Քոչարյանից հետո խոսելու հերթը Սերժ Սարգսյանինն է

Apr 01, 2017 Comments Off on Քոչարյանից հետո խոսելու հերթը Սերժ Սարգսյանինն է

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցին՝  հերքելով առաջին նախագահի այն հայտարարությունը, թե Քոչարյանը ժամանակին քննարկել է այսպես կոչված Մեղրիի տարբերակը: Նա պատմական սուտ և հերյուրանք  է որակել Մեղրու փոխանակման տարբերակի քննարկումը: Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում ներկայացնելով ազատագրված տարածքների  անհապաղ վերադարձնելու իր պարտվողական թեզը՝ հայտարարել էր, որ մինչ Կազանի փաստաթուղթը բանակցային սեղանին դրված է եղել Քի-Ուեստի տարբերակը, որով նախատեսվում էր Ադրբեջանին հանձնել ոչ միայն ազատագրված շրջանները այլ նաև Մեղրին, որը ՀՀ տարածք է: Խոսքը նրա մասին է, որ  առաջարկվում էր Արցախը և Լաչինի միջանցքը փոխանակել Մեղրիի շրջանի հետ: Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցից տպավորություն էր ստեղծվում, որ Ռոբերտ Քոչարյանը,  եթե անգամ չի էլ համաձայնվել, ապա առնվազն քննարկման թեմա է դարձրել ՀՀ տարածքների զիջման հարցը: Երկրորդ նախագահի պաշտոնական կայքը՝ 2rd.am-ը  ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանի  մեկնաբանությունը, թե արդյոք Քի-Ուեստում քննարկվել է, այսպես կոչված, «Մեղրիի տարբերակը»:

« Տեր-Պետրոսյանը, ըստ էության, որևէ նոր բան չի ասել: Մի մասով` իր հայտնի հոդվածն է վերաշարադրել` վերստին ներկայանալով որպես պարտվողականության ջատագով, մյուս մասով` կրկնել արդեն վաղուց ծեծված ստերն ու կեղծիքները` ներկայացնելով դրանք իբր պատմական իրողություններ: Դրանց թվում է, այսպես կոչված, «Մեղրիի տարբերակը»: Կրկին հայտարարում եմ. ոչ Քի-Ուեստում, ոչ էլ այլուր, բանակցությունների որևէ փուլում Մեղրիի կամ ՀՀ որևէ այլ տարածքի փոխանակման հարց չի քննարկվել: Դա հերյուրանք է և պատմության խեղաթյուրում: Իսկ ինչ վերաբերում է «լավ չենք ապրելու, մինչև չլուծենք» տեր-պետրոսյանական բանաձևին, ապա այն քննադատության չի դիմանում: Հիշեցնեմ, որ 2000-2008թթ. Հայաստանի տնտեսությունը երկնիշ տնտեսական աճ է գրանցել»,- հայտարարել է Վիկտոր Սողոմոնյանը:

Քոչարյանն, անշուշտ, Քոչարյան չէր լինի, եթե իր վզին հող հանձնողի պիտակ կպցնելու փորձն անպատասխան թողներ: Այս տեսանկյունից երկրորդ նախագահի մոտեցումը հստակ է՝ բոլոր դժբախտությունների և խնդիրների պատճառը Ղարաբաղը չէ ու չի էլ եղել: Այս տեսանկյունից իր պաշտոնավարման տարիների երկնիշ տնտեսական աճի մասին հիշատակումն էլ թերևս լիովին արդարացված էր:  Քոչարյանը, սակայն, չի ասել ամենակարևորը՝ իր մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ: Տեր –Պետրոսյանը հայտարարում էր, որ Մադրիդյան սկզբուքնները, որոնք դրված են այսօրվա բանակցային գործընթացի հիմքում ընդունվել են 2007 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Կազանի փաստութուղթը, որով նախատեսվում էր հինգ շրջանանների վերադարձ և խաղաղապահ ուժերի մուտք,  մշակվել է մադրիդյան սկզբուքների հիման վրա: Քոչարյանը թերևս այս հարցի մասին այս պահին խոսելը նպատակահարմար չի գտել:

Ամեն դեպքում՝ Լևոն Տեր-Պոտրոսյանի պնդումը, թե ՀՀ երեք նախագահները՝  և՛ ինքը, և՛ Ռոբերտ  Քոչարյանը և՛ Սերժ Սարգսյանը Արցախի հարցի փոխզիջումային լուծման կողմնակիցն են եղել, ինչը նշանակում է, որ երեքն էլ պատրաստ են եղել տարածքների վերադարձին, երկրորդ և երրորդ  նախագահների կողմից պարզաբանման կարիք ունի:  Քոչարյանն իր արձագանքում առայժմ հերքել է ընդամենը Մեղրիի և ՀՀ տարածքները քննարկման առարկա դարձնելու թեզը: Սակայն փաստն ինքնին, որ ժամանակին  Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր այն  թիմում, որը դուրս եկավ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ  և տարածքներ վերադարձնելու ծրագրի համար հեռացրեց նրան իշխանությունից, արդեն իսկ վկայում է, որ երկրորդ  նախագահը այս տարբերակին դեմ է եղել:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նա առայժմ բավարարվում է անուղղակի պատասխաններով՝ բավարարվելով միայն ասել, որ  բանակցությունները շարունակվում են:

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: