Աշխարհի գոյությանը սպառնացող միջուկային պատերազմի սկիզբ. Թրամփի վտանգավոր որոշումը

Մոսկվան «շանտաժ» է որակում Դոնալդ Թրամփի՝ պայմանագիրը վերանայելու մտադրությունը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Ռուսաստանի հետ միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագիրը վերանայելու մտադրության մասին: Թրամփը պնդում է, որ Ռուսաստանը խախտել է այդ պայմանագրի դրույթները, սակայն առանց մանրամասներ նշելու: Պայմանագիրը կոչված է նպաստելու ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների պաշտպանությանը Եվրոպայում և Հեռավոր Արևելքում: Փաստաթուղթը, որը ստորագրվել է 1987 թվականին, արգելում է կողմերին ունենալ ցամաքային տեղակայման բալիստիկ հրթիռներ և 500 - 5․5 հազար կմ գործողության շառավղով թևավոր հրթիռներ։ Կողմերը պարտավորվել էին ոչնչացնել, հետագայում չստեղծել և չփորձարկել ցամաքային տեղակայման միջին և փոքր հեռահարության բոլոր միջմայրացամաքային և թևավոր հրթիռները: Միջին հեռահարությունը 1000-5000 հազար կիլոմետր է, իսկ փոքրը՝ 500-1000: Կողմերը պարտավորվել էին նաև 3 տարում ապամոնտաժել և ոչնչացնել այդ հթիռների արձակման կայանները։ Երեք տասնամյակ շարունակ պայմանագիրը համարվել է միջուկային առճակատումը կանխելու և համաշխարհային կայունությունն ապահովելու հիմքերից մեկը: Ամերիկան Ռուսաստանին մեղադրել է պայմանագիրը խախտելու համար, երբ բացահայտվել է Ռուսաստանում 9M729 կոդային անվանմամբ հրթիռ ստեղծելու ծրագիրը: Ըստ ԱՄՆ-ի, այդ հրթիռի տեխնիկական տվյալները հակասում են պայմանագրին: Ռուսները, մինչդեռ, պնդում են, որ հակասություն չկա: Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ նախագահական աշխատակազմում իրենց աղբյուրները, հաղորդում են, որ Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը իր մոսկովյան այցի ընթացքում այդ մասին կտեղեկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Մոսկվան «շանտաժ» է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ պայմանագիրը վերանայելու մտադրությունը: - «Ռուսաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքները որակել է «մտացածին» և սպառնացել «պատասխան քայլեր ձեռնարկել՝ այդ թվում ռազմա-տեխնիկական բնույթի»: Այսպես, ԱՄՆ-ը լքում է սպառազենի կրճատման ռուս-ամերիկյան պայմանագիրը: Աշխարհը հիշում է հայտնի պատմական կադրերը, երբ 1987թ. դեկտեմբերի 8-ի ԽՍՀՄ և ԱՄՆ նախագահներ Միխայիլ Գորբաչևը և Ռոնալդ Ռեյգանը փոխանակեցին գրիչները, որոնցով կնքել էին միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցած շաբաթ օրը հայտարարեց, որ Վաշինգտոնը դուրս է գալու միջին և փոքր հեռահարության հրթիռների կրճատման ռուս-ամերիկյան պայմանագրից: «Ռուսաստանը խախտում է պայմանագիրը, նրանք տարիներ շարունակ են այն խախտել, չեմ հասկանում, ինչու նախորդ նախագահ Բարաք Օբաման այդ հարցի շուրջ չի բանակցել, կամ դուրս չի եկել պայմանագրից: Մենք ռուսներին թույլ չենք տա խախտել և ստեղծել պայմանագրով արգելված զինատեսակներ», - ասել է Թրամփը: «Մենք ենք այն կողմը, որը հարգել է պայմանագրով ստանձնած պարտավորությունները, իսկ Ռուսաստանը չի հարգել, ուրեմն մենք դուրս ենք գալիս այդ պայմանագրից», ասել է Թրամփը: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն կստեղծի միջին հեռահարության հրթիռներ: Դա, ըստ Թրամփի, տեղի չի ունենա, «եթե ռուսներն ու չինացիները գան ու ասեն, թե իսկապես պետք է կանխել սպառազինությունների մրցավազքը և հրաժարվել այդ հրթիռների ստեղծումից»․ - «Ես շատ երջանիկ կլինեմ այդ դեպքում, բայց քանի դեռ որևէ մեկը խախտում է պայմանագիրը, մենք չենք լինի միակ կողմը, որը դրան հավատարիմ կմնա, կարծում եմ, հասկանում եք մեզ»: Ամերիկյան լրատվամիջոցների պնդմամբ՝ Սպիտակ տան ղեկավարի այդ որոշման գլխավոր պատճառը Ռուսաստանի կողմից Եվրոպայում միջուկային մարտագլխիկներ կրելու ունակ փոքր հեռահարության հրթիռների տեղակայումն է: Նկատենք, որ հրթիռային պայմանագիրը Մոսկվայի կողմից խախտելու մտահոգություններ ուներ նաև ամերիկյան նախկին վարչակազմը: Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբաման, սակայն, հետևելով եվրոպական երկրների ղեկավարների, մասնավորապես՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խորհրդին, հրաժարվել է պայմանագրից դուրս գալու մտադրությունից՝ առաջին հերթին հնարավոր սպառազինությունների մրցավազքից խուսափելու համար: Այսօր Մոսկվայում է նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Նա արդեն հանդիպել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ, զրուցել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Ռուսները պարզաբանումներ են սպասում նրանից: «Այս հարցում ցանկացած գործողությանը կհաջորդի հակագործողություն, որովհետև ռազմավարական կայունությունը միայն հավասարության պայմաններում է լինում և այն անպայման կապահովվի», - ասել է Լավրովը: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը Մոսկվային կստիպի ընդունել պատասխան միջոցներ․ «Մենք կտրականապես հերքում ենք Ռուսաստանին հասցեագրված մեղադրանքը: Ռուսաստանը հավատարիմ էր և մնում է հավատարիմ պայմանագրին»: Թրամփն իր մեկնաբանություններում անդրադարձել է նաև Չինաստանին: Փորձագետների համոզմամբ, չինացիները վերջին տարիների ընթացքում ստեղծել են և արդեն զինված ուժերին են փոխանցել ռուսների և ամերիկացիների սպառազենին չզիջող հրթիռներ: Թրամփի հայտարարությանն այսօր արձագանքել է նաև Պեկինը: «Չինաստանին մեղադրելու և միակողմանի վճիռներ կայացնելու Ամերիկայի որոշումը մեծ սխալ է․ չի կարելի հրաժարվել երկար տարիների աշխատանքի շնորհիվ ձեռք բերված նվաճումից: Շահագրգիռ բոլոր կողմերը պետք է բանակցություններով լուծեն այս հարցը», - ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Հուա Չունյինգը: Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակ Մայա Կոչիյանչիչը ռուսներին և ամերիկացիներին կոչ է արել շարունակել երկխոսությունը և պահպանել պայմանագիրը, որը վճռական նշանակություն ունի Եվրոպայի և ամբողջ աշխարհի անվտանգության համար: Ինչ հետևանքներ կունենա ռուս-ամերիկյան պայմանագրի չեղարկումը Միջին և փոքր հեռահարության հրթիռների կրճատման պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու մտադրությունը մեծ անհանգստություն է առաջացրել ամբողջ աշխարհում: Վաշինգտոնը պնդում է, որ ռուսները տարիներ շարունակ խախտել են պայմանագիրը: Ըստ Վաշինգտոնի, դրա առավել համոզիչ վկայությունը 9M729 կոդային անվամբ ռուսական հրթիռի ստեղծումն է: «Ռուսաստանը պարտավոր է գործել պայմանագրին համաձայն, այլապես ԱՄՆ-ը ստիպված կլինի արձագանքել փաստաթղթի այդ անպարկեշտ անտեսմանը, մեր լծակները դիվանագիտական են և ռազմական, մենք գործելու ենք մեր դաշնակիցների հետ համակարգված: Թող ոչ ոք թյուրիմացության մեջ չլինի՝ տվյալ դեպքում Ռուսաստանը կոպտորեն խախտում է պայմանագիրը, և դա անընդունելի է», - Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի հավաքում դեռ հոկտեմբերի 4-ին ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսը: Թեմային անդրադարձել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը: «Տարիներ շարունակ այդ փաստը հերքելուց հետո ռուսներն ի վերջո խոստովանել են, որ իսկապես ունեն 9M729-ը ստեղծելու ծրագիր: Ռուսաստանն այդ հրթիռի տեխնիկական պարամետրերի մասին ոչ մի տեղեկություն չի հայտնում: Բոլոր դաշնակիցները համաձայն են, որ ռուսները խախտում են պայմանագիրը», - հավաքում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Մոսկվան ասում է, թե այդ մեղադրանքն անհիմն է՝ պնդելով, որ 9M729 հրթիռի տեխնիկական հնարավորությունները չեն հակասում պայմանագրին: «Մենք էլ չենք կարող վստահ լինել, որ Լեհաստանում և Ռումինիայում չկան Tomahawk տեսակի ամերիկյան հրթիռներ», - ասել է ՌԴ ԱԳՆ սպառազինությունների հսկողության բաժնի ղեկավար Վլադիմիր Երմակովը: Եթե Թրամփն իրականացնի սպառնալիքը, ապա դա կլինի առաջին դեպքը, երբ ԱՄՆ-ն դուրս է գալիս սպառազենի հսկողության միջազգային պայմանագրից: Նախագահության երկու տարում Թրամփը չեղարկել է մի շարք պայմանագրեր՝ Կլիմայի միջազգային համաձայնագիրը, Իրանի միջուկային գործարքը, պնդել է, որ Կանադայի և Մեքսիկայի հետ ստորագրվի ազատ առևտրի մասին նոր համաձայնություն, սակայն սպառազենի կրճատումն անձեռնմխելի է եղել: Թրամփը նշել է, որ Ամերիկան չի ստեղծի միջին և փոքր հեռահարության նոր հրթիռներ միայն այն դեպքում, եթե նույն կերպ վարվեն ռուսներն ու չինացիները: Ի դեպ, որոշ փորձագետներ համոզված են, որ Վաշինգտոնին անհանգստացնում է ոչ միայն և գուցե ոչ այնքան ռուսների նոր հրթիռը, որքան Չինաստանի և Իրանի հետզհետե կատարելագործվող հրթիռները, որոնք ընդհանրապես որևէ պայմանագրում ներառված չեն: Առավել հոռետես վերլուծաբանները չեն բացառում, որ միջին և փոքր հեռահարության հրթիռների կրճատման պայմանագրի չեղարկումից հետո վտանգը կսպառնա ուժի մեջ մնացած միակ հիմնարար համաձայնությանը՝ ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրին, որի առաջին տարբերակը ստորագրվել է 1991-ին, իսկ երկրորդը՝ 2010-ին: Այսինքն՝ ամբողջ աշխարհում անխուսափելիորեն կսկսվի սպառազինությունների մրցավազք, և էապես կաճի Երկիր մոլորակի գոյությանը սպառնացող միջուկային պատերազմի վտանգը: Գորբաչովը քննադատում է Թրամփի որոշումը Միխայիլ Գորբաչովը սխալ է համարում «սառը պատերազմի» տարիներին կնքված ռուս-ամերիկյան պայմանագիրը լքելու մասին Սպիտակ տան ղեկավարի հայտարարությունը: Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահը շեշտել է՝ Դոնալդ Թրամփի այդ որոշումը կարող է փոխել աշխարհում միջուկային զինաթափման քաղաքականությունը: «Որևէ կերպ չի կարելի խզել զինաթափման մասին հին համաձայնագրերը: Մի՞թե դժվար է հասկանալ, որ այդ համաձայնությունից հրաժարվելը, ինչպես ժողովուրդն է ասում, շատ խելք ունենալու արդյունք չէ: Պայմանագրից հրաժարվելը սխալ է», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալության հետ զրույցում պնդել է ավելի քան երեք տասնամյակ առաջ այդ փաստաթուղթը ստորագրած Գորբաչովը և կոչ արել համաշխարհային առաջնորդներին չաջակցել պայմանագրից դուրս գալու Վաշինգտոնի որոշմանը: «Միջուկային զինաթափմանը և միջուկային զենքի սահմանափակմանն ուղղված բոլոր համաձայնագրերը պետք է պահպանել հանուն Երկրի վրա կյանքի պահպանման», - հավելել է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 159 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am