Արցախ, երկու պատերազմներ, աշխարհաքաղաքական շահեր. ինչու՞ Մերկելն այցելեց Հարավային Կովկաս
Երեկվանից մեկնարկեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի տարածաշրջանային այցը Հարավային Կովկաս: Ողջ աշխարհի փորձագետների, լրատվամիջոցների ուշադրության առանցքում է այս այցը: Պարզ է բոլորին, որ տարածաշրջանային այցով Գերմանիայի կանցլերը ցուցադրում է այն կարևորությունը, որն իր երկիրն ունի Հարավային Կովկասի երկրների նկատմամբ: Այսպես, պարզենք, թե ինչ Մերկելի այցով՝ առանձին երկրներից ինչ սպասումներ ու ակնկալիքներ ունի Գերմանիան: Սկսենք Վրաստանից: Երեկ Մերկելն այցելեց Վրաստան՝ առաջին անգամ 10 տարվա մեջ: Մինչ այս նա Վրաստանում եղել է ընդամենը մեկ անգամ՝ 2008թ.՝ ռուս-վրացական պատերազմի ավարտից հետո: Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունից նշել են, որ այս այցը նվիրված է «երկկողմ հարաբերություններին և տնտեսական կապերին, ինչպես նաև եվրոպական և արտաքին քաղաքականության հարցերին»: Վրացի քաղաքական գործիչները չեն թաքցնում իրենց ոգևորությունը Մերկելի այցի նկատմամբ: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի խոսքով՝ այս այցը ցույց է տալիս երկու պետությունների գործակցության բարձր մակարդակը, և այն «Վրաստանին աջակցություն ցուցաբերելու հստակ ազդանշան է»: Վրաստանում Մերկելը հանդիպել է ոչ միայն իշխանությունների, այլև ընդդիմության ներկայացուցիչների հետ: Մերկելի այցի նախօրեին Վրաստանի ընդդիմադիրները դժգոհություն էին հայտնել, որ օգոստոսի 18-ին Ռուսաստանի նախագահի հետ ունեցած երեք ժամանոց հանդիպման ընթացքում Գերմանիայի կանցլերը Վրաստանի հարցը չէր բարձրացրել: Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկանիանին դրանից հետո հայտարարել էր, որ Մերկելի այցը Վրաստան Պուտինի հետ հանդիպումից մի քանի օր հետո «հիմքեր է տալիս պնդելու, որ Վրաստանը միշտ եղել է և ապագայում էլ կլինի կարևորագույն ուղղություններից մեկը` Ռուսաստանի և Գերմանիայի միջև բանակցությունների օրակարգում»: «10 տարի առաջ ես վճռականորեն պահանջեցի դուրս բերել ռուսական զորքը և տասը տարի անց ես կրկին աջակցում եմ Վրաստանի տարածքային ամբողջականությանը», - երեկ Թբիլիսիում այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: «Ես ուրախ եմ, որ այսօր գտնվում եմ Վրաստանում, վերջին անգամ ես այստեղ հյուրընկալվել եմ ուղիղ տասը տարի առաջ . Այն ժամանակ ստորագրվեց հրադադարի մասին համաձայնագիրը: Մենք մեր ներդրումը կունենանք այդ հակամարտության կարգավորման հարցում», ասել է կանցլերը, ինչպես նկատում են վրացական լրատվամիջոցները՝ խուսափելով արտաբերել պաշտոնական Թբիլիսիի կողմից կիրառվող տերմինները՝ այդ թվում նաև օկուպացիա բառը: Լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք անցյալ շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպման ընթացքում ինչ-որ կերպ քննարկել է ռուսական օկուպացիայի հարցը, Գերմանիայի կանցլերը պատասխանել է. - «Ռուսաստանի նախագահը տեղյակ է այդ հարցում իմ դիրքորոշման մասին՝ այդ թվում Ուկրաինայի հետ կապված: Նույն սցենարն է: Ցավոք՝ քիչ բան է արվում, որպեսզի այդ մեծ անարդարությունը անցյալում մնա»: Նկատենք, որ Միացյալ Նահանգները խստորեն քննադատում է Գերմանիայի իշխանություններին «Հյուսիսային հոսք-1» գազատարի համար, որով ռուսական գազը պետք է հասնի Գերմանիա: Արևմտյան վերլուծաբանները նշում են, որ Գերմանիան շահագրգռված է «Հարավային գազատարի» կառուցմամբ, որը ադրբեջանական էներգառեսուրսները Թուրքիայով հասցնում է Եվրոպա՝ այդպիսով նվազեցնելով Եվրամիության երկրների էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից: Gazeta.ru-ի հետ զրույցում Հումանիտար-քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետ Վլադիմիր Բրուտերն ասում է, որ երկու հանդիպումների միջև կարճ ժամկետն ավելի շուտ պատահականություն է: «Քանի որ Գերմանիայում դեռ չի սկսվել քաղաքական ակտիվ շրջանը, Մերկելը դեռ որոշ ժամանակ ունի այցերի և հանդիպումների համար: Իսկ ահա մեկ ամիս հետո Հարավային Կովկաս ժամանելը Մերկելի համար արդեն ավելի բարդ կլիներ, հենց դրա համար էլ ընտրվել է օգոստոսի վերջը»,- ասում է փորձագետը: Վրաստանի և Գերմանիայի հարաբերությունները մթագնում է ոչ միայն Գերմանիայի դժկամությունը՝ ճնշում գործադրել Մոսկվայի վրա, այլև Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության թեման: Մերկելը վերջին տասը տարում Վրաստանի հաշվին ՆԱՏՕ-ի ընդլայնման ամենասուր հակառակորդներից մեկն է: «Ինչ-որ ձևով այս թեման ամեն դեպքում կբարձրացվի բանակցություններում,- ասում է Բրուտերը:- Բայց Մերկելը կոչ կանի զսպվածություն ցուցաբերել և որոշակի զգուշավորություն: Պետք է հասկանալ, որ Գերմանիային ձեռնտու չէ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Դա որոշակիորեն կխարխլի Գերմանիայի և Ռուսաստանի հարաբերությունները, ինչը, բնականաբար, Բեռլինը չէր ցանկանա»,- ասում է նա: Հայաստան այցը՝ նախ Մերկել-Փաշինյան ծանոթության սկիզբ է: Գերմանիայի կանցլերը կլինի Երևանում այսօր: Ըստ aravot.am-ի՝ ծրագրով նախատեսվում են բանակցություններ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ծրագրվում է հանդիպում նաև երկրի նախագահ Արմեն Սարգսյանի հետ, ինչպես նաև այց Ծիծեռնակաբերդ: Որևէ այլ մանրամասներ սպասվող բանակցությունների մասին չեն հաղորդվում: Միանգամայն հնարավոր է, որ դա պայմանավորված է նրանով, որ այցի մասին պայմանավորվածություն ձեռք էր բերվել դեռևս նախորդ ղեկավարի՝ Սերժ Սարգսյանի օրոք: Մերկելի այցը հետաքրքիր է դարձնում այն հանգամանքը, որ հուլիսին ՆԱՏՕ-ի շրջանակում Փաշինյանի հետ նրա նախորդ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետը հանդես եկավ Եվրամիությանը քննադատող ելույթով: Այդ ժամանակ Փաշինյանը դժգոհում էր, որ Եվրոպայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ այնքան էլ հասկանալի չէ: Այս հայտարարության համատեքստում Գերմանիայի կանցլերը կարող է հանդիպել Հայաստանի ղեկավարի հետ՝ նրա մասին վերջնական տպավորություն կազմելու համար: «Մերկելին հետաքրքիր է տեսնել՝ արդյոք այստեղ ամեն ինչ նույնն է, ինչպես նախկինում, արդյոք Հայաստանը չի փոխել դիրքորոշումը հեղափոխությունից հետո: Թե՞ ինչ-որ բան փոխվել է Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո»,- ասում է Բրուտերը: Բացի այդ, փորձագետները կարծում են, որ ամենայն հավանականությամբ, բանակցություններում կբարձրացվի նաև ղարաբաղյան հակամարտության հարցը: «Հայաստանը Ռուսաստանի մերձավոր դաշնակիցն է՝ և՛ ռազմական, և՛ տնտեսական: Մերկելը գնում է ոչ միայն որպես գերմանացի, այլև որպես եվրոպացի քաղաքական գործիչ, որը ներկայացնում է առաջին հերթին Բրյուսելի, հետո միայն Գերմանիայի շահերը: Եվ, իհարկե, Մերկելը շահագրգռված է, որպեսզի և՛ Եվրամիությունը, և՛ Գերմանիան մասնակցեն ղարաբաղյան հակամարտության լուծմանը»,- ասում է ՌԴ գիտությունների ակադեմիայի՝ Եվրոպայի գերմանական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Վլադիսլավ Բելովը: «Ես կարծում եմ, որ Մերկելը ևս մեկ անգամ կկրկնի ընդհանուր բանաձևերը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Բնական է, որ այդ բանաձևերը, ի տարբերություն շատ ուրիշների, հիմա չգիտես որտեղ են գտնվում: Եվ, հետևաբար, նրան հարգանքով կլսեն և կկրկնեն հայտնի պատասխաններ»,- իր հերթին ասում է Բրուտերը: Այս այցն, անկասկած Հայաստան-ԵՄ փոխհարաբերություններում Գերմանիայի որոշիչ դերի և հայաստանյան հեռանկարների առումով խիստ կարևոր է: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Երևան կատարվելիք այցի ընթացքում մեծ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի դերակատարությանը և եվրոպական արժեքներին աջակցությանը, գրում է Deutsche Welle-ն: Գերմանիան պետք է Հայաստանին ազդանշան ուղարկի առ այն, որ «մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք սկսված փոփոխությունների գործընթացին, քանի որ դրանք ուղղված են եվրոպական նորմերին»,- Deutsche Welle-ի հետ զրույցում ասել է բեռլինյան «Գիտություն և քաղաքականություն» հիմնադրամի գիտաշխատող Ուվե Հալբախը՝ բնորոշելով Մերկելի գլխավոր առաջադրանքը Երևանում: Առաջադրանքն այնքան էլ հեշտ չէ՝ աջակցել Հայաստանին դեպի եվրոպական արժեքները ճանապարհին և դրանով չսադրել Մոսկվային: Երևան կատարվող այցը մեծ նշանակություն կունենա նաև Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների համատեքստում: Անգելա Մերկելը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակին: Երբ 2016թ. Գերմանիայի Բունդեսթագը Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունները բնորոշեց որպես ցեղասպանություն, դա հանգեցրեց Անկարայի հետ սուր վեճի: Հետևաբար, պետք է ուշադիր հետևել՝ արդյոք Մերկելը Երևանում կարտաբերի «ցեղասպանություն» բառը: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այստեղ ուշադրությամբ հետևում են Մերկելի՝ Հարավային Կովկաս այցին: Թուրքական «Հյուրիյեթը» գրում է, որ Մերկելը Երևանում հանդիպելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ, ինչպես նաև այցելելու է 1915թ. զոհերի հուշահամալիր: Պարբերականը հարց է տալիս՝ արդյո՞ք Մերկելը Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ կարտաբերի «ցեղասպանություն» բառը: Հիշեցնենք, որ 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը գրեթե միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև՝ 1915թ. իրադարձությունները որակելով որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Պաշտոնական Անկարան խիստ արձագանքեց դրան՝ գերմանացի օրենսդիրների որոշումը բնութագրելով որպես «պատմական սխալ», որը վնաս կհասցնի թուրք-գերմանական հարաբերություններին: Թուրքիան հայտարարեց, թե այդ որոշումն իրավական ոչ մի ուժ չունի: Օրեր անց թուրքական իշխանությունները հայտարարեցին, թե արգելելու են գերմանացի խորհրդարանականների մուտքը «Ինջիրլիք» ռազմակայան, որտեղ մոտ 250 գերմանացի զինծառայողներից բաղկացած զորախումբ է տեղակայված: Պաշտոնական Բեռլինն էլ, ի պատասխան, սկսեց դիտարկել իր զինվորներին Թուրքիայից դուրս բերելու հարցը: Մետաքսյա Շալունց