Թուրքիայի ռազմօդուժի համակարգը 44-օրյային փոխկապակցված էր ՆԱՏՕ-ի հրամանատրման և վերահսկման համակարգին. Դավիթ Տոնոյանի ուշագրավ հայտարարությունների հետքերով

168.am-ը գրում է.


Այն, որ 2020 թվականի հուլիսյան մարտերից և 44-օրյա պատերազմից առաջ ՀՀ ռազմական ղեկավարությունը Նիկոլ Փաշինյանին զգուշացրել է, որ մեր թշնամին այլևս միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան, հետևաբար՝ այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել, 168.am-ը մեկ անգամ չէ, որ գրել է՝ հղում անելով ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին, ով 2020 թվականի հունիսին՝ ԳՇ պետի պաշտոնում նշանակվելուց հետո, այս մասին Փաշինյանին և ՀՀ անվտանգության խորհրդին ներկայացրել էր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության համապատասխան վերլուծություն՝ հորդորելով քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժն ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:

Սա Օնիկ Գասպարյանը նշել էր 2020 թվականի նոյեմբերի 17-ի իր ուղերձում։

Իսկ 2023 թվականի հունիսի 28-ի իր արձագանք-հայտարարության մեջ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետը, մասնավորապես, հայտնել էր, որ 2020թ. հուլիսի 4-ին ԶՈՒ գլխավոր շտաբում Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամներին ներկայացրել էր զեկույց՝ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում զորքերը հակառակորդի հավանական ագրեսիայի դիմագրավմանը նախապատրաստելու նպատակով լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:

Նա առաջարկել էր՝ ձեռնարկել քաղաքական և դիվանագիտական բնույթի միջոցներ՝ պատերազմը կանխարգելելու կամ, առնվազն, ՀՀ ԶՈՒ կիրառման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, մասնավորապես՝ հանձնարարել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը մշակել միջոցառումների ծրագիր՝ ուղղված հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների հետ (հատկապես՝ ՌԴ հետ) հարաբերությունները կտրուկ բարելավելուն, իսկ տարածաշրջանի մյուս պետություններին (Իրան և Վրաստան)՝ բարեկամաբար տրամադրելուն:

Նշված հայտարարության մեջ Օնիկ Գասպարյանն անդրադարձել էր 44-օրյա պատերազմից մեկ ամիս առաջ՝ օգոստոսին տեղի ունեցած ԱԽ նիստին, մասնավորապես, զեկուցված «ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ԵՏ» սկզբունքով պաշտպանությունը կազմակերպելու հարցին:

«Իմ զեկույցում նշել եմ, որ, ըստ կատարված օպերատիվ-մարտավարական հաշվարկների, արևելյան և հյուսիս-արևելյան օպերացիոն ուղղություններում ուժերի և միջոցների հարաբերակցությունն առանց Թուրքիայի գործոնի հաշվառման հնարավորություն է ընձեռում մարտ վարել «ոչ մի քայլ ետ» սկզբունքով…:

Դա ենթադրում է դիրքային պաշտպանության կիրառում, երբ տարածքի կորուստը համարվում է անթույլատրելի և տեղանքի տեղամասերը և կարևոր օբյեկտները պահվում են ջանքերի առավելագույն լարումով` պատճառելով հակառակորդին առավելագույն կորուստներ: Դա չի նշանակում, որ կարելի է մարտ վարել անժամկետ, քանի որ զորքերի կարողությունները սահմանափակվում են կրակային խոցման միջոցների, հրթիռների և զինամթերքի ու նյութատեխնիկական այլ պաշարների առկայությամբ:

Իսկ մյուս օպերացիոն ուղղություններում հակառակորդն ուներ ուժերի և միջոցների բացարձակ առավելություն և այդ պայմաններում լուրջ դիմադրության հնարավորություն, նույնիսկ զորաշարժային պաշտպանության կիրառման համար, մենք չունեինք:

…Ոչ իրատեսական գնահատական պետության ղեկավարությանը երբեք չեմ ներկայացրել»:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ՀՀ ղեկավարությունը շատ լավ տեղեկացված էր հնարավոր պատերազմի դեպքում Թուրքիայի հնարավոր ներգրավվածության մասին:

Վերջերս այս մասին խոսել է նաև քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ ասելով. «Տոնոյանը և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները դեռ 2019-ին են Փաշինյանին զգուշացրել սպասվող պատերազմի, դրանում Թուրքիայի ներգրավվածության մասին, Փաշինյանը ոչինչ չի ձեռնարկել…»:

Իսկ պատերազմից հետո այս մասին խոստովանել է թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Ավելին, Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի ամռանը շատ լավ իմացել է, որ պատերազմ է սկսվելու, և Թուրքիան էլ դրանում կարևոր դեր է ունենալու:

Այս համատեքստում բավական է հիշեցնել 2020 թվականի նոյեմբերի 29-ի Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա մի ուշագրավ ձևակերպում էր թույլ տվել, ավելի ճիշտ՝ խոստովանություն:

«Որևէ փուլում, այդ թվում՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների շրջանում գնայի թուրքերին ասեի՝ եկեք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասեին՝ կոնկրետ ժամանակացույց տուր, երբ ես տարածքները հանձնում: Ստորագրեի՝ պիտի ասեին՝ «Նիկոլ դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր»:

2020 թվականի պատերազմում Թուրքիայի ներգրավվածության և այն հաշվի առնելու մասին 2023 թվականի օգոստոսին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում անդրադարձել էր նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, այդ թվում՝ Օնիկ Գասպարյանի՝ 4-րդ օրը պատերազմը կանգնեցնելու հաշվարկների համատեքստում:

«Ես հաստատ հիշում եմ, որ այդպիսի խոսակցություն Անվտանգության խորհրդում եղել է, այդպիսի խոսակցություն եղել է նաև այլ ձևաչափերով, և դրա վերաբերյալ առաջին զեկույցը ստացել եմ ես: Դուր է եկել ինձ այդ զեկույցը, դուր չի եկել, բայց մենք պարտավոր էինք վարչապետին և Անվտանգության խորհրդին ներկայացնել մեր մոտեցումը, քանի որ դրա հիմնական պատճառն այն էր, որ կար երրորդ կողմի անմիջական ներգրավածություն, որը մեզ համար անմիջական տեսանելի էր: Երրորդ կողմը, կարծում եմ, հասկանում եք, որ Թուրքիան է»,- նշել էր Տոնոյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Թուրքիայի ներգրավվածությունն իրականացվում էր, ոչ թե նախիջևանյան ուղղությամբ, ոչ թե Հայաստանի սահմանի ուղղությամբ, այլ, այսպես ասած, ձիու քայլով՝ արցախյան թատերաբեմում:

«Այսպիսի հաշվարկ մեր կողմից թերի է եղել, մենք չէինք հաշվարկել այդպիսի բան, որ Թուրքիայի ԶՈւ-ն անմիջապես կարող է հայտնվել արցախյան թատերաբեմից ընդամենը 45 կմ, 25 կմ հեռավորության վրա՝ իրականացնելով թռիչքներ»,- շարունակել էր Տոնոյանը:

Հավելենք, որ 2020-ի հուլիսի 29-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվել էր Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ նախատեսված զորավարժություններ, որոնց ընթացքում օդուժի կիրառմամբ վարժանքներ են անցկացվել Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում, Եվլախում ու Նախիջևանում:

Ցամաքային զորքերի մասնակցությամբ զորավարժությունները կայացել էին օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում։

Ի դեպ, հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը նախատեսված զորավարժությունները փաստացի երկարաձգվել էին, և օգոստոսի 12-ին Ադրբեջան էին ժամանել Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, զորքերի հրամանատարները և այլ բարձրաստիճան սպաներ:

ՀՀ ՊՆ-ից այս փաստին արձագանքել էին. «Հաշվի առնելով այն, որ ցանկացած միջազգային զորավարժություն, բացի մարտական պատրաստության բաղադրիչից, պարունակում է նաև ռազմադիվանագիտական, ռազմաքաղաքական ուղերձներ, ապա Թուրքիայի բարձրաստիճան ռազմաքաղաքական պատվիրակության ներկայության մասին լուրը թուրք-ադրբեջանական զորավարժությունները մտահոգիչ են դարձնում վերոնշյալ ուղերձների աննախադեպության տեսանկյունից»:

2020-ի հուլիսին razm.info-ն գրել էր, որ Ադրբեջանը Բայրաքթարներ է տեղակայել Նախիջևանում:

«Բայրաքթարների՝ մեզ հայտնի մշտական տեղակայման վայրերից առաջինը Եվլախի օդանավակայանն է, որտեղ տեղակայված է նաև Ադրբեջանի ԶՈւ ԱԹՍ-ների կենտրոններից մեկը»,- հայտնել էր մասնագիտացված կայքը:

«Ռազմինֆո»-ն, դատելով բաց աղբյուրների և արբանյակային լուսանկարների վերլուծությունից, գրել էր նաև՝ Նախիջևանի միջազգային օդանավակայանի հարևանությամբ տեղակայված աերոդրոմն արդեն իսկ շահագործվում էր ու ավարտուն վիճակում էր նախքան 2020թ․ պատերազմը:

Իսկ քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանն ասել էր նաև, որ պատերազմին նախորդող ժամանակաշրջանում` նախիջևանյան զորավարժությունների ընթացքում, թուրքական F16-երի վերաբազավորումը դեպի Գյանջա (Գանձակ) քաղաք հուշում էր, որ այդ ամենը վարժանքի նպատակով չէ։

«Երբ ամեն օր գրեթե 4 ինքնաթիռ անընդհատ` 4, 5, 6 ժամվա մեջ, գտնվում էին օդում և ժամանակ առ ժամանակ հայտնվում էին 45-25 կմ հեռավորության վրա, անգամ այնպիսի մոտեցումներ էին լինում, որ ստիպում էին ՊԲ ՀՕՊ-ին միանալ, ավելացնում էին մեր մտահոգությունները։ Երբ F16-երը ռոտացիայի ենթարկվեցին` ոչ միայն օդաչուների, այլև ինքնաթիռների ռոտացիա էր, դա նշանակում էր համարյա թե մշտական ներկայություն կամ ռազմական գործողությունների սկսման լուրջ ազդակ»,- նշել էր նա:

Այդ ժամանակահատվածից սկսած Տոնոյանը 3 հանդիպում էր ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի հետ:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում.

դիտվել է 209 անգամ
Լրահոս
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը. պատրաստվում են բողոքարկել Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը բանավոր ճանաչել է Պաղեստինն ու Կոսովոն. Իշխանյան Չինաստանի ՊՆ-ն կտրուկ է արձագանքել Պենտագոնի զեկույցին Հրաժարականն անխուսափելի է Առաջին իսկ հնարավորության դեպքում Բաքուն անթաքույց հրճվանքով Մոսկվային կհասցնի «удар ниже пояса»․ Աշոտյան Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել ՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի Կոնստանտինոպոլսկոյե բնակավայրը վերցնելու մասին Հիմնական բարեմաղթանքն ինձ՝ «հաջորդ ծնունդդ առանց Նիկոլ»-ն է. Վազգեն Սաղաթելյան 13-ամյա աշակերտը դանակահարել է 14-ամյա տղային. վիրավորը հոսպիտալացվել է Քաղաքապետարանը հերթական անգամ տապալում է միասնական տոմսային համակարգի ներդնումը. Կամենդատյան Այսօր գտնվում ենք այնպիսի իրավիճակի, երբ ամեն օրը մեզ համար զանազան մարտահրավերներով լեցուն է Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանում կայացած ընտրությունները. Կոբախիձե 18+․ Հայհոյանքների շքերթ Փաշինյանի՝ քանդելու մասին գրառման տակ Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը բանավոր ճանաչել է Պաղեստինն ու Կոսովոն. Իշխանյան Բաշար Ասադի կինը սկսել է քաղցկեղի բուժումը Մոսկվայում. FT Հանուն իշխանության՝ ցանկացած զիջման գնացողը Հերթական խոշոր վթարը՝ Նոր Երզնկա գյուղի կամարի հարևանությամբ. 3 տուժածներից մեկին շտապ տեղափոխել են Երեւան Պակիստանում ահաբեկչությունը մի-քանի մարդու մահվան պատճառ է դարձել Ի՞նչ կանեն ռուսները Հայաստանի հետ․ Հրանտ Բագրատյան (video) Առուշանյանի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մոտ օրերս Նիկոլը տառապում է սթոքհոլմի համախտանիշով, նրան դուր է գալիս ծեծվել և ստորացվել․ Արա Վարդանյան (video) Алиев, как ты можешь других обвинять в терроризме, это ты настоящий террорист! (video) Էդ դերասան Արմեն Սարգսյանին ասեք՝ արի՛ ստեղ. Հրանտ Բագրատյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am