ԵԱՀԿ դիտորդները գնացել են ՕՐՕ դաշինքի ահազանգի հետքերով

Mar 28, 2017 Comments Off on ԵԱՀԿ դիտորդները գնացել են ՕՐՕ դաշինքի ահազանգի հետքերով

Այս պահի դրությամբ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի շտաբում շարունակում են ստացվել ահազանգեր դաշինքի՝ Ազատության հրապարակում այսօր կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի Երեւան ուղեւորվող համակիրների առջեւ ոստիկանության հարուցած խոչընդոտների վերաբերյալ: Այսպես, Ժառանգություն կուսակցության Լոռու մարզի պատասխանատու Գառնիկ Սահակյանը ահազանգում է, որ Սպիտակ հասնելուն պես իրենց վարորդներին զանգահարել են Ոստիկանության լոռու մարզային վարչությունից եւ հրահանգել ետ վերադառնալ եւ չտեղափոխել մարդկանց Երեւան: Այս պահին մեքենաները կանգնած են Սպիտակի մատույցներում, իսկ դեպքի կապակցությամբ դաշինքի շտաբը տեղեկացրել է ԵԱՀԿ դիտորդներին, որոնք շտապում են դեպքի վայր: Մեքենաները կանգնած են «Նա խոդո»ավտոլվացման կայանի մոտ:

Գյումրիում Երեւան ուղեւորվող ավտոբուսների վարորդներից ոստիկանները վերցրել են հեռախոսների համարները եւ գրանցել են մեքենաների պետհամարանիշները՝ նրանց վրա ճնշում գործադրելու ակնհայտը միտմամբ, ինչը, սակայն ազդեցություն չի ունեցել եւ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համակիրները այժմ ուղեւորվում են դեպի Երեւան:

 

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի տեղեկատվական կենտրոն

28.03.2017թ., Երեւան

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: