Վտանգավոր դարուփոսեր. «Գազ տալու» ու բոլորին նեղացնելու արվեստը

Մոսկվայում օրերս կայացած Փաշինյան-Պուտին բանակցությունների ավարտին ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի կողմից արտաքին քաղաքական ուղղությամբ որոշ հայտարարություններ առանձին դիտարկման առիթ են: Առաջին, թերևս, սենսացիոն հայտարարությունը վերաբերում է Հայաստանում ամերիկյան բիոլաբորատորիաների թեմային: Լրագրողը հարցնում է, թե Մոսկվային անհանգստացնում է հետխորհրդային երկրներում ԱՄՆ ներկայության ցանկացած ձև: Մասնավորապես, բիոլաբորատորիաները, որոնք այսօր ամերիկյան փողերով բացվել են Հայաստանում, Ղազախստանում, Վրաստանում և Ուկրաինայում: «Ես լսել եմ, որ հայկական կողմի հետ Ռուսաստանը քննարկում է ռուս փորձագետների՝ այդ լաբորատորիաներ մուտքի հնարավորությունը: Մոսկվան, դա ֆանտաստիկա է հնչում թե ոչ, կարծում է, որ այնտեղ կարող է տեղեկատվություն կուտակվել տարբեր վիրուսների, շտամմերի մասին, և դա ինչ-որ կերպ կարող է օգտագործվել ինչ-որ մեկի դեմ: Այս ուղղությամբ Հայաստանը պատրա՞ստ է առաջ շարժվել», հարցնում է «Կոմերսանտի» լրագրողը: Փաշինյանը պատասխանում է, թե «արդեն առաջ ենք շարժվել» ու հավելում, որ բառացիորեն 10-15 օր առաջ իր հանձնարարությամբ թույլատրվել է ռուս փորձագետների մուտքը այդ լաբորատորիաներ: Նրանք ներս մտե՞լ են, հարցնում է լրագրողը: «Իհարկե: Եվ ընդհանրապես, նրանք ընդհանրապես մուտք գործելու խնդիր չեն ունեցել և չեն ունենա այն պահից սկսած, երբ ես դարձել եմ Հայաստանի վարչապետ: Այդ լաբորատորիան լիարժեք կերպով գտնվում են Հայաստանի իշխանությունների վերահսկողության տակ: Մենք պատրաստ ենք համագործակցության, և արդեն ռուս մասնագետներն այնտեղ եղել են և համոզվել, որ այնտեղ՝ այդ լաբորատորիաներում, ոչ մի սարսափելի բան չկա: Իհարկե, դրանք շատ լավ որակի լաբորատորիաներ են: Ես կարծում եմ՝ շատ լավ է, որ մենք ունենք որակյալ լաբորատորիաներ: Դա որևէ կերպ չի կարող օգտագործվել Ռուսաստանի դեմ: Ընդհակառակը, մենք հրավիրում ենք ռուս մասնագետներին և պատրաստ ենք քննարկել այդ լաբորատորիաների համատեղ օգտագործման հարցը: Նրանք այնտեղ արդեն եղել են, և եթե նորից ցանկանան, սահմանափակումներ չեն լինի»: Ռուսական կողմին ազատորեն մուտք ապահովելով այդ բիոլաբորատորիաներ, Փաշինյանն, իհարկե, ցույց է տվել, թե որքան անկաշկանդ նա կարող է գործել ԱՄՆ-ին վերաբերող հարցերում՝ Ռուսաստանին չզայրացնելու համար: Բայց մի հարց կա՝ իսկ ամերիկյան կողմին այդ քայլը, որքանո՞վ դուր կգա, կամ նրանք երրորդ երկրների ներկայացուցիչների «այցելություններին» ինչպե՞ս են առհասարակ վերաբերվում: Հաջորդ գրեթե սենսացիոն թեման «Ռուսական երկաթուղիների» հայկական «դուստր» ընկերությունում իրականացված աղմկահարույց խուզարկություններին է վերաբերում: Փաշինյանը հարցազրույցում ասում է, որ խոսել է Պուտինի հետ այդ թեմայով. «Ես պատմել եմ՝ ինչ է տեղի ունեցել, ինչու է տեղի ունեցել: Կարող եմ ասել, որ այդ հարցում ես, Հայաստանի կառավարությունը վայելում է Ռուսաստանի նախագահի լիարժեք աջակցությունը: Քանի որ ակնհայտ է, որ Ռուսաստանի նախագահը մեծապես շահագրգռված է կոռուպցիայի դեմ պայքարում: Մենք կհամագործակցենք նաև այդ ոլորտում, և այլ ոլորտներում, որպեսզի Հայաստանում գործող ռուսական ընկերություններում չարաշահումներ չլինեն: Մենք պայմանավորվել ենք, որ այն ինչ վերաբերում է օրինականությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ոչ մի կերպ չի կարող մեկնաբանվել որպես հակառուսական գործունեություն»: Իսկ հարցին՝ ի՞նչ չափի կոռուպցիա կար «Ռուսական երկաթուղիներ»-ում, լրագրողը ճշտում է, թե չէր վճարել 19 հազար դոլար հարկ: «Ոչ, այդպես չէ: Այնտեղ, ըստ նախնական տեղեկությունների, կա մոտ 60 մլն դոլարի չարաշահում», հայտնում է Նիկոլ Փաշինյանը, և հավելում, որ քանի որ քննչական մարմինները քննում են իրավիճակը, և մոտ ապագայում կլինի պաշտոնական տեղեկատվություն, «Այն, ինչ ես ասում եմ, կարող է համարվել պաշտոնական տեղեկատվություն: Իսկ այդ չարաշահումներն իրականացրել են միայն Հայաստանի՞ քաղաքացիները, թե՞ նաև Ռուսաստանի: «Դա չեմ կարող ասել. դա քննության հարցն է: Կլինի քննություն: Կարող եմ ասել, որ մենք այդ հարցում որևէ տարաձայնություն չունենք Ռուսաստանի նախագահի հետ»: Այստեղ խնդիրն այն չէ, որ ՀՀ իրավապահները որոշել են ստուգումներ իրականացնել, այլ այն, թե ինչպես են դա իրականացրել, խնդիրը՝ ձևի մեջ է, իսկ ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ դիմակավորված ձևով են ներխուժել ընկերություն ու ստուգումներ իրականացրել: Հաջորդ ուշագրավ թեման, իհարկե, վերաբերում է ՀԱՊԿ-ին: Պուտինի հետ բանակցություններից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ այդ կազմակերպության անդամ երկրների ղեկավարները պետք է դեռ որոշեն, թե որ երկրի ներկայացուցիչն է լինելու գլխավոր քարտուղարը: Այս անգամ, «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում Փաշինյանը ավելի կոշտ հայտարարություն է արել՝ ասելով, թե կարևոր չէ գլխավոր քարտուղարի ազգանունը՝ այդ պաշտոնը պետք է զբաղեցնի Հայաստանի ներկայացուցիչը: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը կամ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու մասին վերջին շրջանում ծավալված քննարկումներին, Նիկոլ Փաշինյանն ասել է․ - «Առանց Հայաստանի համաձայնության Ադրբեջանը չի կարող անդամակցել ՀԱՊԿ-ին, և եթե Բաքուն նման ցանկություն ունի, պետք է փորձի կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»: Լրագրողը փորձել է ճշտել, թե նշել եք, որ այնքան էլ բավարարված չեք ՀԱՊԿ-ում աշխատանքով կամ փոխգործակցությամբ, ի՞նչ նկատի  ունեիք, ի՞նչն այն չէ: «Կա մի պարզ հարց: Ի՞նչ պարտավորություններ ունեն ՀԱՊԿ անդամները միմյանց և կազմակերպության նկատմամբ, և ի՞նչ կոնկրետ պարտավորություններ ունի կազմակերպությունը անդամ-պետությունների նկատմամբ, հարցին հարցով է պատասխանել Փաշինյանը: Լրագրողը ճշտել է՝ թե մինչև վերջ պարզ չէ՞ Փաշինյանի համար: «Կարծում եմ՝ ոչ մեկի համար մինչև վերջ պարզ չէ: Կարծում եմ, որ մենք ունենք ընդհանուր նպատակ՝ բարձրացնել ՀԱՊԿ արդյունավետության մակարդակը: Եկեք չմոռանանք, որ դա նաև մեր կազմակերպությունն է, հավաքական կազմակերպություն: Պետք չէ մտածել, որ որևէ մեկն այնտեղ ավելի շատ է մտածում մեր հեղինակության մասին, մյուսն էլ չի մտածում կամ նրա համար թանկ չէ այդ կազմակերպության հեղինակությունը: Կարող եմ Ձեզ երաշխավորել, որ Հայաստանի համար դա շատ ու շատ կարևոր կազմակերպություն է: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի այն լինի իսկապես արդյունավետ»: Իսկ հարցին՝ եթե Ադրբեջանի հետ պատերազմ սկսվի, Դուք դրա մասին շատ եք խոսում, ՀԱՊԿ-ը այդ դեպքում օգնության գալի՞ս է Հայաստանին, թե՞ ոչ: «Այո, ՀԱՊԿ-ը պետք է օգնության գա: Եվ մենք պետք է մեխանիզմներ ստեղծենք, որպեսզի դա իրականում տեղի ունենա: Պայմանագրի էությունը դա է: Բայց անհրաժեշտ է մեխանիզմներ զարգացնել և երաշխիքներ ստեղծել, որ իրականում տեղի կունենա այն, ինչ ստորագրված է պայմանագրում: Մեզ համար դա շատ կարևոր հարց է»: Փաստացի, Փաշինյանը ՀԱՊԿ-ից նոր ակնկալիքների վերաբերյալ նոր պահանջ է բարձրացնում՝ ասելով, որ ՀԱՊԿ անդամ պետությունները պետք է օգնեն Հայաստանին, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, բացի այդ միաժամանակ շեշտում, որ ՀԱՊԿ-ի գործունեությունն արդյունավետ չէ: Եթե այս ամենին էլ գումարենք նաև վերջերս լայնորեն քննարկվող Սիրիային հումանիտար համատեղ օգնություն ցուցաբերելու նախաձեռնության շուրջ խոսակցությունները, ապա կարելի է ասել Հայաստանն իր արտաքին քաղաքական ուղղություններով բավական վտանգավոր «փոսերով» է քայլում: ՀՀ դրոշի ներքո Հայաստանի ԶՈՒ օգտագործումը սիրիական հակամարտության մեջ, Հայաստանի անվտանգության համար կարող է վտանգավոր լինել, այս մասին արդեն հնչել են մի շարք մտահոգություններ, եթե նույնիսկ դրանք լինեն ԶՈՒ մաս կազմող սակրավորները, զինվորական բժիշկները, կամ ինժեներները: Արդյոք դա չի նշանակի՞, որ Հայաստանն այսուհետ սիրիական խնդրում այլևս չեզոքություն չի ցուցաբերում և ուղիղ մտնում է ռուսական ազդեցության գոտի: Թամար Բագրատունի

դիտվել է 194 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am