«Ասում են՝ վայ, էն ժելեզնի տղան է»

Mar 25, 2017 Comments Off on «Ասում են՝ վայ, էն ժելեզնի տղան է»

Ելք դաշինքից թիվ 2 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված, ԼՀ անդամ Հայկ Կոնջորյանն արդյունավետ է համարում իր նախընտրական հանդիպումները։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց նա․

-Պարոն Կոնջորյան, ի՞նչ կարծիք ունեք նախընտրական հանդիպումների մասին, եւ առհասարակ ի՞նչ կարող եք ասել առաջադրված ընտրատարածքում ձեր ճանաչելիության մասին։

-Մարդկանց հետ հանդիպումները մի քանի բան են ջրի երես հանել․ առաջինը, որ մարդիկ հուսալքված են, երկրորդը՝ ճանաչելիության խնդիրը։ Տեսեք, պարադոքսալ բան կա հասարակության մեջ, նախընտրական հանդիպումներում շատերն ասում են, որ նոր սերնդի մեջ հնարավոր է լույս լինի, բայց մյուս կողմից, երբ չեն ճանաչում, ընկնում են տարակուսանքի մեջ։ Մենք ասում ենք, որ նոր սերնդի գալու միակ ճանապարհը ձեր միջոցով է լինելու։ Քանի որ ամսի հինգից ինտենսիվորեն քարոզարշավ ենք անում, մինչ այդ էլ ես ակտիվ եմ եղել իմ հրապարակախոսական գործունեությամբ, որոշակի ճանաչելիություն ունեմ՝ հատկապես երիատասարդների շրջանում։

-Ձեր նախընտրական պաստառի վրա առկա է նաեւ շերեփը, այդ մասին ձեզ հարց չե՞ն ուղղում։

-Շատ են ուղղում, վերջերս երբ մի մարդու անձամբ տվեցի բուկլետը, դեմքով չճանաչեց, հետո երբ բուկլետը բացեց, նկարը տեսավ, ասեց վայ, էն ժելեզնի տղան է։ Շատերն են հարցնում, ասում են շերեփով տղեն ես, ու դա ինձ համար հաճելի է, քանի որ իր մեջ երկաթե շերեփի գաղափարը կա։ Կարծում եմ, որ մենք կկարողանանք Հայաստանը թղթե շերեփից երկաթե շերեփ կառուցել։

-Նախընտրական ձեր ելույթներոմ ասում եք, որ մականունավոր հեղինակություններից որեւէ կախում չունեք, բայց այն տարածքում, որտեղ առաջադրված եք, կան մի քանի նման գործիչներ, ինչպե՞ս եք իրենց դեմ պայքարելու։

-Մեր գլխավոր ասելիքն ուղղված է ոչ թե մականունավոր պատգամավորներին, ովքեր հինգ տարի շարունակ բերանները ջուր առած նստել են խորհրդարանում, մեր անելիքը քաղաքացիների հետ է, որպեսզի ներկայացնենք, որ տեսեք, ընտրել եք այս մարդկանց, բայց իրենք անգամ մի նախաձեռնությամբ հանդես չեն եկել, հարց չեն տվել, խորհրդարանն իրենց համար էլիտար ակումբ են դարձրել։ Եթե ցանկանում եք, որ ամեն ինչ նույն կերպ շարունակվի, իրենց ընտրեք, բայց եթե փոփոխություն եք ուզում, պետք է նոր մարդկանց ընտրեք։

-Արդեն ընտրախախտումների մասին մամուլում ահազանգեր են եղել, նաեւ ձեր ընտրատարածքից, ի՞նչ եք անելու, որ մարդիկ մերժեն ընտրակաշառքը, քանի որ խնդիրը ոչ միայն առաջակելն է, այլ նաեւ վերցնելը։

-Շատ ճիշտ հարց եք տալիս, դրա համար է նաեւ, որ այսօր հրապարակեցինք անկախ քաղաքացու մանիֆեստը։ Այն երեք հիմնական գաղափար ունի, անկախ քաղաքացին պետք է հռչակի, որ անկախ է երեք բանից՝ փողից, վախերից ու արհեստական հեղինակություններից։ Մեր հիմնական գործիքը, որով կարող ենք պայքարել ընտրակաշառքի դեմ, հասարակության քաղաքացիական գիտակցությունն արմատապես ընտրակաշառքից հեռացնելն է, որովհետեւ որեւէ քաղաքական գործիչ չի կարող վերահսկել, որ քաղաքացին իր տանը կաշառք չվերցնի։ Չենք կարող մտնել մարդու տուն ու ասել՝ փող մի վերցրու, բայց մենք կարող ենք մտնել մարդու մտքերի մեջ ու ասել մի վերցրու, ու եթե մարդը կարողանա իր գիտակցությունն ու մոտիվացիաները փոխել, դա կլինի ամենամեծ հաղթանակը։

-Շատ կնեղսրտե՞ք, որ խորհրդարանում չհայտնվեք։

-Բացարձակ չեմ նեղսրտի, որովհետեւ ունեմ գաղափարներ, որոնք արդեն երկու տարի է ներկայացնում եմ հրապարակախոսական հաղորդաշարի միջոցով։ Հիմա ցանկանում եմ իմ գաղափարները ներկայացնել նաեւ քաղաքական հարթակում՝ խորհրդարանում, մանդատը չպետք է լինի ինքնանպատակ, այն պատասխանատվություն է։

-Պատասխանատվության մասին, պարոն Կոնջորյան, դուք քաղաքացիներին բաժանում եք ձեր այցեքարտը, ենթադրենք, որ ընտրվել եք, ինչպե՞ս եք բոլորին զանգերին պատասխանելու։

-Եթե զանգերը լինեն այդքան շատ, որ չհասցնեմ, ապա որոշ դեպքերում կօգտվեմ իմ՝ օրենքով սահմանված օգնականի օգնությունից, բացի դրանից ընտրվելու պարագայում իմ առաջադրված համայնքներում մեկում պատգամավորական գրասենյակ եմ հիմնելու, որտեղ շաբաթական մի քանի անգամ քաղաքացիների ընդունելություն է լինելու։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: