10 հազար դրամին հաղթելու ժամանակը

Apr 01, 2017 Comments Off on 10 հազար դրամին հաղթելու ժամանակը

Լռության օրը խորհերլու և վերստին խորհելու համար օրենքով տրված ժամանակն է: Քվեախուց մտնելուց առաջ թերևս ամեն մեկն ինքն իր համար է խորհում, մանավանադ որ ընտրազանգվածի մեծագույն հատվածը հենց այդ  օրն է ստացել ընտրելու համար իրեն տրված 10 հազար դրամը: hayeli.am-ը տեղեկություններ է ստացել Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերից, որ խոստացված ընտրակաշառքները հենց այդ օրը բաժանվել են: Ուժերը հայտնի են՝ ՀՀԿ, Ծառուկյան դաշինք: Բայց ամենաուշագրավը այն է, որ տեղերում ստեղծվել է շատ լուրջ կասկածի և անվստահության մթնոլորտ հատկապես ընտրակաշառք բաժանող ռեյտինգային թեկանծուների շտաբների միջև: Օրինակ՝ Գեղարքունիքի մարզում՝ թիվ 8 ընտրատարածքում, ՀՀԿ-ի կողմից առաջարդրված ռեյտինգային թեկնածուներից՝ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան, Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյան, Կարեն Բոթոյան, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյան, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյան, Մարտունու նախկին քաղաքապետ Բագրատ Հարությունյան, Սեւանից՝ Աշոտ Ավետիսյան, Արամ Եգանյան, Աննա Նիկողոսյան, Գեղամ Հովեյան, Բագրատ Հարությունյան, առնվազն երեք պատգամավորության թեկնածուների համար Սևանի շրջանի գյուղերում ընտրակաշառք է բաժանվել: Խոսքը նախկին ՕԵԿ-ական պատգամավոր, ծնունդով վարդենիսցի  Կարեն Բոթոյանի,  Սեւանի հացի գործարանի տնօրեն, ՀՀԿ-ի  թեկնածու Աշոտ Ավետիսյանի և այս տարածքի նախկին փորձառու պատգամավոր Հակոբ Հակոբյանի /Թունելի Հակոբ/ մասին է: Սևանի տարածաշարջանում գրեթե բոլոր գյուղապետերը աշխատում են Աշոտ Ավետիսյանի  համար, ի դեպ,  հենց նրանք էլ համակարգում են ընտակաշառք բաժանելու աշխատանքները: Ասում են՝ Ավետիսյանին աջակցում է նաև մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ում հարաբերությունները լարված են Կարեն Բոթոյանի հետ: Բոթոյանը գործարար Սերգեյ Մանուկյանի  «Շինանյութի Սերոժի» փեսան է: Նրա օգտին աշխատում է Սևանի նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյանը՝ Լոբի Ալիկը, ով հենվում է տեղի թաղային հեղինակությունների վրա:  Սևանում Բոթոյանի  ընտրակաշառք բաժանելու աշխատանքները հենց նա է համակարգում: Ասում են՝ Լոբի Ալիկը հեռուն գնացող նպատակներ և հին հաշիվներ ունի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ. նա մինչև անգամ մտադիր է ընտրություններից հետո ամեն ինչ անել, որ մարզպետը պաշտոնանկ արվի: Գործող պատգամավոր Հակոբ Հակոբյանի օգտին աշխատում են սեփական կողմնակիցները: Ի դեպ, Գեղարքունիքում ՀՀԿ-ի ռեյտինգայինները ավելի ազդեցիկ են, նույնիսկ այնքան, որ ասում են՝ նրանք մինչև անգամ կարողացել են Ծառուկյան  դաշինքի ռեյտինգային թեկնածուների դեմն առնել և թույլ չտալ, որ նրանք 10 հազար դրամից ավել բաժանեն: Լարվածությունը մեծ է հատկապես ՀՀԿ-ական թեկնածուների կողմնակիցների միջև. բանն այն է, որ նրանք վստահ չեն, թե իրենցից գումար վերցրած մարդիկ ձայն են տալու հենց իրենց թեկնածուի օգտին: Նրանք նույնիսկ տեղերի ընդդիմադիր ուժերի վստահված անձանց աջակցությանն են դիմել՝ իրենց ձայները պահելու  խնդրանքով:  Այս հարցերի մասին խոսում են բոլորը՝ տանը, դրսում, փողոցում, տաքսիների մեջ, սակայն հրապարակել իրենց անունները կամ արտահայտվել բացահայտ, հրաժարվում են: Հատուկ ընդգծենք, որ այն մարդիկ, ովքեր մեզ տրամադրել են այս տեղեկությունները, խնդրել են իրենց անունները չհրապարակել:

Ինչ  վերաբերում է ընտրողներին, ապա նրանք համոզված են՝ փող բաժանող թեկնածուներն իրենց համար լավագույն պատգամավորը չեն դառնալու, ավելին՝ վստահ են, որ նրանք խորհրդարան մտնելու որևէ արժանիք չունեն: Մեզ հետ զրույցում բազմաթիվ ընտրողներ խոստովանեցին, որ իրենք փող են վերցրել ՀՀԿ-ական թեկնածուներին քվեարկելու համար, սակայն չեն ուզում նրանց ձայն տալ և  հավատացրին, որ պատրաստվում են այլ թեկնածուի և ուժի օգտին քվեարկել: Նույն բանն ասում էին նաև Ծառուկյան դաշիքնի ներկայացուցիչների համար ընտրակաշառք վերցրած ընտրողները: Նրանք նաև տեղյակ էին, որ քվեախցում ոչ մի նկարահանող սարք էլ չկա: Գյուղերից մեկում մեզ պատմեցին նաև, որ ընտրակաշառք բաժանողը գյուղի խանութի սեփականատերն է եղել, և նա փողը մարդկանց տալու փոխարեն, բացել է ՙՙնիսյայի՚՚ ցուցակը և  10 հազարական դրամով   պակասեցրել պարտքերը:

 

Արման  Վարդանյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: