Ես իրեն կոչ կանեի՝ գնար Ադրբեջան և փորձեր այնտեղ նման քարոզչությունն անել.Վազգեն Մանուկյան

Mar 29, 2017 Comments Off on Ես իրեն կոչ կանեի՝ գնար Ադրբեջան և փորձեր այնտեղ նման քարոզչությունն անել.Վազգեն Մանուկյան

ankakh.com-ը զրույցել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ.

-Պարոն Մանուկյան, ի՞նչ կարծիք ունեք Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած թեզերի մասին, որոնք հնչեցին նրա վերջին երկու հարցազրույցների ժամանակ:

-Հայաստանում տեղի են ունենում ընտրություններ, և մասնակիցներից յուրաքանչյուրը փորձում է ճիշտն ու սուտը ասելով` «վերմակն իր վրա քաշել» և համապատասխան տոկոսներ ստանալ: Նույնը վերաբերում է նաև Լևոն Տեր-Պետրոսյանին: Իր ելույթը շատ վտանգավոր եմ համարում մի քանի պատճառով. նախ երկար ժամանակ է` Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում Ղարաբաղի ոչ անմիջական մասնակցությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի օժանդակությամբ, և նրա ելույթն այս առումով մեր դիրքերը թուլացնում է բանակցային գործընթացում` ուժեղացնելով Ադրբեջանի դիրքերը: Երկրորդ` իր ասածը թուլացնում է մեր ժողովրդի կամքը. պարզվում է` միջազգային հանրությունը պետք է լուծի այս հարցը: Այդ դեպքում, հասկանալի չէ, թե ինչու ապրիլի 2-ին մեր երիտասարդները գնացին զոհվելու, կամ ինչու մենք պետք է կառուցենք ուժեղ տնտեսություն ունեցող պետություն, ինչու պիտի զարգացնենք մեր բանակը, ռազմարդյունաբերական համալիրը ևայլն: Իր ասածից բխում է, որ մենք խաղալիք ենք, մեզանից ոչինչ կախված չէ, և ուրիշներն են լուծելու այս հարցը: Նույնանման հայտարարություններ նա անում էր նաև պատերազմի ժամանակ, և իր «մեղքը» չէ, որ մենք հաղթեցինք: Երրորդը` իր ելույթից տպավորություն է ստեղծվում, որ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման խոչընդոտը մեր ժողովուրդն է, և Լևոն Տեր-Պետրոսյանը մեր ժողովրդին է փորձում համոզել ինչոր հարցում: Ես իրեն կոչ կանեի` գնար Ադրբեջան և փորձեր այնտեղ նման քարոզչությունն անել: Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցի լուծմանը, Մադրիդյան սկզբունքներին և նախորդող առաջարկություններին, ես բազմիցս խոսել եմ դրանց մասին և ընտրությունների ավարտից հետո նույնպես պատրաստ եմ մանրամասն խոսել, քննարկել` ասելով, թե ինչն եմ համարում ճիշտ, ինչը` սխալ: Ընդհանրապես, ցանկացած ընտրական գործընթաց իր մեջ պարունակում է պոպուլիզմի բավականին մեծ դոզա, և ես կարծում եմ, որ Ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումը նախընտրական ժամանակահատվածում նպատակահարմար չէ: Պատահական չէր, որ 1996 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ես կոչ արեցի թեկնածուներին, որպեսզի այդ հարցը չդարձնեն քննարկման առարկա, քանի որ պոպուլիզմը դեպի այսկամայնկողմշատ վտանգավոր էի համարում մեր պետության համար:

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: