Բեմից իմ անձի հասցեին վիրավորական արտահայտություն արեց, ստացավ համարժեք պատասխան․ Սոնա Աղեկյան
«Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանն ավագանու անդամին ոչ հարիր պահելաձևով մոտեցավ ամբիոնին և ինձ վիրավորեց։ Այս մասին ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը՝ պարզաբանելով իր և Անի Խաչատրյանի միջև տեղի ունեցած վեճը։
«Անի Խաչատրյանն ամբիոնն անվանեց բեմ: Ավագանու նիստերի դահլիճը դա թատերական ինչ- որ վայր չէ, կա ամբիոն, որտեղից քաղաքական խոսք է հնչում։ Ժամը 10։00-ից, ինչ սկսել է Երևանի ավագանու նիստը, այդ անձը ստանձնել է քաղաքապետի և ՔՊ-ական մյուս ավագանու անդամների փաստաբանի դերը։ Վիրավորական արտահայտություն հնչեցրեց իմ անձի հասցեին և ստացավ համարժեք պատասխան, ինչից հետո հարձակում գործեց ինձ վրա»,- մանրամասնեց նա։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու նիստում վիճաբանություն սկսվեց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի և «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի միջև, որը վերաճեց թեժ կռվի:
Անի Խաչատրյանը Սոնա Աղեկյանին «կոյուղաջրերի թագուհի» անվանեց՝ ակնարկելով տարիներ առաջ Սոնա Աղեկյանի կողմից նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղղությամբ լցված կոյուղաջրի պատմությունը, ինչից հետո սկսվեց քաշքշուկ ավագանու անդամների միջև: