Ինչու է խուզարկվել «Yerevan.today»-ի խմբագրությունը. քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Ստեղծվել է քննչական խումբ, և օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները՝ երկու իրավապահ մարմինների ղեկավարների հեռախոսազրույցը գաղտնի ձայնագրելու և տարածելու եղանակը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա` վարույթն իրականացնող մարմինը, օրենքով սահմանված կարգով, միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ 6 տարբեր հասցեներում, որոնցից մեկը եղել է նաև «Yerevan.today» տեղեկատվական հարթակի խմբագրությունը, խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ, որոնք բավարարվել են, և քննչական-օպերատիվ խումբը, դատարանի համապատասխան որոշումների հիման վրա, իրականացրել է նախատեսված խուզարկությունները, որոնց վերաբերյալ մամուլում հնչել են տարաբնույթ մեկնաբանություններ։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ևս մեկ անգամ արձանագրում ենք, որ խմբագրությունում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությունը որևէ առնչություն չի ունեցել և չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ, այլ բացառապես ուղղված է` ապահովելու քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը:
ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը երաշխավորում է կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, որը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև` առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու, ինչպես նաև` մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը: Քննչական կոմիտեն հարգանքով է վերաբերում ԶԼՄ-ների ազատությանը, կարևորում դրա իրացումն ապահովող անհրաժեշտ կառուցակարգերի պահպանումը և իր գործողություններով որևէ կերպ չի խոչընդոտել ու խոչընդոտում լրատվամիջոցին՝ որևէ տեղեկատվություն տարածելուն, որպիսի պայմաններում առնվազն տարօրինակ է օրենքով սահմանված կարգով իրականացված դատավարական և քննչական գործողությունը դիտարկել որպես լրատվամիջոցին «լռեցնելու» փորձ, ինչը որևէ աղերս չունի իրականության հետ։ ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածն ամրագրում է նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունքը։ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում լայն տարածում է ստացել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որը, ինչպես պարզվեց, իրականացվել է ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ, ինչի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։ Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի (նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը) և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը) հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։ ՀՀ Սահմանադրության 178-րդ հոդվածն ամրագրում է, որ քննչական մարմիններն օրենքով սահմանված դեպքերում և կարգով կազմակերպում և իրականացնում են մինչդատական քրեական վարույթը: Գործելով ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված գործառույթների շրջանակներում՝ նախաքննական մարմինը քննություն է իրականացնում՝ պարզելու, թե ով և ինչ եղանակով է կատարել երկու իրավապահ մարմինների ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնի ձայնագրառումը, ինչպես և՝ ով է այն տարածել, ինչպես նաև՝ քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք այլ հանգամանքներ։ Ձայնագրությունը «www.youtube.com» ինտերնետային հարթակում տեղադրվել է սեպտեմբերի 5-ին, որը սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում լայն տարածում է ստացել օրեր անց՝ սեպտեմբերի 11-ին։ Սակայն, Google որոնողական համակարգի համաձայն, սեպտեմբերի 9-ին նշված ձայնագրությունը տեղադրվել է «Yerevan.today» տեղեկատվական հարթակում, ապա կարճ ժամանակ անց հեռացվել, ինչը դարձվել է քննության առարկա։ «Yerevan.Today» կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը խուզարկության ժամանակ հայտարարել է, որ տեղի ունեցածը Google որոնողական համակարգի սխալի արդյունք է, ինչի ուղղությամբ ևս քննություն է տարվում։ Նախաքննական մարմինը պարտավոր է միջոցներ ձեռնարկել՝ հանցագործության բացահայտման համար նշանակություն ունեցող ցանկացած տեղեկատվություն ստուգելու համար, հետևապես տեսանյութը, ըստ Google որոնողական համակարգի, «Yerevan.Today» կայքում երկու օր առաջ տեղադրված լինելու հանգամանքը ենթակա է ճշտման՝ քրեական գործի քննության շրջանակներում համապատասխան դատավարական գործողությունների միջոցով։ Այդ նպատակով՝ խուզարկության արդյունքում խմբագրությունում առկա բազմաթիվ համակարգիչներից առգրավվել է միայն այն համակարգիչը, որով տվյալ նյութը դրվել է կայքում, ևս 3 համակարգչի հիշողության կրիչ ու նշանակվել դատահամակարգչատեխնիկական փորձաքննություն: Փորձաքննության եզրակացության արդյունքներն անհրաժեշտության դեպքում կհրապարակվեն, եթե դրանով չխախտվի օրենքով պաշտպանվող գաղտնիքը կամ այլ անձանց իրավունքները և չառարկվի խմբագրության կողմից։ Կարծում ենք, որ կայքի խմբագիրը ևս պետք է շահագրգիռ լինի նշված հանգամանքի՝ օրենքով սահմանված կարգով պարզաբանման համար, մինչդեռ շտապել է ոչ իրավական ու էթիկայից դուրս գնահատականներ տալ նախաքննական մարմնի՝ սահմանադրական իր գործառույթների իրականացմանը՝ աղավաղելով փաստական հանգամանքները։ Այսպես՝ – «Yerevan.Today» կայքի խմբագրությունում խուզարկությունը կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների պահպանմամբ՝ դատարանի որոշմամբ և ոչ թե՝ համացանցում տարածված տեղեկատվության հիման վրա, ինչպես ներկայացնում է խմբագիրը: – Խուզարկությանը մասնակցել են կայքի գլխավոր խմբագիր Ս.Հակոբյանը և վերջինիս կողմից հրավիրված երկու փաստաբաններ: – Անհիմն ու մտացածին է խմբագրի այն հայտարարությունը, թե վարույթն իրականացնող մարմնի գործողություններն ուղղված են լրագրողական գործունեության խոչընդոտմանը: Խուզարկության արդյունքներով, ինչպես նշել ենք, առգրավվել է ընդամենը մեկ համակարգիչ և հիշողության 3 կրիչ՝ փորձաքննություն նշանակելու համար։ Նմանատիպ հանցագործությունների քննության առանձնահատկություններով պայմանավորված, քրեագիտությամբ առաջարկվող մեթոդիկայի համաձայն՝ համակարգչի առգրավումն անհրաժեշտություն է։ Խուզարկության պահին խմբագրությունում եղել են նաև այլ համակարգիչներ, և դատավարական գործողության ավարտից հետո կայքը շարունակել է իր բնականոն գործունեությունը։ Ավելին՝ խմբագրությանը չի արգելվել հիշողության կրիչներից վերցնել իրենց անհրաժեշտ տեղեկատվության օրինակները՝ լրագրողական գործունեությունն անխափան շարունակելու համար։ Ժողովրդավարական հասարակությունում էապես կարևորվում է տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու գործում մամուլի դերը, սակայն միաժամանակ ուզում ենք տեղեկացնել, որ ժողովրդավարական հասարակությունում էապես կարևորվում է նաև արդարադատության շահը, վարույթի մասնակիցների պաշտպանությունը։ Ուստի՝ կոչ ենք անում լրատվամիջոցին երկակի մոտեցում չկիրառել և հարգանքով վերաբերվել սահմանադրական իրավունքների հավասարակշռված պաշտպանությանը։

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Նիկոլ, առաջիկայում կվայելես քթից հանելու ուղիղ սպառնալիքի ողջ «հաճույքը» (տեսանյութեր)... Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը. Ղալիբաֆ Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ Դանիելյան Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Արցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայությունները Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» ՔՊ-ն փակ նիստ է գումարում Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան Կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է․ Արամ Վարդևանյան Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ Խիստ հատկանշական է, որ հանդիպումը եղել է կառավարությունում․ Հակոբ Բադալյան Մերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտե Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ «Նոր Ադրբեջան»-ը դժգոհություն է հայտնել Էրդողանի խորհրդականի՝ Ադրբեջանի մասին հայտարարություններից Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելն անօրինական ճանաչելու որոշումը բողոքարկվել է Հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են․ բացահայտում ԿԺԴՀ-ն կշարունակի uպառազինությունների մշակումն ու կատարելագործումը. Կիմ Չեն Ըն «Այդ փողը ինչո՞ւ չուղղել արցախցիների բնակարանային կարիքներին, թե՞ արցախցիների թեման հարմար բացատրություն է արտաքին վարկ ներգրավելու համար». Հակոբ Բադալյան Արարատի մարզում բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am