Տնտեսագետ. «Առանց տնտեսական սպառնալիքների դեմ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու հնարավոր չէ տնտեսություն զարգացնել»

«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ 2019թ. պետբյուջեն անցումային շրջանի համար բավական զուսպ, բայց իրատեսական է: Այս կարծիքին է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, ում կարծիքով 2019թ. բյուջեն ոչ միայն կարող է կատարվել, այլև հաջողության դեպքում կրկնապատկել նախատեսվող տնտեսական աճը: Հաջորդ տարվա բյուջեով 4,9 տոկոս տնտեսական աճ է նախատեսվում:

«Եթե բանիմաց և պրոֆեսիոնալ թիմ լինի կառավարությունում և հատկապես տնտեսական բլոկում, այդ աճը առնվազն կարող է կրկնապատկվել: Հաջողության դեպքում ասելով՝ հենց սա նկատի ունեմ»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց տնտեսագետը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019թ. բյուջեն նախկին կառավարության բյուջեի ուրվականն էր համարել ու նշել, որ այն պետք է լրջագույն փոփոխությունների ենթարկվի: Դիտարկմանն ու հարցին, թե այս ամիսները որքանո՞վ էին բավարար այդ «ուրվականից» ազատվելու համար, և ինչի՞ արդյունքում է հնարավոր այդ բյուջեում առաջիկայում փոխություններ անել, տնտեսագետը պատասխանեց. «Խնդիրը կարող է լուծվել այն դեպքում, երբ մենք կունենանք որակապես նոր և մրցունակ տնտեսություն: Չեմ կարծում, թե նախորդ կառավարությունները լուրջ վերաբերմունք են ունեցել պետբյուջեի նկատմամբ: Հիմնականում մտածել են՝ ինչպե՞ս բաշխել տարբեր ճյուղերի միջև, որ այն ավելի բավարարի հնարավոր ծախսերը: Թեև հիմա կա ծրագրային բյուջետավորման մոտեցում, բայց, ընդհանուր առմամբ, բյուջեն, մնալով գլխավոր ֆինանսական փաստաթուղթ, դեռ չի ներկայացնում ծրագիր: Իմ համոզմամբ՝ բյուջեն պետք է տնտեսության զարգացման ծրագիր լինի՝ մեկ տարվա կտրվածքով, որը պետք է բխի տնտեսական ռազմավարությունից և, ընդհանրապես, ռազմավարությունից: Այս առումով անելիքները շատ են: Չի կարելի նոր կառավարությունից անմիջապես շեշտակի փոփոխություններ ակնկալել, որովհետև այն ժամանակատար գործընթաց է»: Նա նշեց, որ խոսքը թե՛ ՀՆԱ–ի կառուցվածքի, թե՛ նաև դիվերսիֆիկացիայի փոփոխության մասին է. «Այն չպետք է կախված լինի առանձին ճյուղերից, ինչպես այս պահին է, երբ կա որոշակի կախվածություն հանքարդյունաբերությունից: Մի քիչ ավելի նվազ չափով, բայց կա նաև կախվածություն խաղատների եկամուտներից, ինչի առումով փոփոխություններ են կատարվելու: Բայց արմատական խնդիրներ լուծելու համար պետք է հիմնավոր տնտեսական քաղաքականություն ունենանք»:
Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ թեպետ տարբեր ոլորտներում բազմաթիվ անելիքներ կան, բայց կարևոր է տնտեսական անվտանգության ապահովումը: «Պետք է նախանշել ու տեսնել, թե որո՞նք են այն սպառնալիքները, որոնք պետք է վնասազերծել կամ գոնե նվազեցնել, ըստ որի էլ կկարողանանք զարգացման մասին մտածել: Հնարավոր չէ տնտեսություն զարգացնել առանց տնտեսական սպառնալիքների դեմ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու: Պետք է ճանաչել երկիրը՝ ռեսուրսների հաշվառում պետք է իրականացվի, ինչն էլ թույլ կտա իրատեսական ծրագիր մշակել: Կարևորագույն սպառնալիքներից մեկը հենց կոռուպցիան է, հաջորդը ստվերային տնտեսությունն է, որոնց դեմ լրջագույն պայքար է տարվում: Ցանկալի է, որ այդ պայքարը շարունակական լինի: Որքանով պայքարը հաջողվի, եկամտային մասը կավելանա: Իհարկե, նշվածը շատ կարևոր է, բայց զուգահեռ պետք է մտածենք, թե ի՞նչ արժեք ենք ստեղծում և ինչպիսի՞ ուղիներ կան տնտեսության մեջ նաև առանձին ոլորտների ու ձեռնարկությունների մրցունակությունը բարձրացնելու համար»,–ասաց նա:
Անդրադառնալով առկա արդյունքներին՝ տնտեսագետը խոսեց վստահության ցուցանիշից, որը կա հեղափոխությունից հետո: Օրինակ բերելով՝ նշեց. «Միայն 2018թ. ավանդներն աճել են գրեթե 110 մլրդ դրամով՝ սեպտեմբեր ամիսը ներառյալ: Օգոստոսի վերջի դրությամբ այդ ցուցանիշը 106,5 մլրդ դրամ էր: Մայիսից այսկողմ դրական միտումները շարունակվում են. այդ ցուցանիշն ամբողջությամբ կազմում է մոտ 2 տրիլիոն 800 մլրդ դրամ, ինչը բավականին լուրջ ցուցանիշ է: Եղել են մարդիկ, ովքեր հեղափոխության առաջին փուլում դուրս են բերել իրենց ավանդները, բայց մի քանի օր հետո նորից վերականգնել են: Ավանդատուների տոկոսային եկամուտների վերաբերյալ որոշ թվեր բերեմ. 2017թ. 125 մլրդ դրամ է կազմել՝ ամբողջ տարվա ընթացքում, իսկ 2018թ. գրեթե 80 մլրդ՝ 8 ամիսների համար: Եթե այս միտումը շարունակվի, մենք առնվազն կունենանք այն ցուցանիշը, որը եղել է նախորդ տարի, իհարկե, եթե ոչ ավելին»: Թաթուլ Մանասերյանը շեշտեց, որ շատ կարևոր է ադեկվատ և համարժեք գնահատել իրողությունները՝ հատկապես փորձագետների կողմից: «Ակնկալիքների և սպասումների առումով տնտեսությունն ու ֆինանսական հատվածը բավականին զգայուն են: Եթե բացասական սպասումներ ենք ձևավորում, ինքներս մեզ ենք վնաս տալիս, որովհետև, եթե վիճակն ապակայունացվի, որևէ մեկը չի շահի դրանից, եթե, իհարկե, չի փորձում չարախնդալ: Վերջերս խոսվել էր այն մասին, թե ԿԲ–ն պահուստներից բավականին մեծ վաճառք է կատարել, և հասնելու ենք անգամ արժութային ճգնաժամի: Որպես տնտեսագետ՝ սիրում եմ գործ ունենալ թվերի հետ, և թվերը հետևյալի մասին են վկայում. ՀՀ միջազգային պահուստների մակարդակը 2018թ. օգոստոսի վերջին տվյալներով 2 մլրդ ԱՄՆ դոլարից ավելին է: Տարեսկզբից նվազումը կազմել է 244 մլրդ դոլար: Իսկ ինչի՞ վրա է ծախսվել այն: Գիտենք, որ մենք ունենք արտաքին պարտք, որը պետք է սպասարկել, և այն միջազգային պահուստներից է սպասարկվում: Իսկ երբ առևտրային բանկերի կամ այլ ֆինանսական կազմակերպությունների թղթակցային հաշիվների մնացորդները նվազում են, դրանք համալրվում են միջազգային պահուստներից»,– նշեց տնտեսագետը՝ հավելելով, որ մի կարևոր հանգամանք է արձանագրել: «ԿԲ–ն շուկայից գնել է 44 մլն ԱՄՆ դոլար: Ես նման բան չեմ հիշում: Սա խոսում է այն մասին, որ կա գնելու հնարավորություն, և ոչ թե վաճառելու՝ ազգային արժույթը պահելու համար: Բարեբախտաբար, մեր ազգային արժույթը վերջին 4 տարիների ընթացքում բավականին կայուն է, ինչը չի կարելի ասել, օրինակ, ռուբլու, վրացական լարիի և հետխորհրդային տարածքում առկա մյուս արժույթների մասին: Դրանք 2015թ.–ից ոչ միայն արժեզրկվել են, այլև գերարժեզրկվել, իսկ հայկական դրամը կայունությունը պահպանել է, ինչն այդքան էլ հեշտ չէ: Սա այն բանի շնորհիվ է, որ ունենք փոքր տնտեսություն. ճիշտ է, ասում ենք, որ մրցունակության բավարար մակարդակ չունենք, բայց մեր տնտեությունն ավելի դիվերսիֆիկացված է: ՌԴ տնտեսությունը երկու ճյուղերից՝ նավթից ու գազից կախվածություն ունի: Մեկ–երկու ճյուղից նման կախվածություն մենք չունենք, և արտարժույթի ներհոսքը բնական ֆոն է ապահվում, որ ազգային դրամը կայուն մնա»,–հավելեց տնտեսագետը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am