62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում
ՀՀ պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ կհատկացվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Գումարի մեծ մասը՝ 40 մլն 544 հազար դրամը, նախատեսվում է ուղղել արտասահմանյան գործուղումներին, իսկ 21 մլն 640 հազար 700 դրամը՝ պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավմանը։
Միաժամանակ, առաջարկվում է պետբյուջեով հասարակական կազմակերպություններին աջակցելու համար նախատեսված 41 մլն 813 հազար դրամը վերաբաշխել և ուղղել վարչապետի աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերին ու հավելավճարներին։
Որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ աշխատավարձերի համար լրացուցիչ գումարի անհրաժեշտություն է առաջացել պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման արդյունքներով աշխատակիցների խրախուսման, ինչպես նաև 2026 թվականի հուլիս-օգոստոսին Կառավարության կազմի փոփոխությունների հետևանքով։ Դրանց արդյունքում աշխատակազմում եղել են աշխատակիցների ընդունումներ և ազատումներ, իսկ կատարողականի գնահատման հիմքով խրախուսումները հանգեցրել են աշխատակիցների միջին ամսական աշխատավարձի բարձրացման։
Հիմնավորման մեջ նշվում է, որ հասարակական կազմակերպություններին աջակցելու համար նախատեսված միջոցների օգտագործման անհրաժեշտություն չի առաջացել, և այդ միջոցառման շրջանակում պայմանագրեր չեն կնքվել։
Այդ պատճառով առաջարկվում է 41 մլն 813 հազար դրամը չօգտագործված ծրագրից տեղափոխել աշխատավարձերի և հավելավճարների հոդված։
Այսպիսով, նախագծով նախատեսվում է երկու ֆինանսական փոփոխություն՝ 41.8 մլն դրամի վերաբաշխում աշխատավարձերի համար և 62.2 մլն դրամի լրացուցիչ հատկացում վարչապետի աշխատակազմի ծախսերը հոգալու նպատակով։
