Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է
Չնայած դատարանը կաթողիկոսի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին, և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին, մեղավոր է ճանաչել, նրանց պատժաչափը դեռ հայտնի չէ։ «Ազատության» փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստը հետաձգվեց։
«Հաշվի առնելով, որ դատավճիռ կայացնելու համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ համապատասխան փաստական տվյալների, ապացուցյների վերլուծություն և դատկան ակտ կազմելու համար, դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել», — հայտարարեց դատարանը:
Դատարանը հայր և որդի Ներսիսյաններին մեղավոր է ճանաչել Ոսկեհատ բնակավայրում նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու համար: Այդ արարքի համար օրենքով նախատեսված է 3-ից 6 տարի ժամկետով ազատազրկում։
Ներսիսյանների փաստաբանն այսօր առաջարկեց Գևորգ Ներսիսյանի նկատմամբ կիրառել նվազագույն պատիժ և այն պայմանականորեն չկիրառել, սահմանել փորձաշրջան, իսկ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ, եթե դատարանը կհամարի, որ ռեցիդիվ է, վերջնական պատիժ կիրառել 4 տարի 3 ամիս ժամկետով, կրկին սահմանել փորձաշրջան (հանցագործությունների ռեցիդիվ է համարվում դիտավորությամբ հանցանք կատարելն այն անձի կողմից, ով դատվածություն ունի նախկինում դիտավորությամբ կատարված հանցանքի համար):
Հանրային մեղադրողը նախորդ դատական նիստի ժամանակ միջնորդել էր Գևորգ Ներսիսյանի նկատմամբ որպես պատիժ կիրառել ազատազրկումը՝ 3 տարի 6 ամիս ժամկետով: Համբարձում Ներսիսյանի նկատմամբ մեղադրող կողմը պահանջել է որպես պատիժ նշանակել ազատազրկումը՝ 4 տարի 6 ամիս ժամկետով, միևնույն ժամանակ, նշված պատժին գումարել նախորդ վարույթով պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին դատավճռի չկրած մասը՝ դատավճիռների համակցությամբ վերջնական պատիժ նշանակել 7 տարի 6 ամիս ժամկետով։
Քննչական կոմիտեի պնդմամբ՝ հայր և որդի Ներսիսյանները 2025-ի նոյեմբերի 1-ին խոչընդոտել են Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի նոյեմբերի 16-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների նախընտրական քարոզչությունը Ոսկեհատում, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով պահանջել են հեռանալ:
Ներսիսյանների փաստաբանն այսօր ևս պնդեց, որ իր պաշտպանյալները մեղքը չեն ընդունում: Նա ավելի վաղ հարուցված քրեական գործը որակել էր անհիմն ու շինծու:
Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին։
