Պետության հատկացրած կացարանի համար արցախցի ընտանիքից գումար են պահանջել
Մարտակերտից բռնի տեղահանված Կարինե Այվազյանն ահազանգում է, կացարանում, որ պետությունը տրամադրել է, անմարդկային պայմաններ են։
«Փաստինֆոյի» հետ զրույցում կինը պատմեց, որ Գորիսից, որտեղ հաշվառվել են, իրենց ասել են, որ գնան Մարտունի։ «Մարտունիից էլ գյուղապետը մեզ գյուղ է բերել, մի տուն տվեցին, տունը, ո՞րն է, գոմ է, ու էդ գոմում մենք ենք։ Ոչինչ չկա, ընդհանրապես ոչինչ, անգամ ջուր չկա, բաղնիք- զուգարան չկա։ Երեկ մենք ենք զուգարան սարքել, նաև գազ քաշեցին, որ կարողանանք գոնե ուտելիք սարքել, այն էլ տան տերն եկավ, ասաց՝ էնպես չանենք, որ գազի վարձն իր վրա մնա։ Միայն մահճակալ կա տանը, ոչ սեղան կա, ոչ աթոռ, ոչ սպասք։
Գյուղապետը մի քիչ մակարոն ու բրինձ է բերել, ոչ մի հիգիենայի պարագա, բայց ձեռքներիս էլ ներկա պահին փող չկա, որ գնանք առնենք։
Մեզ բերել են թողել էս տանն ու գնացել, ոչ գյուղապետն է հետաքրքրվում, ոչ տան տերը, ոչ էլ պետությունից որևէ մեկը։
Գոմը տվել են, ասում են՝ յոլա գնացեք, ասում եմ՝ հիմա յոլա գնանք, բայց ձմռանն այստեղ մնալ չի լինի, տան տերն էլ ասում է՝ գազը քիչ վառեք, որ գումարը չմնա իր վրա»։
Կինը պատմեց, որ այդ տան համար իրենցից վարձ են պահանջում։ «Գյուղապետը տան տիրոջ հետ խոսեց, մեզ ասացին՝ 60 հազար փող պիտի տանք տան համար, տան տերը չէր համաձայնում, ասում եմ՝ էս ինչ տուն ա, որ 60 000-ով էլ չես համաձայնում տալ, ոչ ջուր կա, ոչ բաղնիք-տուալետ կա, ոչ մի բան չկա»։
Տիկին Կարինեն ընդգծեց, որ դեմ չեն լինի նույն գյուղում մնալ, միայն թե այնպիսի տուն լինի, որ կենցային պայմաններ լինեն։ «Մենք ամեն ինչ էլ կստեղծենք, բոլորս էլ աշխատող մարդիկ ենք, միայն թե հիմա այնպիսի տուն լինի, որ գոնե մի բաղնիք լինի՝ կարողանանք լողանալ, Ղարաբաղից մնացած կեղտը դեռ մեր վրա է, տեղ չունենք լողանալու»։
Նա նաև նշեց, որ Մարտակերտից միայն մի քանի տաք հագուստ են հասցրել վերցնել ու անձնագրերը։ «Արկը բակում պայթեց, պայթյունի ալիքից տունն ավիրվել է։ Հիմա ընտանիքով ենք այստեղ, տղաս 22 տարեկան է, Երևան է գնացել, հացի փռում արդեն աշխատում է։ Բարեկամի տանն է, բայց մեկ սենյականոց տուն է, առայժմ կմնա, մինչև մի ուրիշ տեղ տուն գտնի։ Մենք ամեն ինչ էլ ինքներս կանենք, բայց հիմա պայմաններն անտանելի են»։