Պենտագոնի ղեկավարը մտահոգություն է հայտնել Լիբանանում խաղաղապահների դիրքերի գնդակոծման կապակցությամբ
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հոկտեմբերի 12-ին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ զրույցում խորը մտահոգություն է հայտնել, որ իսրայելական ուժերը կրակ են բացել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների դիրքերի վրա, ինչպես նաև լիբանանցի երկու զինվորի սպանության կապակցությամբ, հայտնում է Պենտագոնը:
«Նախարարը վճռականորեն ընդգծել է ՅՈՒՆԻՖԻԼ-ի ուժերի և Լիբանանի զինված ուժերի անվտանգության ապահովման կարևորությունը և ընդգծել Լիբանանում ռազմական գործողություններից դիվանագիտական գործողությունների հնարավորինս արագ անցնելու անհրաժեշտությունը: Նախարարը նաև անդրադարձել է Գազայում տիրող սարսափելի հումանիտար իրավիճակին և ընդգծել, որ պետք է քայլեր ձեռնարկվեն դրա լուծման համար», – ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: