրենց այցերը Սաուդյան Արաբիա, հայտնում է «Ազատությունը»: Ըստ թուրքական իշխանությունների, հենց այդ երկրի իշխանություններն են կանգնած լրագրողի դաժան սպանության հետևում։ Սաուդյան Արաբիայի փաստացի առաջնորդ՝ թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի նախաձեռնած համաժողովը բոյկոտել են մի շարք խոշոր բանկեր, լոնդոնյան ֆինանսական բիրժայի գլխավոր տնօրենը, Ford Motor-ի ղեկավարը, Uber-ի, Google-ի ներկայացուցիչները: Մինչդեռ ավելի քան հարյուր միջազգային ներդրողներ մասնակցության հայտ էին ներկայացրել: Իր մասնակցությունը չեղարկել է նաև բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը, ով սաուդյան իշխանությունների հետ քննարկում էր ներդրումային մի շարք նախագծեր, իսկ նրա ընկերություններից մեկն արդեն համագործակցում է Կարմիր ծովի ափին զբոսաշրջության զարգացմանն ուղղված Սաուդյան Արաբիայի նախագծերի հետ: Համաժողովը լուսաբանելու մտադրությունից հրաժարվել են նաև միջազգային առաջատար լրատվամիջոցները՝ The New York Times-ը, CNN-ը, Financial Times-ը, Bloomberg-ը։ Ներդրումային այդ համաժողովին ներկա չի լինի նաև Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը: Միջոցառմանը հրաժարվել են մասնակցել նաև Մեծ Բրիտանիայի առևտրի նախարար Լիամ Ֆոքսը, Ֆրանսիայի ֆինանսական գերատեսչության ղեկավար Բրյունո Լը Մերը: «Ես չեմ մեկնի Էր-Ռիյադ», ասել է ֆրանսիացի պաշտոնյան: - «Մեր երկրի նախագահը հստակ հասկացրել է՝ փաստերը շատ լուրջ են, և մենք ցանկանում ենք իմանալ ճշմարտությունը»: Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ հենց Ֆրանսիայի ղեկավարի ջանքերով հանգուցալուծվեց սաուդյան իշխանությունների մասնակցությամբ ևս մեկ դիվանագիտական սկանդալ, երբ Մուհամեդ բին Սալմանի կառավարությունը փաստացի տնային կալանքի էր ենթարկել օտար պետության ղեկավարի՝ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին՝ ստիպելով նրան հրաժարական տալ: Լիբանանի առաջնորդին հաջողվել է հայրենիք վերադառնալ Էմանյուել Մակրոնի ջանքերի շնորհիվ: Նավթով հարուստ Սաուդյան Արաբիայի կառավարության 33-ամյա ղեկավար Մուհամեդ բին Սալմանն այս համաժողովը կազմակերպում է իր «Տեսլական-2030» հավակնոտ ծրագրի շրջանակում: Իր շարադրած բարեփոխումների շնորհիվ թագաժառանգը նպատակ ունի նվազեցնել երկրի տնտեսության կախվածությունը էներգակիրներից։ Նկատենք, որ Վաշինգտոնում հաստատված սաուդցի հայտնի լրագրողը Ջամալ Հաշոգին, ով թղթակցում էր ամերիկյան առաջատար The Washington Post պարբերականին, իր հոդվածներում հաճախ էր քննադատում թագաժառանգին՝ պնդելով, որ նա ճիշտ բարեփոխումներ է փորձում իրականացնել, սակայն ծայրաստիճան սխալ ճանապարհով՝ ճնշելով ընդդիմախոսներին, զուգահեռաբար թանկարժեք պատերազմ սկսելով Եմենում, որը հանգեցրել է այդ երկրում հումանիտար աղետի: Մետաքսյա Շալունց

դիտվել է 161 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am