Պարույր Սանթրոսյանի «Այրվող նամակները» . իսկապես ուրիշ քարոզչություն

Mar 29, 2017 Comments Off on Պարույր Սանթրոսյանի «Այրվող նամակները» . իսկապես ուրիշ քարոզչություն

 

Հովհ, Թումամյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ Պարույր Սանթրոսյանի` «Այրվող նամակներ» գրքի շնորհանդեսը: Պարույր Սանթրոսյանի Երևանի թիվ 1 տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենն է, նա նաև առաջադրվել է պատգամավորության թեկնածու ՀՅԴ ռեյտինգային ցուցակով Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական տարածքն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում: Գրքի հրապարակումը սակայն որևէ առնչություն չունի քարոզչության և ընտրությունների հետ, ուղղակի ժամանակաշրջանն է համընկել, իսկ հրապարակման նախապատրաստական աշխատանքներն ավելի վաղ էին սկսվել, քան ընտրական գործընթացները:
Գրքում Պարույր Սանթրոսյանի վերջին շրջանում գրած պատմվածքներն են, որոնցից որոշներն, ի դեպ, ներկայացվեցին բեմադրության տեսքով: «Գրքում պատմվածքներ են, որոնք իմ ապրած կյանքի ձևափոխված տարբերակն են ներկայացնում: Կան պատմվածքներ մեր սերունդի մասին. մեր նախկին ու հաջորդ սերունդները սահուն կերպով անցան մեր վրայով, մենք մի տեսակ կորսված սերունդ ենք: Բայց, մեկ է, չեմ ափսոսում այդ տարիների համար, որովհետև իմ գիտակից կյանքով փոքր մասնակցությունն եմ ունեցել մեր երկրի կառուցման համար` իմ աշխատանքով, ինքս իմ տեղը լինելով: Բայց այդ տարիներին գտել եմ ամենակարևորը` իմ լավ ընկերներին, ովքեր 65 տարեկան են, և ես իրենց հետ ընկերություն եմ անում` 46 տարեկան լինելով»,-գրքի մասին պատմելիս նշեց Պարույր Սանթրոսյանը: Ի դեպ, Սանթրոսյանի գիրքը չէին վաճառվում` գրքերի կողքը փոքր արկղ էր դրված՝ նվիրատվության համար: Սանթրոսյանը պարզաբանեց` նախորդ գիրքը՝ <<Քաղաքը>> նույնպես չի հանվել վաճառքի, այլ ընդամենը եղել են նվիրատվություններ, որի ողջ հասույթն ինքը փոխանցել է սահմանամերձ Բաղանիս գյուղի միջնակարգ դպրոցին: Այս անգամ ևս նույն կերպ է վարվելու՝ սահմանամերձ Դիտավան գյուղի դպրոցին կփոխանցվի ողջ նվիրատովության գումարը:
Պարույր Սանթրոսյանի հայրը` անվանի դերասան Արմեն Սանթրոսյանը, ներկայացման վերջում մոտեցավ որդուն և ասաց.«Լավ էր»: Ի դեպ, նման գնահատականներ քիչ են լինում,  իսկ, առհասարակ, նա Պարույր Սանթրոսյանի գործերի առաջին քննադատներից է: Արմեն Սանթրոսյանը նշեց, որ գիրքն ու թատրոնն այն է, ինչ Պարույրն, իրոք, ուզում է ասել ու իր խոսքն այդ կերպ է տեղ հասցնում: «Նրա պատմվածքները շատ անկեղծ են` ոչ թե ինչ-որ բան չափազանցնելով կամ թաքցնելով է իր խոսքը կառուցում, այլ այնպես, ինչպես ինքն է նայում աշխարհին: Նա փորձում է ամենի մասին, ինչ կա իր ներսում, անկեղծորեն կիսվել մարդկանց հետ: Առաջին անգամ էր, որ ասացի` լավ էր, քանի որ, իրոք, լավն էր` ճիշտ բեմականացված, դերակատարների մոտ հուզականություն ու անկեղծություն կար: Առաջին գրքում որոշ մինուսներ կային, եթե նայենք թատերային առումով, իսկ այստեղ ամեն ինչ լավ էր` սեղմ, զուսպ, առանց ավելորդ ճիգ ու ջանքի, տքնանքի, թե` անպայման սա էլ պիտի անեմ»,-ասաց Սանթրոսյանը: Նա նշեց նաև, որ երբեք իր երեխաներին գովասանքի խոսքեր ասելով` երես չի տալիս, որ հասկանան` շատ բան կա անելու, դեռ բարձունքին չեն հասել:
Պարույր Սանթրոսյանը նախընտրական քարոզչությանը մասնակցում է ուրիշ քարոզչություն նշանաբանով: Տիկնիկայինում ստեղծված գրական մթնոլորտը այդ ուրիշ քարոզչության ստացված արտացոլանքն էր:

Հ.Գ Պարույր Սանթրոսյանն ավելի ուշ  ՖԲ –էջում գրել էր.<<102 հազար դրամ գումար է հավաքվել:Բայց այն կփոխանցեմ ապրիլի 3 ին,որ չասեն ընտրակաշառք է >>:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: