«Տենց բան չկա, ազիզ ջան, սուտ բաներ մի խոսա»․ Սամվել Ալեքսանյան

Mar 25, 2017 Comments Off on «Տենց բան չկա, ազիզ ջան, սուտ բաներ մի խոսա»․ Սամվել Ալեքսանյան

ԱԺ պատգամավոր, Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններում ՀՀԿ-ից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Սամվել Ալեքսանյանը հերքում է, որ դպրոցների տնօրեններն իր համար ցուցակագրում են ընտրողներին։ Այս մասին Մալաթիա-Սեբաստիայում նախընտրական հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ ամեն կերպ փորձելով արագ հեռանալ այդ տարածքից։ «Տենց բան չկա, ես դրա կարիքն էլ չունեմ»,-ասաց նա։

Դիտարկմանը, որ այդ խոսակցությունների ձայնագրությունները կան, Ալեքսանյանը նշեց, որ տնօրեններն իր համար չեն աշխատում։ Ճշտող հարցին՝ ովքե՞ր են աշխատում, Ալեքսանյանը մատնացույց անելով քայլող մարդկանց, ասաց․ «Ժողովուրդը, այ էս մարդիկ, իմ ընկերները»։

Հարցին՝ տնօրենները ժողովրդի մաս չե՞ն, Ալեքսանյանն ասաց․ «Ես տնօրեններին բան չեմ ասել, ցավդ տանեմ»։

Մեր դիտարկմանը, որ իրեն պատկանող Բաղրամյանի ալյուրի գործարանի աշխատակիցները ահազանգում են, որ Ալեքսանյանը ստիպում է իրենց ընտրությունների օրը բնակության հասցեն փոխել՝ տեղափոխվելով Մալաթիա-Սեբաստիա, Ալեքսանյանը պատասխանեց․ «Տենց բան չկա, ազիզ ջան, սուտ բաներ մի խոսա»։

Ալեքսանյանը վստահեցրեց, որ բիզնեսներ չունի, եւ արագ հեռացավ՝ ասելով, որ հանդիպումից ուշանում է։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: