ԱՄՆ փոխնախագահի այցի «մթնոլորտային» նրբերանգները, «վենսացավն» ու անկումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Երեկ պաշտոնական այցով Հայաստան ժամանեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, իսկ այսօր արդեն նա Երևանից կմեկնի Ադրբեջան՝ Բաքվում Ալիևի հետ հանդիպման ու քննարկումների: Վենսի այցը, արժե նկատել, առնվազն Երևանում որոշակի աժիոտաժային մթնոլորտ էր ձևավորել, չնայած անցած տասնամյակներում Հայաստանը ոչ մեկ խոշոր տերության ղեկավարների է բարեհաջող հյուրընկալել և ճանապարհել: Ճիշտ է, կոնկրետ Միացյալ Նահանգների առումով փոխնախագահ Վենսը ամերիկյան ամենաբարձրաստիճան գործիչն է, որ ժամանել է Հայաստան, բայց ԱՄՆ փախնախագահի այցի հետ կապված «ուղեկից» տեղեկությունների տարափը իսկապես «աղմկոտ» էր:

Ջեյ Դի Վենսի այս այցի և դրա հնարավոր հետևանքների հետ կապված մանրամասնություններին անդրադառնալու առիթներ, անշուշտ, առաջիկայում դեռ ունենալու ենք: Ամբողջական՝ Երևան-Բաքու երեքուկես օրվա այցից հետ: Իսկ մինչ այդ ոչ պակաս ուշագրավ են Միացյալ Նահանգների երիտասարդ փոխնախագահի բուն այցն ինքնին ու այդ այցի հետ կապված սպասումները:

Առաջինն, ինչ միանգամից ուշադրություն գրավեց, հասարակական-քաղաքական շրջանակներին համակած, եթե կարելի է այդպես ասել՝ «վենսացավն» էր: Սկսվեց ԱՄՆ փոխնախագահին ուղղված դիմումների, նամակների, հորդորների, խնդրանքների շարք, եթե չասվի՝ տարափ: Հարկավ, մի կողմից՝ դա որոշ հեգնական արձագանքի գայթակղություն է առաջացնում, և կարող են լինել նման ընկալումներ: Բայց դա միայն մակերեսային մոտեցման դեպքում: Իրականում այս երևույթն ունի մի շարք նրբերանգներ, որոնք արժե դիտարկել ավելի հանգամանորեն:

Նախ՝ իրականության մեջ մեր հասարակական, քաղաքական միջավայրը նոր չէ, որ այդպիսին է դարձել: Նախկինում էլ, երբ որևէ խոշոր տերության ղեկավար, լինի դա Ռուսաստանը, Ֆրանսիան կամ մեկ այլ երկիր, գալիս էր Հայաստան, էլի ամենատարբեր շրջանակներ որոշակի հարցերով նրանց դիմելու մղումներ էին դրսևորում: Դա, առհասարակ, նորմալ է: Բայց մեր իրականության պարագայում հարցն այն է, որ չենք դադարում ամեն ինչը օտար երկրի կամ գերտերության որևէ պաշտոնյայի հետ կապել: Այ, հիմա նրան կդիմենք այս կամ այն հարցով, նա կասի՝ «օ-քեյ», և ամեն ինչ լավ կլինի: Սա՝ ընդհանուր առմամբ:

Մյուս հատկանշական հանգամանքն այն է, որ առկա վիճակում իսկապես էլ ԱՄՆ փոխնախագահին դիմելու հարցեր կան: Առավել ևս, երբ ԱՄՆ-ն, ի դեմս Վենսի ու երկրի ղեկավար Դոնալդ Թրամփի, դիրքավորվել է որպես հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորող, խաղաղություն հաստատող, գրեթե՝ «խաղաղության աղավնի»: Գումարած՝ «Թրամփի ուղի»-«թուրանական միջանցքի» պարագան, որի շահառուի դերում նույն ԱՄՆ-ն է՝ TRIPP-ի շահագործման ընկերության 2/3 բաժնեմասով:

Իսկ հարցերն առավել քան էական են: Առաջինը՝ Ալիևի ռեժիմի կողմից ապօրինի գերված և պատանդի վիճակում պահվող հայերն են, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Այն հայ գործիչները, որոնց նախօրեին Բաքվի դատարանը դատապարտեց 15 տարույց մինչև ցմահ ազատազրկման՝ թատերական «դատավարությունից» հետո: Իսկ էլ ո՞ւմ կարող էին դիմել Հայաստանի ու հայ քաղաքական, հասարակական, նաև հոգևոր գործիչները, եթե ոչ հենց ԱՄՆ փոխնախագահին, որպեսզի միջնորդի, որ Ալիևը ազատ արձակի պատանդառված հայերին:

Առհասարակ, դա Հայաստանի իշխանության, Հայաստանի կառավարության պարտականությունը, պարտքն ու հանձնառությունն է: Բայց եթե Նիկոլ Փաշինյանը ոչ մի տարբերակով այդ հարցերին չի անդրադառնում, եթե նա գերադասում է Ալիևի հետ «եղբայրական» մրցանակ ստանալ և ծպտուն չհանել պատանդառված հայերի ու նրանց ճակատագրի մասին, բնականաբար, մնում է դիմել «կարգավորման» վկա պետության՝ ԱՄՆ-ի ղեկավարությանը: Իսկ փոխնախագահ Վենսի այցից ավելի հարմար առիթ դրա համար դժվար է պատկերացնել:

Երկրորդ խումբ հարցերը, որ ուղղվում են ԱՄՆ փոխնախագահ Վենսին, կարելի է ասել, որ նույնիսկ ամոթալի են, բայց փաշինյանական ռեժիմը այլ տարբերակ չի էլ թողել: Խոսքը Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների, առհասարակ՝ Եկեղեցու դեմ գործադիր իշխանության կողմից իրականացվող համակարգված ռեպրեսիաների, ճնշումների ու հալածանքների մասին է, ներառյալ՝ եպիսկոպոսների հանիրավի ու զանգվածային կալանավորումները, զանգվածաբար բարձրաստիճան հոգևորականների, այդ թվում՝ Կաթողիկոսի դեմ քրեական վարույթ նախաձեռնելն ու ազատ տեղաշարժից զրկելը, Հայ առաքելական եկեղեցու ներքին, ինքնավար խնդիրներին պետության կողմից կոպտորեն և ուժային ճնշումներով միջամտելու բացահայտ դրսևորումները:

Երրորդ խումբ հարցերն արդեն վերաբերում են Հայաստանում փաշինյանական ռեժիմի իշխանության պայմաններում հատկապես վերջին տարիներին հստակ արձանագրվող հակաժողովրդավարական զարգացումներին: Արևմուտքում ձևացնում են, թե Հայաստանում դեռևս ժողովրդավարություն է, մինչդեռ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը ինտենսիվորեն գործում են ավտորիտար մոտեցումներով, ընկղմվել են հակաօրինական «բեսպրեդելի» մեջ, տոտալ հետապնդումներ են ընդդիմադիրների, այլախոհների, իշխանությունների հանդեպ քննադատական կամ մերժողական տրամադրված մարդկանց, քաղաքական ուժերի, հասարակական շրջանակների, հաճախ նաև՝ պարզապես սովորական քաղաքացիների դեմ: Եվ եթե կա հնարավորություն, որ դրա մասին տեղեկանա այդ իշխանության հետ գործակցող ԱՄՆ փոխնախագահը, ապա պետք է օգտվել առիթից ու նրան ներկայացնել «այլընտրանքային տեղեկատվություն»՝ առկա իրականության վերաբերյալ:

Պարզ է, որ Վենսը, որպես ԱՄՆ փոխնախագահ, բազմաթիվ այլ աղբյուրներ ունի՝ Հայաստանում առկա իրավիճակի մասին քիչ թե շատ օբյեկտիվ պատկերացում կազմելու համար, բայց հասարակական և քաղաքական շրջանակների կողմից չլռելն առնվազն արդարացված է: Այստեղ հատուկ նշենք, որ խոսքը հիմնական ակտորների մասին է, որոնց խոսքը կարող է տեղ հասնել, այլ ոչ այն մասին, որ գրեթե յուրաքանչյուր երրորդ հայաստանցին որոշել էր գրել «նամակ ամերիկացոց փոխթագավորին», կարծես Վենսն այդ բոլոր նամակները կարդալու էր:

Եվ էլի մի նրբերանգ՝ թերևս ամենից տխուրն ու ողբերգականը: Գիտեք, 10 տարի առաջ, եթե ԱՄՆ փոխնախագահ ժամաներ Հայաստան, ապա նրան ուղղված հիմնական հարցերն ու հորդորները, ամենայն հավանականությամբ, կլինեին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու մասին, Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելու մասին, Հայաստանին ժամանակակից զինատեսակներ տրամադրելու մասին: Իսկ այսօր ԱՄՆ փոխնախագահին հայկական շրջանակները դիմում են... մեր գերիներին Ադրբեջանից բերելու աղաչանքներով, խնդրանքներով, Արցախի հայության վերադարձի իրավունքի մասին խոսելու խնդրանքներով: Ի՞նչ է սա, եթե ոչ հենց ողբերգություն: Առաջ պահանջող էինք, հիմա խնդրարկու: Սա՝ պարզապես, որպեսզի հասկանալի լինի, թե փաշինյանական իշխանության հետևանքով ինչ աստիճանի ենք ընկել ու ցած գլորվել:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

դիտվել է 212 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am