Ռիսկային ներդրում. ինչպե՞ս է «Սիթի բայք»-ը ներգրավել տասնյակ հազարավոր քաղաքացիների, և ովքե՞ր են ծրագրի հետևում․ «Հետք»

«Հետք»-ը գրում է. «Սիթի բայք»-ի տելեգրամյան խմբում ամեն օր մարդիկ հազարավոր նամակներ են գրում։ Ոմանք հարցնում են՝ ինչպես պետք է գրանցվեն, ներդրում կատարեն, արդյո՞ք կարող են առանց ներդրում անելու գումար հանել, ոմանք էլ, դեռևս չգիտակցելով, որ իրենց խաբել են, նշում են, թե չեն կարողանում էջ մուտք գործել, քանի որ իրենց արգելափակել են։ Բոլորին մեկ պատասխան են տալիս՝ «կապվեք ձեր վերադասի հետ»։ Իսկ երբ մարդիկ գրում են «վերադասներին», նրանք չեն պատասխանում նամակներին կամ էլ արգելափակում են։

Ընկերությունը ներկայանում է որպես ամերիկյան հայտնի Citi bike հեծանիվների վարձակալությամբ զբաղվող ընկերության հայաստանյան ծրագիր։

Տեղեկատվության անվտանգության մասնագետ Արթուր Պապյանի կարծիքով՝ «Սիթի բայք»-ի գործելաոճը շատ նման է ֆինանսական բուրգի։

«Ֆինանսական բուրգերը տարբեր երկրներում հաջողության են հասնում, որովհետև իրենք երկար ժամանակ հավաքում են մեծ քանակի մարդկանց, բոլորի գումարները կուտակում են և ամենահամապատասխան պահին միանգամից անհետանում են։ Իրավապահ համակարգն էլ մնում է բազմաթիվ, մի քանի տասնյակ հազարավոր բողոքների տակ։ Այդպիսի տեղերում պետք է ներդրում անեք այնքան գումար, որքան պատրաստ եք կորցնել»,-ասել է Արթուր Պապյանը։

«Ի՞նչ մեխանիզմով է աշխատում ծրագիրը

Ներկայանալով հաճախորդ՝ այցելեցինք Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասի Րաֆֆու 23/6 հասցեում գտնվող «Սիթի բայք»-ի խանութ։ Ծանոթանալուց հետո ասացինք, որ ուզում ենք ներդրում կատարել իրենց ծրագրում եւ փող աշխատել: Խանութի մենեջեր ներկայացած Ջուլիետան մեզ ներկայացրեց, թե ինչպես է ծրագիրը գործում, ինչու է ինքն անձամբ վստահել։

Ջուլիետան մեզ ցույց տվեց իր ներդրումները, ասաց, որ միայն 1 միլիոն դրամ փոխանցել է ծրագրի «խնայողություններ» բաժնին։ Նրա խոսքով՝ ինքն օրական 46 000 դրամ եկամուտ ունի, որը ձեւավորվում է թե՛ իր ներդրումներից ստացած տոկոսներից, թե՛ այն մարդկանցից, ովքեր գրանցվել են իր կոդով և նույնպես ներդրում արել։

Նա մեզ ցույց տվեց իր աշխատած գումարով գնած ոսկյա զարդերը, ասաց, որ չի զղջա և ոչ մեկին չի մեղադրի, եթե անգամ կորցնի իր ներդրած 1 մլն դրամը, քանի որ ավելի շատ գումար է ստացել, քան ներդրել է։ Ջուլիետայի խոսքով՝ պետք է ռիսկի դիմել և միանգամից ավելի շատ գումար ներդնել, VIP-երը կարելի է մի քանի անգամ գնել։ Ավելացրեց, որ չեն կարող ասել՝ ծրագիրը Հայաստանում ինչքան կմնա, բայց ինքը վստահում է ծրագրին, քանի որ տեսնում է՝ խանութներ են բացվում, մեկն էլ շուտով Մասիս քաղաքում կբացեն։ Բացի այդ, թանկարժեք միջոցառումներ են կազմակերպում, օրինակ՝ վերջերս Գյումրիում տեղի ունեցած միջոցառման ժամանակ մասնակցին վերջին սերնդի Iphone են նվիրել, նաև դրամական պարգևներ են հանձնել։ Այս ամենը իրեն վստահություն է ներշնչում։

Ջուլիետան նշեց, որ երբ ներդրում է կատարվում, ամերիկյան ընկերությունը դա օգտագործում է նոր հեծանիվների համար, որոնք վարձակալության տալով՝ մարդկանց տոկոսներ է տրամադրում։ Սակայն կանխիկացում կատարելիս 20%-ի չափով գումար է գանձվում։

Նա օգնեց մեզ գրանցվել կայքում և նշեց, որ ստացած եկամուտը հնարավոր է կանխիկացնել միայն երբ ներդրում կատարենք։

Մեր այն հարցին, թե ե՞րբ հնարավոր կլինի սրահում առկա հեծանիվները վարձակալել, Ջուլիետան ասաց, որ դեռ չգիտի։

Ովքե՞ր են կանգնած ծրագրի հետևում

Րաֆֆու 23/6 տարածքը, որտեղ «Սիթի բայք»-ի խանութն է, 2023թ. հուլիսի 1-ից վարձակալության է հանձնվել Ջուլիետա Մարտիրոսյանին։ Ջուլիետան այս խանութի մենեջերն է, նաև՝ «Սիթի բայք»-ի միջոցառումների կազմակերպիչը։ Բացի այդ, Ջուլիետան անհատ ձեռնարկատեր է, իրավաբանական անձանց պետական ռեգիստրում որպես նրա գործունեության հասցե նշված է Րաֆֆու 23/6-ը, այսինքն՝ հենց այս խանութի հասցեն։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի՝ վերջինիս գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։

«Սիթի բայք»-ն իր տելեգրամյան պաշտոնական խմբում հրապարակել էր մի փաստաթուղթ, ըստ որի՝ իրենք օրինական են աշխատում, քանի որ գրանցված են։

Այդ փաստաթղթում նշված էր Ալիսա Հովակիմյան ԱՁ անունը, փաստաթուղթը նաև փակցրած էր Րաֆֆու 23/6 փողոցի վրա գտնվող խանութի դռանը։ Պետական ռեգիստրում որպես գործունեության հասցե նշված էր Ալիսայի բնակության վայրը։ Ալիսան որպես անհատ ձեռնարկատեր գրանցվել է 2023թ. օգոստոսի 11-ին, նա նկարահանվել է նաև «Սիթի բայք»-ի մասին պատմող տեսանյութում։Որպես մենեջեր ներկայացած Ջուլիետան մեզ ասաց, որ «Քաղաքային հեծանիվներ» ՍՊ ընկերություն ունեն և մեզ ցույց տվեց Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից վերցրած մի փաստաթուղթ, որտեղ նշված էր Ասյա Մեհտիի Գասպարյանի անունը՝ իբրեւ ընկերության 100% բաժնետեր։

Ջուլիետան թույլ չտվեց նկարահանել փաստաթուղթը, բայց թույլ տվեց ծանոթանալ դրան։ Մեր հարցին, թե ի՞նչ անունով է գրանցված ընկերությունը, Ջուլիետան պատասխանեց՝ հենց «Սիթի բայք»։ Նշենք, որ Հայաստանում գրանցված է «Սիթի բայք» անվանումով ՍՊԸ, որը զբաղվում է հեծանիվների վաճառքով։ Սակայն այն որևէ առնչություն չունի ներդրումներով աշխատող այս ընկերության հետ։

Ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ ներդրումներով աշխատող ընկերությունը գրանցված է «Քաղաքային հեծանիվներ» անունով, որն, ըստ էության, «Սիթի բայք»-ի հայերեն անվանումն է։ Ընկերությունը գրանցվել է նոյեմբերի 15-ին։
«Սիթի բայք»-ի կայքում վերալիցքավորման բաժնում որպես գումար ստացող նշված է Ժորա Մոսինյանի անունը։ ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալներով՝ Ժորա Մոսինյանը և Ասյա Գասպարյանը հաշվառված են մեկ հասցեում։ Ասյա Գասպարյանը Ժորա Մոսինյանի մայրն է։ Ժորա Մոսինյանի ֆեյսբուքյան էջում նշված է, որ աշխատում է ոստիկանությունում։ Պարզեցինք, որ նա Լոռու մարզի Թումանյանի ոստիկանության բաժնի օպերլիազոր է։

Ամերիկյան Citi Bike ընկերությունը հերքում է, թե Հայաստանում ծառայություններ է մատուցում
«Հետք»-ի ընթերցողներից մեկը դիմել էր ամերիկյան «Սիթի բայք» ընկերությանը՝ ճշտելու՝ արդյոք իրենք Հայաստանում ներդրումներով աշխատող «Սիթի բայք»-ի հետ կապ ունեն։

«Ամերիկյան «Սիթի բայք» ընկերությունը որևէ կապ չունի դրա հետ»,- պատասխանել էին ընկերությունից»։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 400 անգամ
Լրահոս
ԲԱՑ ՆԱՄԱԿ` ՀՀ գլխավոր դատախազ՝ Ա. Վարդապետյանին Վրաերթի ենթարկված 43-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է ՀՀ գործող վարչախմբի՝ տարածքների զիջումը բարդ վիճակ է ստեղծել ՀՀ պետականության համար Գյումրիի քաղաքապետը ծանր վիճակում տեղափոխվել է Երևան Որոշումը միայն պաշտոնապես մոբիլիզացված մեքենաների մասին է․ մնացածին կառավարությունը տեր չէ Նորատուսի անտառում ծառերի սպանդ է իրականացվել Բալասանյանների շնորհիվ Մարալիկում և Ախուրյանում իշխանությունը "զավթած" քայլիստները Բալասանյաններից խլու՞մ են Գյումրին Կենտրոնի թաղապետի և Ավինյանի խորհրդականի՝ մտերիմի ընկերությունը, 3 մլրդ դրամի տենդեր է հաղթել Կրակոցներ են հնչել Արարատի մարզում․ կրակողին վնասազերծել են Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել՝ Սամվել Բալասանյանին ՔԿ ներկայացնելու «Բարի և չար» սրբազանների արանքում չմոռանանք, թե ինչի համար ենք «հավաքվել» Երեւանում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած և զոհ Ավետ Պողոսյանը՝ ՀՌՀ անդամի թեկնածու Արարատ Միրզոյանը և Ռեջեփ Էրդողանը կհանդիպեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց պաշտպանության կարգավիճակը երկարաձգվել է Երևանում ծառը կոտրվել և ընկել Է կայանված մեքենաների վրա Հովիկ Աղազարյանի որդուն պատկանող ընկերության մեքենաները Քննչական կոմիտեն արգելում է արտահանել Իշխանության յուրացման նախապատրաստության մեջ մեղադրվող Արմեն Մնացականյանին ապօրինի պահում են ՔԿՀ կարանտինային բաժանմունքում․ փաստաբանն ահազանգում է Գերասիմ Վարդանյանի կալանքի սահմանադրականության հարցի հետ կապված դիմումը ՍԴ-ն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով․ Փաստաբան Արարատի մարզի 46–ամյա բնակիչը ձերբակալվել է՝ 34–ամյա համագյուղացու սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am