Փաշինյանի իշխանության մեկ օրվա գինը․ սարսափազդու թվեր

Երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզ ու ճանապարհամերձ գյուղերում կատարած հանդիպումների ընթացքում զրուցել է իրեն ուղեկցող պաշտոնյաների ու գյուղի բնակիչների հետ։

Ավանդույթի համաձայն, յուրաքանչյուր բնակավայրում առաջին հերթին նրան ներկայացրել են կատարված ասֆալտապատման աշխատանքների ցուցանիշները, և Փաշինյանը՝ լսելով ենթականերին, հերթական անգամ հպարտորեն արձանագրել է, թե հատկապես 2018թ․ հետո քանի կիլոմետր ճանապարհ է ասֆալտապատվել այդ տարածքում՝ 230 կիլոմետր՝ կոնկրետ Շիրակի մարզում։

Ասֆալտը կուռք դարձրած իշխանության համար սա երևի տպավորիչ ցուցանիշ է։ Վստահաբար, ասենք, տարեվերջին համապատասխան մարմինները մետր առ մետր կգումարեն ու կհայտարարեն, որ 2018-ից հետո ամբողջ Հայաստանում ասֆալտապատվել է, օրինակ, 4000 կամ 8236 կիլոմետր ասֆալտ։ Եվ, բնականաբար, կեցցե հեծանիվը։

Ասֆալտապատման կամ երկրի բնականոն կենսագործունեության ապահովման այլ ոլորտների աշխատանքը սովորական գործառույթ է, որը ցանկացած կառավարության պարտականությունն է։ Նորմալ է նաև, որ որևէ կառավարություն տեղեկատվություն է հաղորդում այս կամ այն ոլորտում արված աշխատանքի մասին։

Բայց սա այդ պարագան չէ։

Նիկոլ Փաշինյանի իշխանության համար կոնկրետ ասֆալտը ֆետիշի մակարդակի հասցված բարիք է, ինչպես ժամանակին ելակը՝ բանակում, ՀԴՄ-ի կտրոնը՝ վաճառակետում, հետո հարկատուն՝ հերոսների առաջին հորիզոնականում, ու հացը՝ պետական գաղափարախոսության կենտրոնում։

Այսինքն՝ ասֆլատը փաշինյանական վարչակազմի համար ոչ թե ճանապարհածածկ է, այլ գաղափարախոսական հենք, որը, փոքր-ինչ վերաձևակերպելով հայտնի արտահայտությունը, երևակվում է՝ որպես հանրությանը հասցեագրված ուղերձ՝ «որոճացեք ձեզ բաժին հասած ասֆալտը․․․»:
Իշխանության քարոզչական մեքենան այսպիսով ասֆալտը ներկայացնում է՝ որպես փաշինյանական բարեբերության խորհրդանիշ ու նրա իշխանության անցած վեց տարիների գնահատման հիմնական ցուցանիշ։ Հաշվարկն այն է, որ քաղաքացիները, հատկապես՝ գյուղական բնակավայրերում ապրողները, աչք կփակեն Հայաստանին պատուհասած բոլոր աղետների վրա՝ հանուն ասֆալտապատ ճանապարհների։

Այնպես չէ, որ այդ հաշվարկն իրեն չի արդարացնում, և իրականում նաև դա է իշխանության պահպանման բազմաթիվ պատճառներից մեկը։ Բայց եթե խոսքը վերաբերում է հաշվարկներին ու հատկապես վերջին 6 տարիների հաշվարկներին և առավելապես ձեռքբերումներին, ապա նույն հաշվարկի սկզբունքը կիրառելի է նաև կորուստների դեպքում։ Իշխանական քարոզչությունը, բնականաբար, այդ մասին լուռ է, ինչպես Սևանի սիգը, որի հետ հարաբերվելու մասին ամիսներ առաջ պաշտոնապես հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Մինչդեռ թվերը ոչ միայն ուղղակի խոսուն են, այլև սարսափազդու։ Ավելին՝ դրանք ցույց են տալիս, թե Նիկոլ Փաշինյանի իշխանության յուրաքանչյուր օրվա համար ինչ անդառնալի գին է վճարել հայ հասարակությունը, և պետք է պատրաստ լինի վճարել, քանի դեռ նա պահպանում է իշխանությունը։

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում է ընտրվել 2018 թվականի մայիսի 8-ին։ Դրանից հետո անցել է ուղիղ 2355 օր։ Նա դարձել է մի երկրի վարչապետ, որը պաշտոնապես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն էր, իսկ Լեռնային Ղարաբաղը՝ հարակից յոթ շրջաններով, կազմում էր շուրջ 12.000 քառակուսի կիլոմետր։

Արցախն ամբողջությամբ կորսված է, Ադրբեջանը վերահսկում է նաև 200 քառակուսի կիլոմետր ՀՀ ինքնիշխան տարածքներից: Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում հայկական կողմի թիվը պաշտոնապես գերազանցում է 4500-ը, իսկ 2023 թվականի սեպտեմբերից, Արցախի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտումից հետո բռնի տեղահանվել է 120.000 Արցախի քաղաքացի։

Սրանք չոր փաստեր են՝ արտահայտված թվերով, որոնց պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության յուրաքանչյուր օրը Հայաստանի ու Արցախի՝ հայկական կենսատարածքի, հայ հասարակության համար արժեցել է ՄԻՋԻՆՈՒՄ 2 զոհ, 5.1 քառակուսի կիլոմետր տարածք, 51 բռնի տեղահանված։

Սրանք, իհարկե, զարհուրելի ցուցանիշներ են, որոնց, ահա, իշխանությունը հակադրում է ասֆալտապատման թվերը՝ շեշտը դնելով նյութականի վրա։ Բայց հենց այդ նյութական՝ փողային հարթությունում էլ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման յուրաքանչյուր օրվա միջինացված արժեքը, մեղմ ասած, ուրախալի չի կարող լինել ասֆալտով հիացնողների ու հիացողների համար։ 2018 թվականից ի վեր Հայաստանի պետական պարտքն ավելացել է 5.5 միլիարդ դոլարով, ինչը նշանակում է, որ Փաշինյանի իշխանության ամեն օրվա կտրվածքով Հայաստանի պարտքը ՄԻՋԻՆՈՒՄ աճել է, ուշադրություն՝ 2.4 միլիոն դոլարով։

 

Միջինում օրական 2 զոհ, 5.1 քառակուսի կիլոմետր տարածք, 51 բռնի տեղահանված արցախահայ և 2.4 միլիոն դոլարի պետական պարտք։ Սա է իշխանության ավելի քան վեց տարիների՝ 2355 օրերի միջին թվաբանական պատկերը, ինչին իշխանությունը պատասխանում է մոտավորապես այնպես, ինչպես երեկ պատասխանել է Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում խմելու ջրի բացակայությունից դժգոհող քաղաքացիներին՝ «ժպիտով եղեք, գոհանանք արվածից»։

Հ․Գ․ Անցած 6 տարիներին վերաբերող նշված պարզ թվաբանական գործողությունները, իհարկե, իշխանության գործունեության արդյունավետության գնահատման հեղինակավոր այսինչ կազմակերպության այնինչ մեթոդոլոգիայի չափանիշներին չեն համապատասխանում, և դրան ընդդիմանալ ցանկացողները կարող են տասնյակ վերապահումներ ու հարյուրավոր պատճառաբանություններ հակադրել։ Բայց անգամ հազար վերապահումից ու միլիոն պատճառաբանությունից մեր ունեցածի ու կորցրածի մասին վկայող թվերը չեն փոխվում, որովհետև դրանք փաստի ուժով արտահայտում են այն օբյեկտիվ իրականությունը, որն անփոփոխելի է՝ անգամ «ժպիտով լինելու, արվածից գոհանալու» դեպքում։

Հարություն Ավետիսյան

168.am

դիտվել է 368 անգամ
Լրահոս
«Ընտրողի ձայնը չի կարող պարզապես «վերանալ» վարչական որոշման հետևանքով». վերլուծություն 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. վիրավորներ կան Փաշինյանը հերթական անգամ այս հանցագործության հանցակիցն է դարձնում իրավապահներին․ Միկոյան ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC Միայն մեկն էր ինձ համար բարդ մրցակից. Արման Ծառուկյան Դատարանը վարույթ է ընդունել ամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի Մեքենայում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի Ադրբեջանը Հայաստան է մատակարարել 11 մլն դոլարի ապրանք 41-ամյա վարորդը բեռնատարով բախվել է քարե պարսպին և գազատար խողովակներին Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց Օրգովի 12-ամյա աշակերտը հեռախոսով տելեգրամ ինչ-որ ալիքից է գնել թմրանյութ. Կարեն Թաթուլյան. «Առավոտ» Համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենա վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողը Որ դեպքում վթարի մասնակիցները կտուգանվեն Բեռնատարների որոշ վարորդների մուտքի արգելքը Ռուսաստանում կարող է հանվել. «Ազատություն» Տիրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել Դուք այս թվերը լսե՛ք․ Ռուսաստանի հետ 7,6 միլիարդ առևտրաշրջանառության հետ ե՞ք խաղ անում․ Բոզոյան (video) «Գործ ունենք նոր ու սարսափելի զիջման հետ․ Հաջիևի այցի ծանր հետևանքները»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Մեզ կանգնեցնելու են փաստի առաջ․ ո՞վ է իրականում Հաջիևը․ Արմինե Ադիբեկյան (video) Ի՞նչ եք ուզում, մարդիկ իրենց բերքը, ծաղիկները թափում են․ թողեք ապրեն․ քաղաքացիներ (video) «Մենք նման խաղեր չենք խաղում». Զելենսկին հրաժարվել է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու «Հաջիևը մի պահանջ է դրել. Փաշինյանը պետք է հատուցի, թե չէ…». Երվանդ Բոզոյան (video) Անկլավները Հայաստանում. ամենամեծ անկլավ դարձած պատմական Վերին Ոսկեպարը. Hetq.am «Ալե՛ն, մոռացե՞լ ես՝ տակներդ լցած մեկդ թռել էր ընկերների մոտ, մյուսդ էլ՝ մտել բունկերները» (video) Իշխող ուժը չունի բավարար մանդատներ, որպեսզի անցկացնի սահմանադրական հանրաքվե՝ Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am