«Վահրամ Բաղդասարյանն ու ՀՀԿ-ն, փաստորեն, «սեր և հանդուրժողականություն» են պահանջում հանցագործների նկատմամբ». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Օրվա խնդիրը նոր իշխանություններին արտոնությունների նկատմամբ «սեր և հանդուրժողականություն» թույլ չտալն է. Երեկ ՀՀԿ-ի Վահրամ Բաղդասարյանն ասում էր, որ հոգնել են միմյանց հաջորդող քրեական բացահայտումներից, որ թերևս իմաստ ունի ընդմիջում տալ, հանգստանալ, և որ այս ամենի մեջ կորչում է հեղափոխության «սերն ու հանդուրժողականությունը»: Ես չգիտեմ, թե Վահրամ Բաղդասարյանը ՀՀԿ-ի՝ հիմա արդեն համարյա օրինականացված թևերից որի՝ «քաղաքակա՞ն», թե «գործարար» թևն է ներկայացնում, և նրա այս դիտարկումը թևերից որի հոգնածության մասին է խոսում, գուցե հոգնել են «երկու թևերն» էլ, բայց այս հոգնածությունը, հավանաբար, նվազեցնում է իրավիճակը ռեալ գնահատելու նրանց հնարավորությունները: ՀՀԿ-ն դեռ որևէ կերպ չի արտահայտվել այն մասին, թե իրենց կողմից ղեկավարվող Հայաստանում ինչպես էր հնարավոր այս խորության և ծավալի հանցավորություն: Նրանք դեռ «զարմանում են», և զարմանալը նրանց «փրկում է» պատասխանատվությունից: Դե ինչ անեն այս մարդիկ՝ նրանք «չգիտեին»: «Չիմանալով»՝ նրանք մեր երկրում հիմա արդեն բարձրաձայն բացահայտվող քրեական հովանավորության ողջ պատասխանատվությունը դնում են «միակ և անկրկնելի» Սերժ Սարգսյանի վրա՝ հավանաբար թաքուն հույսեր փայփայելով, որ իրենք ջրից չոր դուրս կգան: Սա, իհարկե, սովորական, դարերով փորձարկված և քննություն բռնած դավաճանության տեսակներից մեկն է: Ինչպես միասին երկիրը թալանելով դավաճանում էին մեր հայրենիքին, մեր հասարակությանը, այդպես էլ հիմա գործնական թալանից և հանցագործությունների շղթայից բանավոր խոսքով ինքնօտարվելով՝ դավաճանում են իրենց տանիքին: Ինչն իրականում միայն հաստատում է մարդկային արատավոր հարաբերությունների օրինաչափությունը: Իսկ գլխավոր «արդարադատը», ով ՀՀ արդարադատության թե տեսաբանն էր, թե քաղաքականության մշակողը, թե գործադիրը, թե խորհրդատուն, թե մեկնաբանը, թե բոլորիս «բացատրողը» անմեղ աչուկներով շարունակում է խորհուրդներ տալ մի կողմից ՀՀԿ-ին, մյուս կողմից նոր իշխանություններին՝ «տագնապելով» երկրի արդարադատության համար (!!!!): Արդարադատության (!!!!): Իր իշխանության շրջանում չէր տագնապում, լավ գիտեր «արդարադատության» գինը և սիրում, փայփայում ու հանդուրժում էր այն: Իշխանության կրքի բավարարումից և «փող, շատ փող»-ից, «պալատ, շատ պալատներ»-ից զատ այդ գնի մեջ էր մտնում նաև երեկ ԱԱԾ-ի բնութագրած «ցոփ ու շվայտ» կյանքը, կոպիտ ասած՝ խաղամոլությունը, նարկոմանիան, կրակելու, սպանելու, վիրավորելու, խփելու, ենթարկելու իրավունքը: Նույնիսկ գողացածն ու թալանածն այս կերպ մսխելն է տարօրինակ՝ սրանում երջանկություն, կյանքի, ապրելու ուրախություն կա՞: Այդ «արդարադատության» գնի մեջ ոչ մի կերպ չէր տեղավորվում մարդու բնական առաքելությունը»՝ արարումը: Հեղափոխության «սերն ու հանդուրժողականությունը» նրանք յուրովի են հասկանում՝ «սեր և հանդուրժողականություն», ներողամտություն հանցագործների և հանցագործությունների նկատմամբ: Մոռանալով, ինչպես միշտ, որ պետական հովանավորությամբ հանցագործությունը տեսություն չէ, շատ գործնական իրողություն է, ինչի հետևանքով Հայաստանը զրկվել է անտառներից, ոռոգման ջրից, անապատանում է, երեսուն տարի շարունակ մեր երկրի բնակչության կեսից ավելին աղքատացել, տգիտացել, անգրագիտացել, խեղճացել, նվաստացել են, երկիրն ու մարդկանց հոգիներն ամայացել են, երկիրն արյունաքամ է եղել արատագաղթից, անիրավությունից, պատվի պակասից, դեֆորմացվել է Հայաստանի ծայրահեղ բևեռացված բնակչության ողջ հասարկական կյանքը: Հեղափոխությունում «սեր և հանդուրժողականություն» փնտրող Վահրամ Բաղդասարյանը և «այս ամենից» հոգնած ՀՀԿ-ն փաստորեն «սեր և հանդուրժողականություն» են պահանջում հանցագործությունների ու հանցագործների նկատմամբ: Գուցե նա (նրանք) իրավացի՞ է, գուցե հանցագործությունների ու հանցագործների նկատմամբ սերն ու հանդուրժողականությունը կսթափեցնի՞ նրանց, գուցե այդ սիրո մթնոլոտում նրանք կտեսնե՞ն, թե ինչի են հասցրել մեր երկիրն ու հասարակությունը: Եվ ի՞նչ կհաջորդի սրան՝ հանցագործը իր կամքով կդառնա՞ օրինավոր քաղաքացի, գործատուն կհարգի՞ աշխատողի շահերը, պլանտատորը կկիսի՞ ոռոգման ջուրը սակավահող գյուղացու հետ, կանհետնա՞ն ցուպիկները կաթնամթերք մշակողների արտադրանքից, ուսուցչի աշխատավարձը կբարձրանա՞: Գուցե: Գուցե այո, բայց միայն այն դեպքում, երբ բացվեն բոլոր խաղաքարտերը, երբ իշխանությունն իրացրածները/փաստացի ինքնիրավչությամբ իշխանությունը յուրացրածները կամավոր խոստովանեն, որ այո, երկիրն իրենք են հասցրել ամայացման, որ երկրի փոխարեն իրենց են տեսել, իրենց են մարդ համարել, որ երկիրը ընդամենը ռեսուրս են գնահատել, կամավոր հրաժարվեն...և, իհարկե, չխանգարեն: Չխանգարեն երկրում օրինական հարաբերությունների կառուցմանը և մարդու արժանապատվության վերականգնմանը: Այսպիսի բան լինու՞մ է: Առանց կոշտ լծակների կիրառման արտոնյալնեը արտոնություններից հրաժարվու՞մ են: «Սիրում և հանդուրժու՞մ են» միմյանց և ոչ միայն միմյանց: Թվում է օրվա խնդիրը նոր իշխանություններին արտոնությունների նկատմամբ «սեր և հանդուրժողականություն» թույլ չտալն է: Սա էլ է սիրո և հանդուրժողականության մշակույթի մաս»:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
«Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին Հայտնի են առաջին երեք տասնյակ թեկնածուները Իրանը երբեք մենակ չի թողնի լիբանանցի քույրերին ու եղբայրներին. Փեզեշքիան «Արծվի թևերի» մոտ 4 մեքենա է բախվել․ կա 4 վիրավnր Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են զոհված զինծառայողների մարմիններով Երվանդ Քոչար փողոցում մի խումբ քաղաքացիներ հնչեցրել են հայհոյանքներ, ապա իրենց դիտողություն արած երիտասարդին ծեծել են Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Հաստատվել է «Առաջարկ Հայաստան»-ի նախընտրական ցանկը Սուրբ Հովհաննես եկեղեցի կտեղափոխվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի Մասունքարանը Եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ, չեմ միանա. Ծառուկյան Գագիկ Ծառուկյանը կգլխավորի ԲՀԿ-ի ընտրական ցուցակը Ծառուկյանը՝ Լուկաշենկոյի մասին Իրավունքի ժխտողականության, նիհիլիզմի օրինակ է այն ամենն, ինչ կատարվում է Մայր Աթոռի դեմ․ փաստաբան Թուրքիան ջրի պաշարների լուրջ խնդիր ունի. զեկույց Միքայել սրբազանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը հասնում է խոշտանգման. հայտարարություն Այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն ընդհանուր իրադրությունն անկանխատեսելի է. Գանտահարյան Գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին 18 արդարների գործով դատական նիստին մարդիկ «հրաժարվում են» 18 անգամ լսել «մեղադրանքի» նույն տեքստը Վերին Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար 18 ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է ուղեղի ցնցում Հանրապետականը կամ Հայրենիք կուսակցությունը Թաթոյանից վա՞տն են, որ չեն մասնակցում ընտրություններին (video) Հայաստանի Gallup-ն ուղղակի ասոցիացիա է, նրանց թվերին մի՛ նայեք. Թովմասյան (video) Բագրատ Սրբազանին և իր աջակիցներին կալանավորեցին,որ «միջանցքը» ԱՄՆ-ում հանձներ Ալիևին․Արթուր Սարգսյան (video) Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես այնտեղ չեմ եղել, դե քննե՛ք. Բագրատ Սրբազանը նեղը գցեց դատախազներին (video) «Էս դժոխքի վերջը ե՞րբ է գալու»․ շիրակցիները՝ «Հայաստան» դաշինքի անդամներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am