Զգույշ եղիր, չլինի թե մտքումդ ծածուկ չար բան լինի

Աստված մարդուն ստեղծել է ազատ կամքով, այսինքն՝ մարդն ազատ է իր ցանկությունների, արարքների, ինչպես նաև մտքերի ընտրության մեջ և ինքն է որոշում, թե ինչ մտածի, ինչպես մտածի և իր միտքը ինչով զբաղեցնի:

Բարի միտք ունեցողն ամեն ինչ բարի է տեսնում, դա է վկայում Հայր Պաիսիոս Աթոսացու հետ տեղի ունեցած հետևյալ դեպքը: «Մի օր ինձ մոտ եկավ մի տղա, որ սովորում էր գիմնազիայի 2-րդ դասարանում: Նա դուռը թակում էր, և թեև մեծ թվով նամակներ ունեի կարդալու, բայց որոշեցի հարցնել, թե ինչ է ուզում: Տղան պատասխանեց, որ ուզում է Հայր Պաիսիոսին տեսնել:

Նրան ասացի, որ նա այստեղ չէ, գնացել է ծխախոտ գնելու»: «Երևում է Հայրը բարի մտադրությամբ է գնացել ծխախոտի ետևից, որովհետև ուզում է որևէ մեկին ծառայություն մատուցել»,- պատասխանեց տղան: «Իր համար է գնացել,- ասում է Հայր Պաիսիոսը,- նրա մոտ վերջացել էին ծխախոտները, և նա խելագարի պես սլացավ խանութ: Ինձ այստեղ մենակ թողեց, և ես չգիտեմ, թե երբ է վերադառնալու:

Եթե տեսնեմ, որ շատ է ուշանում, ես էլ կգնամ»: Երեխայի աչքերում արցունքներ հայտնվեցին, և նա նորից բարի մտադրությամբ ասաց. «Ինչպես ենք մենք հոգնեցրել մեր Հորը»:

«Իսկ ինչո՞ւ ես ուզում նրան տեսնել,- հարցնում եմ»: «Ուզում եմ,- ասում է,- նրանից օրհնություն ստանալ»: «Ի՞նչ օրհնություն, հիմարիկ: Այնպիսի անխոհեմ մարդ է նա, ես նրան գիտեմ որպես խաբեբայի: Այնպես որ` իզուր ես սպասում: Եվ երբ նա վերադառնա, տրամադրություն չի ունենա, բացի այդ էլ հարբած կգա»: Սակայն, ինչ էլ ասում էի այդ երեխային, ամեն ինչ ընդունում էր մաքուր ու բարի մտադրությամբ,- նշում է Հայր Պաիսիոսը: «Լավ,- ասացի ես այդ ժամանակ,- ես մի փոքր էլ կսպասեմ Պաիսիոսին: Ասա, ի՞նչ ես ուզում, ես նրան կփոխանցեմ»: «Ինձ մոտ,- պատասխանում է,- Հայր Պաիսիոսի համար նամակ կա, բայց ես կսպասեմ նրան, որպեսզի օրհնություն ստանամ»: Տեսնում եք, ինչ էլ որ ասում էի, ամեն ինչ նա ընդունում էր բարի մտադրությամբ:

Ես նրան ասում եմ. «Այդ Պաիսիոսը խելագարի պես սլացավ ծխախոտների ետևից», իսկ նրա աչքերում այդ խոսքերից հետո արցունքներ հայտնվեցին. «Ով գիտի, ինչու է նա նրանց ետևից գնացել,- մտածեց նա,- երևի ուզում է բարի գործ կատարել»: Շատերն այդքան կարդում են, բայց բարի մտքեր չունեն: Իսկ այս երեխան, որ ընդամենը երկրորդ դասարանում է սովորում, ունի այդպիսի բարի մտքեր: Դու նրա մտքերը փչացնում ես, իսկ նրա մոտ նախորդից ավելի լավ մտքեր են առաջանում: Այդ երեխան ինձ հիացրել է: Այդպիսի բան առաջին անգամ էի տեսնում»:

Վիթխարի է մտքի ուժը, մտքից են սկիզբ առնում արարքները, ուստի կարևոր է, որ միտքն ուղղորդենք դեպի բարին և ոչ հակառակը: Ըստ Հայր Սավվայի՝ «Հոգու խաղաղությունը հնարավոր չէ պահպանել, եթե չհետևենք մեր մտքին, կամ չվանենք այն մտքերը, որոնք աստվածահաճո չեն»: Իսկ բարերար Ջոն Թեմփլթոնը կյանքը փոխելու այս բանաձևն է առաջարկում. «Կյանքը փոխելու ամենալավ միջոցն է՝ ամեն օր փոխել մտքերը, զգացմունքները, բառերը և արարքները»: Մաքուր միտք ունեցողը կարողանում է դիմացինի մեջ տեսնել աստվածային գեղեցկությունը՝ Աստծո պատկերն ու նմանությունը, և ուրախանալ նրանով:

Մարդը հակված է մեղանչելու իր մտածումներում: Եկեղեցու վարդապետները սովորաբար որպես մարդ արարածի բաղկացուցիչ մասեր են նշում հոգին, միտքը և մարմինը: Ուստի երբ մարդը մեղանչում է, մեղանչում է թե՛ հոգով, թե՛ մտքով և թե՛ մարմնով:

«Զգույշ եղիր, չլինի թե մտքումդ ծածուկ չար բան լինի»,- ասում է Տերը (Բ Օրինաց 15:9): «Մի բարեպաշտ մարդ Լավր անունով, իրեն Աստծուն նվիրելու և Երկնքի արքայությունը ժառանգելու ցանկությամբ, թողեց իր գյուղը և գնաց սարերը, որպեսզի արմատախիլ անի իր հոգու բոլոր ցանկությունները: Մի քանի տարի նա անցկացրեց պահքի և աղոթքի մեջ՝ մտածելով միայն Աստծո մասին: Երբ նա վերադարձավ գյուղ, համագյուղացիները հիանում էին նրա սրբությամբ: Բոլորը նրան համարում էին Աստծո ճշմարիտ մարդ: Այդ նույն գյուղում ապրում էր Ֆադեյ անունով մի մարդ, որը նախանձում էր Լավրին և համագյուղացիներին ասում էր, որ նա նույնպես կարող է դառնալ այնպիսին, ինչպիսին Լավրն է: Այդժամ Ֆադեյը գնաց սարերը և իր օրերն անցկացրեց պահեցողությամբ: Մոտ մեկ ամիս անց վերադարձավ: Երբ համագյուղացիները հարցրեցին, թե ինչով էր զբաղված այդքան ժամանակ, նա պատասխանեց. «Ես սպանում էի, գողանում, ստում, զրպարտում էի մարդկանց, մեծարում ինքս ինձ, շնանում էի, այրում էի տներ»: «Ինչպե՞ս դա կարող էր տեղի ունենալ, եթե դու մենակ էիր այնտեղ»:

«Այո, մարմնով առանձին էի, բայց հոգով և սրտով ամբողջ ժամանակ ես մարդկանց մեջ էի, և այն, ինչ չէի կարող անել ձեռքերով, ոտքերով, լեզվով և մարմնով, անում էի մտքով» (Ս. Նիկոլայ Սերբսկի):

«Մարմնի գործողությունները պահանջում են ժամանակ, հարմար առիթներ, ջանք, նպաստավոր պարագաներ և ուրիշ բազում տեսակի հանգամանքներ, մինչ մտքի շարժումները կատարվում են որևէ պահի, գործվում են առանց ջանքի, կազմվում են առանց դժվարության. որևէ առիթ նպաստավոր է մտածումների համար»,- ասել է Ս. Բարսեղ Կեսարացին՝ հավելելով. «Մարմնի արարքները կարող են խոչընդոտվել բազում արգելքներով, բայց ով մեղանչում է ցանկանալով՝ նույն մեղքը գործում է մտքի արագությամբ»:

Աստված գիտի մեր բոլոր մտածումները, մարդկային սրտի ամենագաղտնի խորհուրդները ճանաչելու կարողությունը միայն Նրան է վերապահված, միայն Աստված կարող է սրտեր կարդալ: Մարդիկ զուրկ են այդ կարողություղից: Անդամալույծին բժշկելուց առաջ Հիսուս կարդում է փարիսեցիների մտքերը և բարձրաձայն հայտարարում.

– Դուք ինչո՞ւ եք ձեր մեջ չար բան մտածում (Մատթեոս 9:4):

Մեկ ուրիշ տեղում էլ Հիսուս ասում է. «Իժերի՛ ծնունդներ, ինչպե՞ս կարող եք բարի բաներ խոսել, երբ դուք ինքներդ չար եք, քանի որ բերանը սրտի մեջ եղածից է խոսում: Բարի մարդը իր սրտի բարի գանձից բարիք է հանում, իսկ չար մարդը իր սրտի չար գանձից՝ չարիք» (Մատթեոս 12:34-35):

Քանի որ երեք ձևով ենք մեղանչում,- գրում է Ս. Գրիգոր Տաթևացին,- ուստի անհրաժեշտ է երեք ձևով էլ ապաշխարել՝ խորհրդով, խոսքով և գործով: Մտքի փոփոխությամբ կընտրենք ապաշխարության ուղին, քանի որ ապաշխարություն բառը հունարեն μετάνοια. («մեթանոյիա») բառն է, որ նշանակում է «մտածողության, մտքի փոփոխություն»:

Մեր Տեր Հիսուս Քրիստոս մեզ կոչ է անում մեր ապրելակերպի և մտածողության փոփոխություն՝ մերժելով մեղավոր գործերն ու մտքերը: Սուրբ Ներսես Շնորհալին իր «Հաւատով խոստովանիմ» աղոթաշարում այս նկատի ունի, երբ նշում է.

«Հոր իմաստություն՝ Հիսուս, տուր ինձ իմաստություն, որ ամեն ժամ քո առաջ խորհեմ և խոսեմ և գործեմ բարին. և չար խոհերից, խոսքից, գործերից փրկիր ինձ. և ողորմիր քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս» (ԺԱ):

surbzoravor.am

դիտվել է 721 անգամ
Լրահոս
Իրանն ակտիվ ջանքեր է գործադրում Լիբանանում մշտական ​​հրադադարի հասնելու համար. Ղալիբաֆ Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք օրը սկսում են Whatsapp-ով ստացված շրջաբերականներով. Էլինաար Վարդանյան Եթե Հայաստանի քաղաքական իրավիճակը չփոխվի, շրջապատված կլինենք ադրբեջանցի ոստիկաններով. Բենիամին Մաթևոսյան Հայաստանը ԵՄ-Թուրքիա հարաբերությունների օրակարգում չկա․ Արմեն Աշոտյան Մարզպետն անտեղյակ է իրեն ենթակա ոլորտից Զուգահեռներ՝ Ստալինյան ժամանակաշրջանի հետ․ Սա բռնաճնշման դասական ձեռագիր է Իրանական բանակը պատրաստ է խափանել ցանկացած թշնամական դավադրություն. գեներալ Ալիռեզա Շեյխ Իսրայելի պաշտպանության ուժերը Լիբանանում տեղական ժամանակով 19:00-ից պատրաստվում են հրադադարի. Haaretz Հորմուզի նեղուցի շրջափակման սկսվելուց ի վեր ԱՄՆ-ը 13 անգամ նավերը գործողության է պատրաստել. գեներալ Քեյն Հանրապետականներն արգելափակել են Իրանի դեմ պատերազմը վերջ դնելու դեմոկրատների ​​բանաձևը. Թրամփին մեղադրել են ստելու մեջ Հռոմի պապը կոչ է արել զերծ մնալ կրոնը ռազմական նպատակների համար օգտագործելուց Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել՝ հաստատելու 10-օրյա հրադադար. Թրամփ Խոչընդոտվում է փաստաբանի մուտքը «Ուժեղ Հայաստան» կուսակցության բերման ենթարկված համակիրների մոտ Ադրբեջանական կողմը քանդել է օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին Ծառուկյանի անունը պատեհ-անպատեհ մի շահարկեք, դրանից ձեր քաղաքական կշիռն չի ավելանալու․ Աբովյան Լիբանանի նախագահը Ռուբիոյին հայտնել է, որ հրաժարվում է խոսել Իսրայելի վարչապետի հետ. AP ՀՀ-ից Ադրբեջան ներմուծված 960 դոլարի ապրանքը իրականում Նիդերլանդներից գնված վարդեր են Արտակարգ իրավիճակ Լոռիում. ջրատարի վնասման պատճառով ավազահողային զանգվածի մի հատված լցվել է երկաթգծի վրա ԱՄՆ պաշտպանության նախարարը կոշտ հայտարարություն է արել Իրանի հասցեին Հայաստանում մենք տեսնում ենք իրավունքի գերակայության բացահայտ ոտնահարում. Ռոբերտ Ամստերդամ ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իսպանիայից ժամանած պատվիրակությանը «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Փաշինյանի էլեկտորատը «երես կթեքի», եթե հանկարծ տեսնի, որը նա չի «կորցնում» ինքնատիրապետումը. քաղաքագետ Տեսչականի պետի տեղակալը ՔՊ նախընտրական ցուցակում. ով է Արազ Պապիկյանը. Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am