Կարծում եմ՝ հիմա շատերի համար է հասկանալի, թե ինչ է ասել Սերժ Սարգսյանը և ինչ է նշանակում աջակցել այս «կառավարությանը»․ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է․

«Մեր քաղաքացիների մի մասը մի օր պետք է գիտակցի, թե ինչ է նշանակում աջակցել Փաշինյանի «կառավարությանը»։

Թուրքիան սկսում է ավելի ու ավելի ակտիվ դեր խաղալ աշխարհաքաղաքականության մեջ։ Միևնույն ժամանակ, այն կարևոր դաշնակից է դառնում միանգամից երկու հակադիր բլոկների՝ ՆԱՏՕ-ի և Ռուսաստան-Չինաստան-Իրան եռյակի համար։

Սակայն, այդ համագործակցությունը զուգակցվում է նաև աշխարհաքաղաքական նոր մրցակցության հետ, քանի որ ինքնավստահ դարձած Թուրքիան մարտահրավեր է նետում Ռուսաստանին` Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Հարավային Կովկասում Ադրբեջանին օգտագործելով որպես դարպաս՝ Թուրքիան ընդլայնում է իր ազդեցությունը Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու պետությունների վրա։ Այսպիսով, անդրկասպյան աշխարհաքաղաքական իրավիճակը զարգանում է թյուրքական բլոկի հովանու ներքո՝ ընդգրկելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են անվտանգությունը, առևտուրը և մշակույթը։

Մերձկասպյան տարածաշրջանում Թուրքիայի աճող աշխարհաքաղաքական ազդեցության սկիզբը կարելի է համարել 2020թ. 44 պատերազմը և դրանում Անկարայի ունեցած խոշոր ներդրումը: Արդյունքում Թուրքիան Ադրբեջանի միջոցով ապահովեց իր ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում։ Այս հաջողությունից ոգևորված՝ Թուրքիան և Ադրբեջանը որոշեցին ամրապնդել իրենց ռազմավարական դաշինքը 2021թ. Շուշիի հռչակագրով։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ այդ համաձայնագիրը, որը ներառում է փոխադարձ ռազմապաշտպանական պարտավորություններ, Ադրբեջանի համար, որպես անվտանգության երաշխիք, ապահովում է Մոսկվային իրական այլընտրանք։ Ոգևորված Ադրբեջանն, օգտվելով ռուս-ուկրաինական հակամարտության թեժացումից, 2023թ. սեպտեմբերին, ամբողջովին էթնիկ զտման ենթարկեց Արցախը և ավելի իրատեսական դարձրեց թյուրքալեզու երկրների լայն գերակայությունը ողջ մերձկասպյան տարածաշրջանում:

Թուրքիայի ինքնավստահ քաղաքականությունը Հարավային Կովկասում նոր հորիզոններ բացեց նաև Կասպից ծովի արևելյան կողմում։ Այն ցույց տվեց Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու պետություններին, որ Անկարայի հետ համագործակցությունը կարող է իրական օգուտներ բերել: Ղազախստանն ու Ուզբեկստանը Թուրքիայի հետ իրենց երկկողմ հարաբերությունները բարձրացրեցին բազմակողմանի ռազմավարական գործընկերության մակարդակի` կնքելով համաձայնագրեր ռազմական համագործակցության զարգացման ուղղությամբ, ինչպիսիք են զորքերի պատրաստումը, համատեղ զորավարժությունները և հետախուզական տվյալների հավաքագրումը: Թուրքական ռազմական արդյունաբերությունը արագորեն գերիշխող դիրք է ձեռք բերում Կենտրոնական Ասիայի անօդաչու թռչող սարքերի աճող շուկայում։

«Միջին միջանցք»

Կոմունիկացիաների պայքարում թյուրքական համագործակցությունը այսօր օգնում է նաև ակտիվացնել անդրկասպյան տրանսպորտային երթուղին, որն ավելի հայտնի է որպես «Միջին միջանցք» (այն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով դեպի Թուրքիա և եվրոպական երկրներ), որպես Ռուսաստանը շրջանցող այլընտրանքային ճանապարհ։ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների համար «Միջին միջանցքն» արտացոլում է Չինաստանի և Եվրոպայի միջև միջմայրցամաքային առևտրի իրենց տեսլականը՝ կապելով նրանց ԵՄ-ի Global Gateway, ինչպես նաև չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեգա նախագծերի հետ: Չինաստանը ծրագրում է նաև լրացուցիչ հարավ-կենտրոնական ասիական երթուղի կառուցել Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան երկաթուղու կառուցման միջոցով, որը, հավանաբար, կապված կլինի «Միջին միջանցքին»։

Անկարայի տեսանկյունից այն նշանակում է «անխոչընդոտ» առևտրային ուղի Ստամբուլից դեպի Կենտրոնական Ասիա: Հարավային Կովկասի գլխավոր տրանսպորտային միջանցքը առայժմ շարունակում է մնալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որը Վրաստանի տարածքով Ադրբեջանին կապում է Թուրքիայի, այնտեղից էլ՝ Եվրոպայի հետ։ Այս երթուղու թողունակությունը բավարար չէ անդրկասպյան առևտրի աճող հոսքերը սպասարկելու համար։ Այս համատեքստում Թուրքիան, Ադրբեջանը և Կենտրոնական Ասիայի չորս թյուրքական երկրները պարտավորվել են համատեղ առաջ մղել վիճելի «Զանգեզուրի միջանցք» գաղափարը, որը ենթադրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորում, թեև Իրանը, որպես այլընտրանք, առաջարկել է իր տարածքով անցնող Արասի երթուղին:

Արևմտյան աշխարհում Ռուսաստանը շրջանցող տրանսպորտային երթուղիների աճող պահանջարկի ֆոնին տեղի ունեցան անդրկասպյան իրադարձությունների մի ամբողջ շարք՝ «Միջին միջանցք» նախագծի դերը բարձրացնելու նպատակով։ Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը և Թուրքիան համաձայնեցրել են երթուղու զարգացման ճանապարհային քարտեզը մինչև 2027թ։ Նրանք նպատակ ունեն դրա հզորությունը հասցնել մինչև 10 մլն տոննա բեռի՝ ներկայիս մոտ 2 մլն տոննայի փոխարեն։ Որպեսզի դա տեղի ունենա, «Միջին միջանցքի» շղթայում գտնվող պետությունները պետք է լուծեն մի շարք հարցեր, ինչպիսիք են տարանցման և առևտրի ընթացակարգերը, սահմանային անցումների և ծովային նավահանգիստների խցանումները, ինչպես նաև բեռնարկղերի և բեռնափոխադրումների անբավարար հզորությունը մեծ ծավալներով բեռնաթափելու համար: Այս նպատակով 2024թ. հունվարին ԵՄ-ն հայտարարեց, որ եվրոպական և միջազգային ներդրողները պարտավորվում են 10 միլիարդ եվրո ներդնել «Միջին միջանցքի» զարգացման ծրագրում։

Առևտրային տրանսպորտի և լոգիստիկայի խափանումները հատկապես խնդրահարույց են Ղազախստանի տնտեսության համար: Դեպի արևմտյան շուկաներ ղազախական նավթի արտահանման մոտ 80%-ն անցնում էր ՌԴ տարածքով: 2022թ. Ռուսաստանն ընդհատեց այդ հոսքը, որից հետո Ղազախստանը ստիպված եղավ դեպի Եվրոպա տարանցման շուրջ համագործակցությունը զարգացնել Ադրբեջանի հետ։ Բնական գազի հսկայական պաշարներ ունեցող Թուրքմենստանը ևս ակտիվացրել է բանակցություններն Ադրբեջանի, Թուրքիայի և Եվրահանձնաժողովի հետ՝ երկար ժամանակ առաջարկված դեպի Եվրոպա Անդրկասպյան գազատարի շուրջ: Սա մի նախագիծ է, որն, ըստ մասնագետների, կպահանջի հսկայական ներդրումներ: Կենտրոնական Ասիայի ռեսուրսներով հարուստ երկրների համար Թուրքիայի աշխարհագրական դիրքը նրան դարձնում է գազի և նավթի կարևոր հանգույց, ինչպես նաև առանցքային մուտք դեպի արևմտյան էներգետիկ շուկաներ:

Թյուրքական աշխարհի միասնությունը

Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամ երկրները՝ Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը, ընդունել են «Թյուրքական աշխարհի տեսլականը մինչև 2040 թվականը» հավակնոտ ծրագիրը։ Նպատակն է կազմակերպությունը դարձնել ԵՄ-ի թյուրքալեզու համարժեքը՝ երաշխավորելով ապրանքների, կապիտալի, ծառայությունների, տեխնոլոգիաների և մարդկանց ազատ տեղաշարժը անդամ երկրների միջև։ Թուրքական ներդրումային բանկն առայժմ գտնվում է սաղմնային փուլում, իսկ մշտապես չեզոք Թուրքմենստանը, որը սովորաբար խուսափում է բազմակողմ կառույցներից, միացել է ԹՊԿ-ին՝ որպես դիտորդ: ԹՊԿ-ն նախատեսում է բազմաթիվ նախագծերի մշակում, որոնք ուղղված են թյուրքական համերաշխությանն ու միասնությանը: Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպությունը TURKSOY-ն իրականացնում է համատեղ մշակութային և գիտական նախաձեռնություններ թյուրքական բլոկի մաս կազմող պետություններում։ Թուրքիայի նախագահ Էրդողանը նույնիսկ առաջարկել է ստեղծել ընդհանուր թյուրքական այբուբեն։

Փափուկ ուժի այս նախագիծը փաստացի ստացվում է, որ հետխորհրդային թյուրքալեզու տարածքում «Ռուսական աշխարհ» գաղափարի մրցակիցն է: Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայի երկրներում տեղի են ունենում սոցիալական և ժողովրդագրական փոփոխություններ, որոնք ազդում են դրանցում բնակեցված ժողովուրդների ինքնության ձևավորման վրա։ Կենտրոնական Ասիայի բնակչության ավելի քան 70%-ը մինչև քառասուն տարեկան է։ Ռուսական մշակույթը կորցնում է իր երբեմնի գերիշխող դերը տարածաշրջանում, քանի որ առաջին պլան է գալիս հետխորհրդային մի սերունդ, որը չունի ԽՍՀՄ-ում կյանքի հիշողություն:

Ի՞նչ է նշանակում Թուրքիայի աճող դերակատարումը լիբերալիստական Արևմուտքի համար

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության անկանխատեսելի հետևանքները Ադրբեջանին և Կենտրոնական Ասիայի երկրներին այլ ելք չեն թողնում, քան փորձել դիվերսիֆիկացնել իրենց արտաքին քաղաքական կապերը և այլընտրանքային ուղիներ փնտրել միջազգային շուկաներ դուրս գալու համար: Թուրքիան զգայուն է այլընտրանքային գործընկերությունների աճող պահանջարկի նկատմամբ։ Ընդլայնելով իր դիրքերը պաշտպանության, էներգետիկայի և մշակույթի ոլորտներում, որոնք միշտ եղել են Մոսկվայի ազդեցության առանցքը, Թուրքիան Կասպից ծովի տարբեր կողմերում հակակշիռ է դառնում Ռուսաստանին։

Լիբերալիստական Արևմուտքի համար Թուրքիան առանցքային դաշնակից է, որը պետք է լինի նրանց կողքին: Արևմուտքի համար թյուրքական աշխարհի կարևորությունը մեծանում է նրանով, որ այն կարող է խոչընդոտել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի միջև ձևավորված և հեռանկարում ընդլայնման պոտենցիալ ունեցող սերտ համագործակցությանը: Եթե Արևմուտքը վերոնշյալ եռյակի աճող ազդեցությանը չհակազդի, ապա այն կարող է ընդլայնվել արևելքում՝ Խաղաղ օվկիանոսից մինչև արևմուտքում գտնվող Միջերկրական ծով՝ ձևավորելով նոր աշխարհակարգի ազդեցիկ բևեռը:

Աշխարհաքաղաքական մրցակցության ներկա դարաշրջանում Թուրքիային, որը կայացած տարածաշրջանային տերություն է, կարելի է բնութագրել որպես «ճոճվող պետություն»: Չնայած այն ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն գաղափարապես չի հարում ոչ Արևմուտքին, ոչ էլ Պեկին-Մոսկվա-Թեհրան եռյակին: Ինչպես շատ այլ տարածաշրջանային և միջին տերություններ, Անկարան ակտիվորեն պաշտպանում է իր խաղադրույքները՝ պահպանելով տնտեսական, դիվանագիտական, ռազմական և տեխնոլոգիական կապեր երկու բևեռների միջև:

Սակայն Թուրքիան ունի իր օրակարգը, որը չի ենթադրում ենթակայություն ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Չինաստանին։ Հետևաբար, Արևմուտքի շահերից է բխում օգնել Թուրքիայի ծրագրերին՝ թյուրական պետությունների միավորմամբ դառնալ հակակշիռ Մոսկվա-Պեկին-Թեհրան առանցքին։ Նման քաղաքականության անբաժանելի մասը պետք է լինի թյուրքական աշխարհի աճող միավորմանն աջակցությունն ու զարգացումը և Կասպից ծովի արևելքում և արևմուտքում տեղակայված պետությունների ավելի սերտ համագործակցությունը եվրոպական անվտանգության ճարտարապետության հետ: Այդ նպատակով արևմտյան տերությունները մեծացնում են աջակցությունը և համագործակցությունը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ:

Այս համառոտ վերլուծությունը ևս մեկ անգամ փաստում է, որ ճիշտ են Հայաստանում տարածված այն համոզմունքները, որ Փաշինյանի և իր շրջապատի համար իշխանության զավթումն ու այն ամեն գնով պահպանելը խոշոր ուժերի համար ի սկզբանե եղել է հեռանկարային: Այն պետք է ամեն գնով հանձներ Արցախն Ադրբեջանին, ամեն գնով պետք է «խաղաղություն» կառուցի Հայաստանի և Ադրբեջանի միջև, ամեն գնով կտրի Հայաստանի և Իրանի միջև ցամաքային կապը՝ բացելով Թուրքիայի ճանապարհը դեպի Կենտրոնական Ասիա, ամեն գնով խզի Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները և այլն:

Այս ամենից դժվար չէ կռահել, թե արդյունքում որ պետություններն են հայտնվելու շահեկան վիճակում, և որ պետությունն է կանգնել գոյաբանական վտանգի առջև, որից միակ ելքը կարող է լինել ՀՀ-ում իշխանության փոփոխությունը:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մի առիթով արդարացիորեն ասել է, որ 2018թ. ինքն իշխանությունը չի հանձնել Նիկոլին, այլ պարտվել է խոշոր ուժերի (խոշոր աշխարհաքաղաքական պրոյեկտների):

Կարծում եմ՝ հիմա շատերի համար է հասկանալի, թե ինչ է ասել Սերժ Սարգսյանը և ինչ է նշանակում աջակցել այս «կառավարությանը»:

դիտվել է 451 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am