Ամեն ինչ չափ ու սահման ունի. մի՛ փորձեք առնվազն ինքներդ ձեզ խաբել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համարեք ներքոշարադրյալը բաց նամակ, եղբայրական հորդոր կամ բարեկամական խոսք: Այն ուղղված է ձեզ, իրավապահ համակարգում ծառայողնե՛ր, ոստիկաննե՛ր, դատախազնե՛ր, քննիչնե՛ր, դատավորնե՛ր: Եթե ունեք նշված համակարգերում աշխատող զավակ, ծնող, հարազատ, սանիկ, բարեկամ, ընկեր, ապա կարդացեք նրանց համար, փոխանցեք նրանց:

Տողերիս հեղինակի համար բարդ է ընդունել, որ կան մարդիկ, որոնք խղճի դեմ արված որևէ արարք արդարացնելու համար ասում են՝ «տուն ենք պահում», «երեխա ենք պահում»: Այնուհանդերձ, մե՜ծ դժվարությամբ, բայց ինչ-որ տեղ կարելի է հասկանալ աշխատանք, փող, պաշտոն, «տուն պահել» (չնայած, կրկնեմ՝ դժվար է):

Չենք արդարացնում, բայց հասկանալ հնարավոր է: Համենայն դեպս, հասկացողներ, դրության մեջ մտնողներ կան: Մեծ հաշվով, բոլորն անխտիր չեն կարող Դանկո լինել: Դանկոները հատուկենտ են լինում:

ԲԱՅՑ…

Պարոնա՛յք, տիկնա՛յք իրավապահներ, դատավորներ, դատախազներ ու քննիչներ, ոչինչ չարժե նրան, որ կորցնեք ամոթի, մարդուն որպես մարդ բնութագրող բոլոր հատկանիշները: Գրոշի արժեք չունի հնարավոր ու անհնար «կարմիր գծերը» հատելը:

Ավելին, նույնիսկ ստրկամտությունը, ծառայամտությունն ու հաճկատարությունը կարող են սահմաններ ունենալ: Հասկանո՞ւմ եք: Մի նետեք ինքներդ ձեզ անդունդը: Մի՛ հատեք մարդ մնալու անդառնալիության կետը:

Մի քիչ առանձնացեք, մի փոքր խորհեք: Ինքներդ ձեզ հետ: Կանգնեք հայելու դիմաց ու նայեք ձեր արտացոլանքին, եթե այն դեռ արտապատկերվում է:

Մի քիչ զրուցեք… ձեր խղճի հետ: Քնից հանեք (խիղճներդ) ու մի քիչ զրուցեք: Ոչինչ, որ խռոված է, նույնիսկ՝ ավելի լավ, որ խռոված է, դա ձեր մարդկային ու հոգևոր կենդանության նշանն է: Մի՛ կտրեք բարակած այդ լարը:

Իզուր մի՛ փորձեք ձեզ համոզել, թե դուք ճիշտ բան եք անում, թե կարևոր բան եք անում:

Մի՛ համոզեք ձեզ, որ ճիշտ եք անում, որ հայ հոգևորականների դեմ քրեական վարույթ եք նախաձեռնում: Մի՛ փորձեք ինքներդ ձեզ խաբել, թե հոգևորականները, որոնց դեմ քրեական վարույթ եք նախաձեռնում, իսկապես ինչ-որ ապօրինի բան են արել: Ինքնախաբեությունը վատագույնն է բոլոր խաբեությունների շարքում:

Լավ, գոնե ձեր իրավաբանական գիտելիքներն իրար տվեք: Ախր, դուք հո շա՜տ լավ գիտեք, որ Եկեղեցին պետությունից անջատ է: Է՛լ ավելի հրաշալի տեղյակ եք, որ դա Սահմանադրության մեջ հստակ գրված ու ամրագրված է:

Դուք շատ լավ գիտեք, որ չեն կարող Կաթողիկոսի ներեկեղեցական որոշումները, կարգադրությունները, Եկեղեցու ինքնավար կյանքին վերաբերող որոշումները դատական վեճի առարկա լինել, այդ որոշումները չեն կարող կարգավորվել աշխարհիկ դատարաններով:

Եկեղեցին՝ ի դեմս իր Հովվապետի, իր եկեղեցական կառույցների, ինքնավար է որոշում քահանաների, եպիսկոպոսների, առհասարակ, հոգևորականների հոգևոր ծառայության նշանակելու կամ ծառայությունից ազատելու, ծառայության վայր սահմանելու հարցերը:

Ախր, սա իրավաբանականի նույնիսկ դիմորդի մակարդակի հարց էլ չի, այնքան ակնհայտ ու պարզ բան է: Ու դուք հաստատ չեք կարող դա չիմանալ:

Ու, առավել ևս, չի՛ կարելի քրեական գործ հարուցել միայն այն հիմքով, որ ինչ-որ դատավորի ինչ-որ անհեթեթ, օրինականությունը, սահմանադրականությունն ու տարրական բարոյականությունը տրորտակ անող որոշում Եկեղեցին չի կատարել…

Մեր մեծերի խոսքը հիշեք. «Քիչըմ մարդ եղեք…»:

Ու, առավել ևս, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը Եկեղեցու դեմ պատերազմում ձախողվել է: Կանխատեսելի է ու, ամենայն հավանականությամբ, վաղը, մյուս օրը ընտրություններում էլ է ձախողվելու:

Բայց նույնիսկ դա չէ կարևորը:

Կարևոր է այն, թե այս ամենից հետո ձեր մեջ ինչ մնացած կլինի մարդու և հայ մարդու հատկանիշներից, հասկանո՞ւմ եք:

Կարևոր է այն, որ վաղը, մյուս օրը դուք ձեր հայացքը չփախցնեք ձեր երեխայից, թոռնիկից, թոռնուհուց, երբ հարցնի՝ պապի (հայրիկ), իսկ դու ի՞նչ էիր անում, երբ փաշինյանենք ուզում էին քանդել Հայ եկեղեցին:

Սա հո 37 թիվը չէ, որ Բակունց ու Չարենց էին սպանում, Կաթողիկոս էին խեղդամահ անում, հարյուրներով անմեղ մարդկանց գնդակահարում ու հազարներով աքսորի մատնում… Դուք էլ այն ժամանակվա «էնկավեդեականներից» չեք: Չեք, չէ՞: Ու եթե՝ չեք, ապա կընդունեք, որ չի՛ կարելի այդքան իջնել: Չի կարելի այդ աստիճան կամակատար լինել: Ինչ իշխանություն էլ ուզում է, որ լինի:

Վստահ ենք, որ քննչականներում, դատարաններում, ոստիկանությունում, դատախազությունում, ԱԱԾ-ում կան(ու քիչ չեն նրանք) կարգին մարդիկ, որոնք իրենց մարդկային ու ազգային արժանապատվությունը, մասնագիտակա՛ն արժանապատվությունը հարգում են ու դեռ բարձր են դասում:

Ու ո՛չ մի նյութական խրախուսանք, ո՛չ մի պաշտոն, ո՛չ մի «տուն պահել», ոչինչ չարժե համեմատությամբ այն ամենի, ինչը այն մյուսները սոսկ Փաշինյանի քմահաճույքով անում են սեփական երկրի, սեփական ազգի, սեփական ժողովրդի, սեփական Եկեղեցու դեմ:

Դուք էլ եք, ախր, հրաշալի հասկանում, որ տեղի ունեցողն ու փաշինյանական իշխանության կողմից խրախուսվողն արդեն նույնիսկ Եկեղեցու դեմ պայքար չէ: Սա պայքար է Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ:

Ավելին, պատերազմը, որ Եկեղեցու դեմ սկսել է Փաշինյանը, իր շոշափուկներով ուղղված է հայեցի ապագայի դեմ հենց այն երեխաների, որոնց «պահում եք»: Որոնց պահելու երերուն պատճառաբանությամբ փորձում եք հիմնավորել այն արարքները, որոնք հեչ անելու բան չեն:

Ամեն ինչ անցնում է: Այս իշխանությունն էլ է անցնելու: Ձեզ այսօր սպառնացողներն էլ են անցնելու: Իսկ ի՞նչ է մնալու հետո: Այս դեպքում ամենից կարևորը. ի՛նչ է մնալու ձեզանից, որպես մարդ, որպես հայ, որպես քրիստոնյա, որպես իրավապահ: Մտածե՛ք սրա մասին: Մի՛ խոսեք, գոնե մտածեք:

դիտվել է 384 անգամ
Լրահոս
Իրանն ակտիվ ջանքեր է գործադրում Լիբանանում մշտական ​​հրադադարի հասնելու համար. Ղալիբաֆ Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք օրը սկսում են Whatsapp-ով ստացված շրջաբերականներով. Էլինաար Վարդանյան Եթե Հայաստանի քաղաքական իրավիճակը չփոխվի, շրջապատված կլինենք ադրբեջանցի ոստիկաններով. Բենիամին Մաթևոսյան Հայաստանը ԵՄ-Թուրքիա հարաբերությունների օրակարգում չկա․ Արմեն Աշոտյան Մարզպետն անտեղյակ է իրեն ենթակա ոլորտից Զուգահեռներ՝ Ստալինյան ժամանակաշրջանի հետ․ Սա բռնաճնշման դասական ձեռագիր է Իրանական բանակը պատրաստ է խափանել ցանկացած թշնամական դավադրություն. գեներալ Ալիռեզա Շեյխ Իսրայելի պաշտպանության ուժերը Լիբանանում տեղական ժամանակով 19:00-ից պատրաստվում են հրադադարի. Haaretz Հորմուզի նեղուցի շրջափակման սկսվելուց ի վեր ԱՄՆ-ը 13 անգամ նավերը գործողության է պատրաստել. գեներալ Քեյն Հանրապետականներն արգելափակել են Իրանի դեմ պատերազմը վերջ դնելու դեմոկրատների ​​բանաձևը. Թրամփին մեղադրել են ստելու մեջ Հռոմի պապը կոչ է արել զերծ մնալ կրոնը ռազմական նպատակների համար օգտագործելուց Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել՝ հաստատելու 10-օրյա հրադադար. Թրամփ Խոչընդոտվում է փաստաբանի մուտքը «Ուժեղ Հայաստան» կուսակցության բերման ենթարկված համակիրների մոտ Ադրբեջանական կողմը քանդել է օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին Ծառուկյանի անունը պատեհ-անպատեհ մի շահարկեք, դրանից ձեր քաղաքական կշիռն չի ավելանալու․ Աբովյան Լիբանանի նախագահը Ռուբիոյին հայտնել է, որ հրաժարվում է խոսել Իսրայելի վարչապետի հետ. AP ՀՀ-ից Ադրբեջան ներմուծված 960 դոլարի ապրանքը իրականում Նիդերլանդներից գնված վարդեր են Արտակարգ իրավիճակ Լոռիում. ջրատարի վնասման պատճառով ավազահողային զանգվածի մի հատված լցվել է երկաթգծի վրա ԱՄՆ պաշտպանության նախարարը կոշտ հայտարարություն է արել Իրանի հասցեին Հայաստանում մենք տեսնում ենք իրավունքի գերակայության բացահայտ ոտնահարում. Ռոբերտ Ամստերդամ ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իսպանիայից ժամանած պատվիրակությանը «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Փաշինյանի էլեկտորատը «երես կթեքի», եթե հանկարծ տեսնի, որը նա չի «կորցնում» ինքնատիրապետումը. քաղաքագետ Տեսչականի պետի տեղակալը ՔՊ նախընտրական ցուցակում. ով է Արազ Պապիկյանը. Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am