Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ավարտվեց․ Քննարկման առանցքում Հայաստանի ու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն էին

Մարտի 11-14-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։

Ժողովն ատենապետեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, իսկ նիստերը վարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի (ԵՆԺ) գումարման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Զեկույցի ավարտին քննարկվեցին և որոշումներ կայացվեցին թեմերում ԵՆԺ պատգամավորների ընտրության գործընթացի, ժողովի օրակարգային նյութերի նախապատրաստման և կազմակերպական մի շարք հարցերի վերաբերյալ։ Եկեղեցական-ներկայացուցչական ժողովին ներկայացնելու համար համապատասխան հանձնախմբերին հանձնարարականներ տրվեցին նախապատրաստել զեկույցներ Եկեղեցու առաքելության կարևորագույն այնպիսի հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ծխական կյանքի կազմակերպման, հոգևորականաց պատրաստության, կրթադաստիարակչական գործունեության, սոցիալական ծառայության, քրիստոնեական արժեքներին նետված մարտահրավերների, Սփյուռքի ու հայկական ինքնության պահպանության և Եկեղեցու նյութական ու տնտեսական ոլորտներին։

Գերագույն հոգևոր խորհուրդը նաև լսեց Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն տիար Արման Թաթոյանի զեկույցը Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների վերաբերյալ։ Անդրադառնալով Արցախի քաղաքական ղեկավարության, զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ Ադրբեջանում իրականացվող շինծու դատավորություններին, խորհուրդը հանդես եկավ առանձին հայտարարությամբ։

Հայրենական կյանքի արտաքին և ներքին մարտահրավերների մասին զեկուցեց քաղաքական գիտությունների դոկտոր տիար Արթուր Խաչիկյանը՝ ընդգծելով ազգային շահերով առաջնորդվելու և տարածաշրջանային հավասարակշռությունը պահպանելու դիվանագիտական ջանքերի հրամայականը։

Մտահոգությամբ անդրադառնալով Հայաստանի ու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին՝ ԳՀԽ-ի անդամները շեշտեցին Հայոց Եկեղեցու կարևոր առաքելությունն ի նպաստ առկա հիմնախնդիրների հաղթահարման համազգային միաբանության ու համերաշխության ամրապնդման, Հայաստան-Սփյուռք գործակցության և համահայկական ներուժի արդյունավետ իրացման ուղղությամբ։

Առանձին զեկույց ներկայացվեց Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական խնդիրների մասին։ Պատմական գիտությունների թեկնածու, ժողովրդագրության մասնագետ տիար Միքայել Մալխասյանը ժամանակագրական-համեմատական համատեքստում ներկայացրեց Հայաստանի ժողովրդագրական առկա պատկերը, բնակչության բնական աճի և միգրացիայի վիճակագրությունն անկախության տարիներին։

Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն անհանգստություն արտահայտեցին ժողովրդագրության մտահոգիչ ցուցանիշների առնչությամբ` միաժամանակ արձանագրելով այդ ուղղությամբ իրականացված ոչ բավարար նախաձեռնությունների փաստը։ Ընդգծվեց նաև այս ոլորտում Եկեղեցու կարևոր դերակատարությունը, որպեսզի հովվական խնամքի և հոգևոր քարոզչության շրջանակներում առավել մեծ ջանքեր ներդրվեն` զորացնելու համար հայ ընտանիքները և խրախուսելու որդեծնությունը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունների գործունեության, կրթական ծրագրերի, ուսումնադաստիարակչական ուղենիշների լրամշակման, արձանագրված արդյունքների ու կատարելագործման մասին զեկույցներով հանդես եկան Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, «Գարեգին Ա» կրթական կենտրօնի տնօրեն Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ԳՀՃ ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Տ. Դանիել եպիսկոպոս Ֆնտգյանը և Հառիճի Թրբանճյան հոգևոր ընծայարանի տեսուչ Տ. Վաչե աբեղա Մկրտչյանը։ Տեղեկացվեց, որ 2023 թվականից առ այսօր վերապատրաստման դասընթացներին մասնակցել է Հայաստանի և սփյուռքի տարբեր թեմերից ժամանած 354 եկեղեցական։

ԳՀԽ անդամները գոհունակություն հայտնեցին Գևորգյան հոգևոր ճեմարանում եռաստիճան կրթական համակարգի ամբողջական ներդրման և ժամանակակից չափանիշներին համապատասխան որակյալ կրթության ապահովման առնչությամբ:

Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը և Կրթական հանձնախմբի անդամ Հասմիկ Մարգարյանը ժողովականներին ներկայացրեցին Կիրակնօրյա դպրոցների դասագրքերի պատրաստման աշխատանքների ընթացքը։ Հիշյալ նախաձեռնության նպատակն է ներդնել ժամանակակից պահանջներին համապատասխան միասնական հոգևոր-կրթական ծրագիր՝ կրակնօրյա դպրոցներում երեխաների հոգևոր, ազգային կրթությունն ու դաստիարակությունն ապահովելու համար։

ԳՀԽ խիստ կենսական ու առաջնահերթ համարեց մատաղ սերնդի հոգևոր-բարոյական նկարագրի ձևավորմանն ու ազգային ինքնության պահպանմանն ուղղված այս նախաձեռնությունը՝ թելադրելով շարունակել ծրագրի իրագործմանն ուղղված աշխատանքները։

Մայրավանքի շինարարական ծրագրերի վերաբերյալ զեկույց ներկայացրեց Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը՝ մասնավորաբար տեղեկացնելով, որ առաջիկայում կսկսեն գործել Մայր Տաճարի թանգարանը, «Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատունը և նորակառույց Մոմավառության սրահը։ Ընթացքի մեջ են Գևորգյան ճեմարանի կացարանային շենքի, Հառիճավանքի ննջարանային մասնաշենքի նորոգության ու բարենորոգչական այլ աշխատանքերը։

Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանն առնչված հարցերի վերաբերյալ ժողովականներին իրազեկումներ կատարեց Պատրիարքության Տնօրեն ժողովի ատենապետ Տ․ Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանը՝ անդրադարձ կատարելով «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության գործարքի, Պատրիարքության կալվածքների նկատմամբ ներկայացված գույքահարկի հարցերին և այդ ուղղությամբ իրականացված քայլերին։

Գերագույն հոգևոր խորհուրդն իր զորակցությունը հայտնեց Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց զինվորյալ միաբանությանը և հայ համայնքին՝ կարևորելով հիշյալ խնդիրների արդար հանգուցալուծումը և այդ ուղղությամբ գործադրվող հետևողական ջանքերը։

Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը ժողովականներին համապարփակ տեղեկություններ փոխանցեց Սիրիայում տիրող իրավիճակի, երկրի քաղաքական համակարգում շարունակվող փոփոխությունների, ինչպես նաև առկա անվտանգային, տնտեսական խնդիրների և հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերների մասին։

Ժողովի ընթացքում ներկայացվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2024 թվականի գործունեության տեղեկագիրը, ֆինանսական տարեկան հաշվետվությունը և Վերստուգիչ հանձնախմբի զեկույցը։

Մասնավորաբար տեղեկացվեց, որ հաշվետու տարում Հայ Եկեղեցու կառույցներում ու թեմերում շարունակվել են իրականացվել հոգևոր-քարոզչական, սոցիալական, կրթամշակութային, բարեսիրական բազմաբնույթ ծրագրեր:

Անդրադարձ կատարվեց 2024 թ․ ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացված մարդասիրական ծրագրերին՝ ուղղված սոցիալապես անապահով, Արցախից տեղահանված, զոհված զինծառայողների և բազմազավակ ընտանիքներին ու սփյուռքյան համայնքներին։

Ընդհանուր առմամբ՝ Մայր Աթոռի և թեմերի կողմից հատկացվել է 1,551,115 (մեկ միլիոն հինգ հարյուր հիսունմեկ հազար հարյուր տասնհինգ) ԱՄՆ դոլարին համարժեք դրամի (608,037,073 ՀՀ դրամ) օժանդակություն։

Գերագույն հոգևոր խորհուրդը գնահատանքով ողջունեց Հայոց Եկեղեցու լայնածավալ գործունեությունը ներկայացնող զեկույցը։

Ժողովն ավարտվեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով:

դիտվել է 147 անգամ
Լրահոս
Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը «Հայաստանը փշրեցին՝ բուլդոզերով վրայով անցնելով, իսկ փառաբանված համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ». Ջոն Էվանսի զգուշացումը «Հրապարակում եմ ինձ տրամադրված սուտ և կեղծ կազմված պաշտոնական գրությունները». Չախոյան Բարդ է լինելու. Օնիշչենկոն՝ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության մասին «Ընձի սկի մի հատ Coca Cola չեն հյուրասիրել, շորերս որ հանեմ, ՀՀ-ի քարտեզն է վրես, այ էդքան կրակել են»․ Վարդան Ղուկասյան Ցավացրել եմ որոշ մարդկանց. Հայկ Սարգսյան Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև Երբ կարող էր Թրամփը Նոբելյան մրցանակ ստանալ՝ ըստ Արաղչիի Տրամադրվեք, որ առաջիկայում «սենսացիոն» գործարքների, «գործակալական ցանցերի», «մութ ուժերի» մասին սլիվերի շքերթ է սկսվելու. Արմեն Հովասափյան Ովքեր են միջնորդություն ներկայացրել Հովիկ Աբրահամյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին Խորհրդարանը վավերացրել է 250 միլիոն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը Կանադան ցանկանում է կարգավորել ՉԺՀ-ի հետ հարաբերությունները՝ օգտակար հանածոների արտահանման համար․ The Globe and Mail Ռուսական բանակը 2025 թվականին ազատագրել է ավելի քան 300 բնակավայր․ Պուտին Փոշու պարունակությունը Երևանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում․ տուժածներ չկան Դու հո «Խաթաբալա»-ի Մարգրի՞տը չես, որ Եվրոպան «քեզ մեզ վրա սաղացնի» ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Մեզ կեղծ սերտիֆիկատներ են տվել․ արցախցին մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am