Փաշինյանի խորհրդականը պնդում է, թե Բաքվի պահանջով Սահմանադրություն չենք փոխելու
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունը ՀՀ-ի խնդիրն է, որևիցե մեկը իրավունք չունի միջամտի, թե մենք ինչ Սահմանադրություն կընդունենք։ Սահմանադրության փոփոխությունը ենթադրում է հանրաքվե, և ժողովուրդը պետք է որոշի` ի՞նչ տեքստով ընդունի, ինչ տեքստով՝ ոչ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանը, որի այդ պաշտոնում նշանակվելու պահից ի վեր անհայտ է, թե որ ոլորտն է համակարգում ու խորհուրդներ տալիս Նիկոլ Փաշինյանին։
Զրույցի սկզբում հենց նրանից էլ հետաքրքրվեցինք՝ ի վերջո պարզ դարձավ, թե ո՞ր ոլորտն է համակարգում, ինչին ի պատասխան նշեց․ «Բացեք կա՛մ Կառավարության էջը, կա՛մ հասարակայնության և լրատվության վարչություն գրավոր դիմեք, իրենք կպատասխանեն»։
Թե Կառավարության էջում և այլ բաց աղբյուրներում որոնում կատարելով այդպես էլ չգտանք տեղեկատվություն, թե ո՞ր օղակն է տնօրինում Լոռու մարզի մարզպետի պաշտոնից ազատված, ապա վարչապետի խորհրդական նշանակված Արամ Խաչատրյանը։
Փորձեցինք տեղեկատվությունը ճշտել վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանից, նա սլաքներն ուղղեց վարչապետի աշխատակազմ։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին ուղղեցինք նույն հարցը, սակայն վերջինս ևս չէր տիրապետում ինֆորմացիային և նշեց, որ Խաչատրյանից ճշտենք։ Երբ նշեցինք, որ Խաչատրյանն էլ ասում է՝ լրատվության վարչությունից ճշտեք, Չախոյանն էլ իր հերթին գրավոր հարցում ուղարկելու ճանապարհը «ցույց տվեց»։
Ինչևէ այդքան «հույժ գաղտնի» պահվող տեղեկատվությունից վերադառնալով երեկ Ալիևի հատուկ ներկայացուցչի հայտարարությանը, որ Հայաստանի հետ փոխադարձ համաձայնությամբ որոշել են «Զանգեզուրի միջանցքի» մասին կետը հանել խաղաղության համաձայնագրից և տեղափոխել քննարկումն ավելի ուշ փուլ, և միայն այս պահին մնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը, Խաչատրյանին այս մասին հարց ուղղեցինք, ինչին ինքը պատասխանեց.
«Սահմանադրության փոփոխության հետ կապված այս պահին ես տեղեկատվություն չունեմ, ես այդ քննարկումներին չեմ մասնակցում, որևիցե մեկնաբանություն չեմ կարող անել»։