Մարդասիրական օգնություն Ստեփանակերտ՝ և՛ Լաչինով, և՛ Աղդամով. հայկական կողմը համաձայնեց 2 ճանապարհներով բեռների զուգահեռ գործարկմանը

Պաշտոնական Ստեփանակերտը երեկ համաձայնեց Աղդամի ճանապարհով ու Լաչինի միջանցքով հումանիտար բեռների միաժամանակ տեղափոխմանը։ Արցախի տեղեկատվական շտաբը երեկ հայտարարեց՝ ընդունել են Կարմիր Խաչի Ստեփանակերտի գրասենյակի ու ռուս խաղաղապահների առաջարկը՝ հաշվի առնելով խորացող աղետն ու անվտանգային իրադրությունը։ «Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման հետևանքով առաջացած ճգնաժամն օրեցօր խորանում է: Հացահատիկի հայթայթման և հացի արտադրամասերին ալյուրի մատակարարման գործընթացը կառավարությունը կազմակերպում է սուղ պայմաններում և, ցավոք սրտի, ոչ միշտ է հաջողվում ամեն օր ապահովել կտրոնային համակարգով նախատեսված քաղաքացուն օրական հասանելիք 200 գրամ հացը», - մասնավորապես նշվեց Տեղեկատվական շտաբի հաղորդագրությունում:

Հացի վաճառքը կտրոնով դարձնելը ճգնաժամը չի մեղմել, որովհետև Արցախում ալյուրի խնդիր կա։ Կառավարությունը խոստովանում է՝ կարողանում են մատակարարել հացի պահանջարկի միայն 20 տոկոսը։ Տասնյակ հազարավոր ընտանիքներ սոված են։ Ստեփանակերտը հայտարարում է նաև. - «Միջնորդներն աշխատանք են տանում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ՝ հանրապետությունում լարված հումանիտար և անվտանգային իրավիճակը թոթափելու նպատակով»:

Մյուս կողմից, շաբաթներ շարունակ հայկական կողմն ահազանգում է՝ ադրբեջանական զինուժի կուտակումներ ու տեղաշարժեր են Հայաստանի ու Արցախի առաջնագծի երկայնքով։ Երեկ երեկոյից Մարտակերտից էին տեղեկություններ հասնում, թե իրադրությունը լարված է։ Արցախի պաշտպանական գերատեսչությունը տագնապային տրամադրությունները փորձեց մեղմել: «Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն իրականացնում է իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և որևէ էական զարգացման դեպքում անհապաղ իրազեկում է հանրությանը», - վստահեցրեց ԼՂ Պաշտպանության նախարարությունը:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ երեկ կեսօրից սկսած Սրխավենդի, Կիչան-Նոր Ղազանչի ուղղությամբ է ադրբեջանական կողմը զորք ու զինտեխնիկա կուտակել, որպես թիրախ շրջանառվում էր նաև Սարսանգի ջրամբարի ուղղությունը:

Արցախը դեկտեմբերից շրջափակման մեջ պահող Բաքուն երեկ հաղորդեց, թե «պատրաստ է կազմակերպել Աղդամ-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների զուգահեռ օգտագործումը՝ ադրբեջանական օրենսդրության պահանջներին համապատասխան», հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։

Պաշտոնական Բաքվի ներկայացուցիչը նշել է, որ դիմելով ադրբեջանական կողմին, ԿԽՄԿ-ն նախնական տեղեկություն է տրամադրել, որ հայկական կողմը համաձայնել է երկու ճանապարհներից բեռների զուգահեռ ընդունմանը սեպտեմբերի 18-ին։ «Ակնկալվում է, որ մոտ ապագայում ԿԽՄԿ-ն պաշտոնական նոտա կներկայացնի ադրբեջանական կողմին այս հարցով»,- ասել է Հաջիզադեն։

Ահա այսօր հայտնի դարձավ, Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը բեռնատարներով անհրաժեշտ մարդասիրական օգնություն է հասցրել Ստեփանակերտ՝ և՛ Լաչինով, և՛ Աղդամով: Ըստ APA լրատվական գործակալության` ալյուր է և դեղամիջոցներ: «Մենք շատ գոհ ենք, որ որոշում կայացնողները եկել են մարդասիրական կոնսենսուսի, և այս գործընթացը կայացել է: Մենք հուսով ենք, որ մարդասիրական կոնսենսուսը թույլ կտա անհրաժեշտ օգնություն տրամադրել կարիքավորներին շարունակական հիմունքներով», - նշել է ԿԽՄԿ ներկայացուցիչը:

ԿԽՄԿ-ը մարդասիրական գործունեություն է ծավալում անցյալ տարվա դեկտեմբերից։ Դեկտեմբերից մինչ այսօր ավելի քան 800 մարդ է տարհանվել բուժական նպատակներով։ «Նաև այս բժշկական տարհանումների ընթացքում որոշ բժշկական պարագաներ առաքվել են Լաչինի ճանապարհով։ Այնուամենայնիվ, վերջին շրջանում մեծածավալ բժշկական պարագաներ կամ մեծածավալ մարդասիրական օգնություն չէր հաջողվում մատակարարել: Այսօր մեզ հաջողվեց իրականացնել այս առաքելությունը։ Որպեսզի ԿԽՄԿ-ն իրականացնի իր գործունեությունը, պետք է լինի որոշում կայացնողների համաձայնությունը», - նշել է ԿԽՄԿ ներկայացուցիչը։

Այսօր առավոտյան ապահովվել է Կարմիր Խաչի բեռնատարների միաժամանակ մուտքը Լեռնային Ղարաբաղ Լաչինի և Աղդամի ճանապարհներով, հաղորդում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: «Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ) ճանապարհը բաց է, ֆունկցիոնալ և պետք է այդպես լինի: Դա Ադրբեջանի արդար, սկզբունքային, օրինական և անբեկանելի դիրքորոշումն է», X-ում գրել է Հաջիևը՝ պնդելով, թե «ամբողջ միջազգային հանրությունը ևս մեկ անգամ ականատես եղավ, որ չկա այսպես կոչված շրջափակում»:

Իր հերթին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր հաղորեց, որ Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով ալյուր և բժշկական կարևոր պարագաներ է հասցրել Լեռնային Ղարաբաղում կարիքի մեջ գտնվող անձանց։ ԿԽՄԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ սա հնարավոր է դարձել «որոշում կայացնողների միջև հումանիտար փոխհամաձայնության հասնելու դիվանագիտական ջանքերի շնորհիվ»: «Մեզ մեծապես մխիթարում է այն, որ շատ մարդիկ, որոնք ապավինում են մարդասիրական օգնությանը, առաջիկա օրերին, վերջապես, կստանան այդքան անհրաժեշտ աջակցությունը։ Առողջապահական կառույցները չունեն բժշկական պարագաներ: Մարդիկ հացի համար ժամերով հերթ են կանգնում: Նրանք կանոնավոր մարդասիրական առաքումների միջոցով կայուն օգնության կարիք ունեն: Այս կոնսենսուսը մեր թիմերին թույլ է տվել վերսկսել այս կյանքեր փրկող աշխատանքը», - ասել է ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Արիան Բաուերը:

Հայտարարությունում նշվում է, որ ԿԽՄԿ-ն վերջին շաբաթների ընթացքում բանակցություններ էր վարում «որոշում կայացնողների հետ»՝ քննարկելով տարբեր ճանապարհներով տարածաշրջան օգնություն հասցնելու տարբերակները, այդ թվում՝ Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով։

«Երկուշաբթի օրվա գործողությունը ներառում է երկու բեռնատար, որոնք միաժամանակ ապրանքներ են մատակարարել Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով», - նշված է հայտարարությունում։

ԿԽՄԿ-ի տարածաշրջանային տնօրենը հույս է հայտնել, որ հումանիտար բեռի մատակարարումները շարունակական կլինեն։ «Հուսով եմ, որ այս կոնսենսուսը թույլ կտա, որ մեր խիստ հումանիտար շարասյուները վերսկսեն մատակարարումները ոչ միայն այսօր, այլև հաջորդ շաբաթներին, որպեսզի մենք կարողանանք կանոնավոր օգնություն հասցնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Մեր նպատակն է հասնել նրանց, ովքեր օգնության կարիք ունեն՝ չեզոքության, անկողմնակալության և անկախության մեր հիմնարար սկզբունքներին համապատասխան», - նշել է Արիան Բաուերը։

Այսպես, մարդասիրական օգնությունը Ստեփանակերտ հասավ՝ և՛ Լաչինով, և՛ Աղդամով: Հայկական կողմը համաձայնեց 2 ճանապարհներով բեռների զուգահեռ գործարկմանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1210 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am