Պուտինի ուղիղ ակնարկն արցախցիներին ու Ալիևին

Արցախի իշխանությունները թույլ տվեցին Աղդամով ռուսական բեռների մուտքը Արցախ

Ռուսաստանյան Կարմիր Խաչի մարդասիրական օգնությամբ բեռնատարն անցել է Աղդամի շրջանով և ուղևորվում է Ստեփանակերտ, այսօր առավոտյան հաղորդեցին ադրբեջանական լրատվամիջոցները։ Հրապարակվեց նաև տեսանյութ, որում, ըստ Բաքվի, հումանիտար օգնությամբ բեռնված մեքենան հատում է անցակետը:
ժամեր անց Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց. - «Ինչպես նախապես հայտարարվել էր, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ: Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով, հանրապետության իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ»:

Անցած շաբաթվա վերջին Արցախի իշխանությունները որոշեցին թույլ տալ Աղդամով ռուսական բեռների մուտքը Արցախ։ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդում էր, որ միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից: Սրան հետևեց ադրբեջանական արձագանքը, թե ռուսականի բեռի մուտքը Ստեփանակերտ առանձին պայմանավորվածություն է, չշփոթել Աղդամն ու Լաչինը միաժամանակ բացելու առաջարկի հետ:

Այսպես, այսօրվա դրությամբ, Բաքուն համաձայնել է Լաչինի և Աղդամի ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը՝ ԿԽՄԿ միջնորդությամբ: Ադրբեջանը համաձայնել է Լաչինի և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն ի պատասխան տեղական լրատվամիջոցների հարցերի։ «Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Աղդամ-Խանքենդի [Ստեփանակերտ. - խմբ.] ճանապարհին զուգահեռ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ բեռների փոխադրման համար պայմաններ ստեղծել՝ Լաչինի սահմանային անցակետում սահմանային և մաքսային ընթացակարգերի պահպանմամբ», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը:
«Ռուսաստանի Կարմիր Խաչի ընկերության կողմից Ադրբեջանի հետ համակարգմամբ բեռների տեղափոխումը Աղդամ-Խանքենդի ճանապարհով մենք համարում ենք դրական քայլ և կարևոր առաջընթաց այդ ճանապարհը բացելու ուղղությամբ», նշել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Պուտինը հուսով է՝ Բաքուն Արցախում էթնիկ զտումներ չի իրականացնի

Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Ադրբեջանի ղեկավարությունն Արցախում էթնիկ զտումներ չի իրականացնի։ Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Ալիևի վարչակազմն իրենց հավաստիացրել է՝ կողմ են «փափուկ գործընթացների»։ Թե խոսքը հատկապես որ գործընթացների մասին է, Ռուսաստանի առաջնորդը չմանրամասնեց։ «Հուսով եմ, որ ադրբեջանական ղեկավարությունը, ինչպես միշտ է մեզ ասել և մինչև հիմա էլ ասում է, հետաքրքրված չէ ինչ-որ էթնիկ զտումներով։ Ավելին՝ ընդհակառակը, հետաքրքրված է, որպեսզի այդ գործընթացը փափուկ ընթանա», - հայտարարեց Պուտինը։

Կրեմլի ղեկավարն այս մասին խոսեց Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում՝ արձագանքելով Երևանից Մոսկվայի հասցեին ամենաբարձր մակարդակով հնչող մեղադրանքներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցով։ Հակամարտության կարգավորման երկարամյա միջնորդը հիշեցրեց՝ տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են խնդիրը լուծել տարածքային զիջումների ճանապարհով, պնդելով, թե կպայքարեն. - «Մենք տեսնում և հասկանում ենք, թե ինչ է կատարվում։ Այս մասին շատ կարելի է խոսել։ Մենք առաջարկել ենք կարգավորման մեր տարբերակները։ Հայաստանը վերահսկում էր յոթ շրջան, մենք առաջարկեցինք Ադրբեջանի հետ համաձայնության գալ այնպես, որ երկու շրջանները՝ Քելբաջարն ու Լաչինը, մնան փաստացի Հայաստանի վերահսկողության տակ, նաև՝ Ղարաբաղը, սակայն Հայաստանի ղեկավարությունը չհամաձայնեց դրան, թեև մենք մեկ տասնամյակ փորձել ենք համոզել Հայաստանի ղեկավարությանը։ Երբ հարցնում էինք՝ ի՞նչ եք անելու, մեզ պատասխանում էին՝ կռվելու ենք։ Լավ։ Ի վերջո, ամեն ինչ հասավ այն իրավիճակին, որն այժմ ստեղծվել է»։

Այնուհետև Պուտինը հիշեցրեց վերջին շրջանում իր ենթակաների կողմից հնչող պնդումը, թե Հայաստանի ղեկավարությունը ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ՝ այդպիսով փակելով Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ «Եվ Պրահայի հայտարարությունը սա ֆիքսեց թղթի վրա։ Մենք գիտենք այս մասին։ Հիմա նախագահ Ալիևն ինձ ասում է՝ «Դուք գիտեք, որ Հայաստանը ճանաչել է, որ Ղարաբաղը մերն է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն այլևս դրված չէ սեղանին, այն լուծված է»։ Եվ դա հրապարակավ հայտարարեց Հայաստանի ղեկավարությունը։ Սա մեր որոշումը չէ, այլ՝ Հայաստանի ղեկավարության», - հայտարարեց Ռուսաստանի նախագահը։

Կրեմլի ղեկավարի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակում Մոսկվան այստեղ արդեն անելիք չունի։ «Եթե այդպես է, ասում են մեզ, ապա բոլոր հարցերը, եթե ուզում եք ինչ-որ բան անել Ղարաբաղի հարցում, պետք է մեզ հետ լուծվեն երկկողմանի հիմունքներով։ Դե, ի՞նչ կարող ենք ասել այստեղ։ Այստեղ ասելու բան չկա, եթե Հայաստանն ինքը ճանաչեց, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, ապա մենք ի՞նչ պետք է անենք», - նշեց Պուտինը։

Սրա հետ մեկտեղ, ինչպես հիշեցրեց Վլադիմիր Պուտինը, հայկական կողմն ընդունում է, որ չլուծված են մնում մյուս հարցերը՝ այդ թվում Ղարաբաղի հայերի անվտանգության խնդիրը, ինչպես նաև ռուս խաղաղապահների մանդատը։ «Իհարկե այստեղ այլ հարցեր են ծագում՝ կապված հումանիտար բաղադրիչի և մեր խաղաղապահների մանդատի հետ։ Մանդատը դեռ ուժի մեջ է», - ընդգծել է Ռուսաստանի նախագահը։ «Բայց հումանիտար բնույթի հարցերը, այնտեղ ցանկացած տեսակի էթնիկ զտումներ թույլ չտալը, իհարկե, չեն վերացել, և ես լիովին համաձայն եմ դրան», - հայտարարել է Պուտինը՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանի ղեկավարությունն Արցախում չի դիմի էթնիկ զտումների, ինչի մասին հավաստիացրել է ռուսական կողմին։

Պուտինն անուղղակի մեղադրանքի սլաք է ուղղում դեպի Ալիևը, որ արցախցիները պետք է ապրեն իրենց բնակավայրերում, ոչ մի տեղ չպետք է հեռանան և Բաքուն պետք է ապահովի նրանց անվտանգությունը:

Ինչո՞ւ Պուտինը սա ասաց: Որպեսզի մոտ ապագայում ո՛չ Երևանից, ո՛չ առավելևս Բաքվից հայտարարություններ չհնչեն ռուս խաղաղապահների ներկայության անիմաստ լինելու վերաբերյալ:

Մոսկվան ու Երևանը վստահեցնում են՝ լուրջ խնդիրներ չունեն

Վերջին օրերին հայ-ռուսական հարաբերություններում նկատելի լարվածության ֆոնին և՛ Հայաստանից, և՛ Ռուսաստանից ամենաբարձր մակարդակով վստահեցնում են՝ Երևանն ու Մոսկվան լուրջ խնդիրներ չունեն։

Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե վարչապետ Փաշինյանի հետ որևէ խնդիր չունի։ Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը խոսել է իր հետ, քանի որ Հայաստանի վարչապետը սահմանային լարվածության հետ կապված մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել այլ երկրների ղեկավարների հետ, Վլադիմիր Պուտինն ասաց, թե Փաշինյանն իրեն ընդարձակ նամակ է ուղարկել։ «Մենք նրա հետ շփումների մեջ ենք, որևէ խնդիր մենք Հայաստանի և վարչապետ Փաշինյանի հետ չունենք, մենք մշտապես կապի մեջ ենք», - նշեց Պուտինը:

«Առաջին զանգերը հենց Ռուսաստանի նախագահին են եղել», - երեկ էլ իր հերթին Հանրայինին տված հարցազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նա էլ վստահեցրեց, թե մշտապես առաջին զանգերը ինքն անում է Վլադիմիր Պուտինին, իսկ անցած շաբաթ զանգահարել է այն երկրների ղեկավարներին, որոնք տեղեկացված չեն «որոշ նրբությունների» մասին։ «Այս առումով, ցավոք, մեր վերջին խոսակցությունից ի վեր իրադրությունը չի փոխվել, որպեսզի նոր խոսակցության անհրաժեշտություն լիներ Ռուսաստանի նախագահի հետ, ըստ անհրաժեշտության, իհարկե, հեռախոսազրույցները կարող են տեղի ունենալ», - նշեց Փաշինյանը:

Երեկ Փաշինյանը հավաստիացնում էր, որ Երևանը որևէ քայլ Ռուսաստանի դեմ չի անում, որ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացն ամենևին էլ կապված չէ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ, որ իր կնոջ այցը Կիևը և հումանիտար օգնության տրամադրումը քաղաքական ենթատեքստ չունի և որ հայ- ամերիկյան զորավարժությունները առաջին անգամ չեն Հայաստանում անցկացվում։ Փաշինյանն ասում էր, թե հայկական կողմն ակտիվ աշխատում է, որ Ռուսաստանում ճիշտ ընկալումներ ձևավորվեն. - «Նաև ռուսական մամուլում երբեմն կապվում է Հռոմի ստատուտը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ, բայց Հռոմի ստատուտը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ ոչ մի կապ չունի. Ինչո՞ւ ենք վավերացնում, որովհետև ուզում ենք, որ մասնավորապես 2022թ. սեպտեմբերի դեպքերը, 2021թ. դեպքերը Միջազգային քրեական դատարանում քննության առարկա դառնան:

Սա ևս մեկ գործոն է, որը կարող է էական ազդեցություն բերել մեր անվտանգության աստիճանի մեծացմանն այն պայմաններում, երբ ՀԱՊԿ-ը չի կատարել և չի կատարում, ցավոք սրտի, Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները: Մենք չենք կարող սա չնկատել և ուղղակի ոչինչ չանել»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 11146 անգամ
Լրահոս
Կուզի Նիկոլ էղնի, ով կուզի՝ էղնի, սա սրբապղծություն է․ քաղաքացիները վրդովված են, նրանց թույլ չեն տալիս մտնել Յոթ վերք Բենթլիով շրջող Նավասարդ եպիսկոպոս Կճոյանը Փաշինյանի հետ մասնակցում պատարագի կապարակնքված Յոթ Վերք եկեղեցում Թեմի ոչ մի քահանա չհամաձայնեց դավաճանել, Արարատ քահանա Օրդոյանին «փուռը» տվին․ Նիկողոս Հովհաննիսյան Եթե մենք զեղչում ենք՝ անեծքի տակ ենք ընկնում․ Հուսիկ քահանա Գրիգորյան Տավուշում 4-րդ դասարանի աշակերտները ծեծի են ենթարկել իրենց համադասարանցուն․ 10-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց Ովքեր են ներկա Փաշինյանի հրավիրած պատարագին (լուսանկարներ) Քաշքշուք, հրմշտոց. Փաշինյանը իր «զորքով» և շրջիկ խմբով ժամանեց Յոթ Վերք «Ամոթ է, էս ինչ եք սարքել մեր Սուրբ Եկեղեցին», «գնա ստեղից». վեք եկեղեցու բակում Փաշինյանի համար Գյումրիում պատարագ է մատուցելո՞ւ Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Արարատ Օրդոյանը «Եկեղեցու կանոնական ներխուժում կամ եպիսկոպոսական իրավասության ոտնահարում»․ Սամվել դպիր Գրիգորյան Գյումրու մանկապարտեզների, դպրոցների, երաժշտական հիմնարկների աշխատակիցներին ստիպել են ներկայանալ պատարագին Փաշինյանն իրեն աջակցող բարձրաստիճան հոգևորականներին հետը տարել է Գյումրի Գետինը մտնիս հազար անգամ, տականք. Մարդիկ իրանց մեռելներին ու շիրիմները թողած իրենք իրենց խղճի դեմ են դուրս եկել Փաշինյանի «ժամանցը» օկուպացված Յոթ Վերքում ապահովում է Արմավիրի թեմից Մկրտիչ քահանա Մուշադյանը Ազգային ժողովի մոտ բախվել են նախագահի աշխատակազմում հաշվառված համարանիշերով «Renault»-ը և «Honda»-ն Սա ոչ միայն ապօրինություն ու բռնակալություն է, այլև ապշելու աստիճան լպիրշություն է. Ռուբեն Մելիքյան «Փաշինյանը և նրա խմբակը գրոհում են Յոթ Վերք եկեղեցին»․ Լարված իրավիճակ Գյումրիում Պետք է ճանաչենք բոլոր այն մարդկանց, ովքեր հայի արժանապատվությունը պաշտպանելիս նահատակվել են Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել ավերիչ երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձանին Յոթ Վերք եկեղեցու օկուպացիայի ընթացքում քաղաքապետարանի պատուհանից պարզվել է Սրբազանների նկարը Գյումրու Յոթ վերք եկեղեցու զանգերը 200 տարվա մեջ առաջին անգամ այսօր չեն ղողանջել․ Արտաշես սարկավագ «Յոթ Վերք» մեր եկեղեցին չի ներելու Տիրամոր ութերորդ վերքը բացողին. Վարդան Ղուկասյան Սիրելի՛ եկեղեցականներ, իրականացրեք ազգանվեր ձեր ծառայությունը՝ ձեր հոգում կրելով տերունապատգամ պատվիրանները. Ամենայն Հայոց Կաթողիկոս Հերթական վիճաբանությունը՝ Երևանում․ պարզվել է ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը Իմ ապօրինի կալանավորված հոգևոր եղբայրներն այսօր պայքարում են Հայրենիքի ազատագրության համար․ Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am