Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորումը մոռացել է, որ այս կեղծ քարոզչական թեզը փորձում էր օգտագործել նաև մեր դեմ․ Ոսկանյան
Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան կարծես մոռացել է, որ մեկ-երկու շաբաթ առաջ իրեն ուղղակի պատռում էր պնդելով, թե Իրանի նորընտիր նախագահն, իբր, «ադրբեջանցի» է՝ փորձելով այս կեղծ քարոզչական թեզն օգտագործել նաև մեր դեմ, գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Մինչդեռ տարածաշրջանում բուռն զարգացումների թոհուբոհում աննկատ մնաց երդմնակալության արարողության ժամանակ Մասուդ Փեզեշքիանի ելույթը, որտեղ Իրանի նախագահը պաշտոնական առաջին իսկ խոսքում անդրադարձավ պարսկալեզու մշակութային տարածքին՝ այն տարածքի, որն ընդունված է կոչել նաև մշակութային Իրան և որն ավելի ընդգրկուն է ու ընդարձակ, քան քաղաքական Իրանը։
Պարսկալեզու մշակութային տարածքի մաս է նաև, դիցուք, Ապշերոնյան թերակղզին արհեստածին Ադրբեջանում, որտեղ առնվազն երկու ավաններում դեռևս պահպանվում է պարսկախոսությունը, իսկ տեղի կովկասյան պարսկերենը կոչվում է «զուհուն փարսի» («պարսից լեզու»):
Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման շրջանակներում այս հինավուրց լեզուն ոչ միայն չի արժանանում որևէ հոգածության, այլ նաև դրա լեզվակիրներն ամենուր ենթարկվում են պետական անխնա ձուլման քաղաքականության»,- գրել է նա։