Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից
Բրազիլական Սերիա Ա-ի 32-րդ տուրի՝ «Սանթոս» - «Բաիա» հանդիպումը (1:1) նշանավորվել է արտասովոր և սկանդալային միջադեպով. տանտերերի աստղային հարձակվող Նեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքի ափով բերանը փակած մրցակցի հետ խոսելու համար։
«Վիլա Բելմիրո» մարզադաշտում կայացած խաղի 46-րդ րոպեին Նեյմարը վիճաբանել է «Բաիայի» կիսապաշտպան Ռոդրիգո Նեստորի հետ՝ խոսելու պահին ձեռքով փակելով բերանը։ Նեստորն անմիջապես բողոքել է մրցավարին, ինչից հետո «Սանթոսի» 10 համարը կարմիր քարտ է ստացել։ Բանն այն է, որ ռասիզմի դեմ պայքարի շրջանակում ընդունված նոր կանոնակարգով ֆուտբոլիստներին խստիվ արգելվում է խաղադաշտում շփվելիս փակել բերանը։
Խաղից հետո Նեյմարը սոցիալական ցանցերում կոշտ հայտարարությամբ է հանդես եկել՝ մեղադրելով Նեստորին հակառասիստական օրենքը շահարկելու և ստորության դիմելու մեջ, քանի որ դրվագում ռասայական բնույթի որևէ վիրավորանք չի եղել։
«Այն, ինչ այսօր իմ հանդեպ արեց Նեստորը, ես շատ լուրջ երևույթ եմ համարում։ Ինչո՞ւ. որովհետև սա ռասիզմի դեմ պայքարի համար ստեղծված օրենք է, իսկ նա որոշեց խաղային օգուտ քաղել այն բանից, որ ես պարզապես ձեռքով փակեցի բերանս և նույնիսկ չհասցրի նրան որևէ բան ասել։ Ակնհայտ է, որ մենք վիրավորում էինք միմյանց, սուր խոսքեր փոխանակում, բայց դա նորմալ է, դա ֆուտբոլի մի մասն է։ Սակայն եթե սա ռասիզմի դեմ ուղղված օրենք է, ինչպե՞ս նա կարող էր նման բան անել։ Սա անհավատալի է, ինձ շատ տխրեցրեց տեղի ունեցածը, քանի որ դա չափազանց ստոր քայլ էր», — նշել է բրազիլացին։
Նեյմարն անդրադարձել է նաև ընդմիջմանը մրցակցի տված հարցազրույցին՝ նրան մեղադրելով սիմուլյացիայի և կեղծավորության մեջ.
«Տեսա նրա հարցազրույցը, որտեղ ասում էր, թե ես հայհոյել եմ, և ինքը չի կարող կրկնել այդ խոսքերը, քանի որ երեխաներ են դիտում… Եղբա՛յր, նա սիմուլյացիայի դիմեց։ Ես գնդակով հարվածեցի նրա գոտկատեղին, իսկ նա ձեռքերով բռնեց դեմքը։ Եվ նա դեռ ուզում է օրինա՞կ ծառայել, խոսում է դաստիարակության մասի՞ն… Եղբա՛յր, ես նույնպես դաստիարակություն ունեմ։ Եվ ևս մեկ բան. ես տղամարդ եմ։ Այն, ինչ դու արեցիր, չի կարելի անել ոչ ոքի հանդեպ»։
Եզրափակելով իր խոսքը՝ «Սանթոսի» հարձակվողը զգուշացում է հղել օրենքի հեղինակներին.
«Իսկ նրանք, ովքեր ստեղծել են այս օրենքը, թող զգույշ լինեն։ Զգուշացե՛ք, որովհետև կարող է նման ստորություն տեղի ունենալ և կրկնվել այն, ինչ պատահեց ինձ հետ։ Հիմա գնում եմ տուն՝ մաքուր խղճով և հանգիստ գլխով», — Նեյմարի խոսքերն է մեջբերում UOL պարբերականը։
Աղբյուրը`ArmSport.am
