Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը 31 միլիոն դրամով բնակարան է գնել

Mar 25, 2017 Comments Off on Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը 31 միլիոն դրամով բնակարան է գնել

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը 2016 թվականին շուրջ 31 միլիոն դրամով բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան է գնել։ Այս մասին տեղեկացանք դատավորի հայտարարագրից։ Դրամական միջոցները 2016-ին կազմել են 6 միլիոն ՀՀ դրամ, 60.000 ԱՄՆ դոլար։

Դատավորի տարեկան եկամուտները, ըստ հայտարարագրի, կազմում են 68 միլիոն դրամ, որից աշխատանքի վարձատրությունը շուրջ 7 միլիոն դրամ է, շուրջ 31 միլիոն դրամ էլ՝ օտարած գույքից։

Տեղեկացնենք, որ մինչ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակվելը, Պապոյանը եղել է նախ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի, ապա Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ 2013 թվականին դատավորը ձեռք է բերել BMW 320 մակնիշի ավտոմեքենա, որի ինքնարժեքը հայտարարագրում նշված չէ։ 2014 թվականին դատավորի ձեռք բերած եւ օտարած գույքի թվում են միանգամից երկու բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, որոնցից մեկը շուրջ 71 միլիոն դրամ ՀՀ արժողությամբ։

Այս բնակարանն առկա է եղել նաեւ հարկային տարվա վերջում, իսկ ահա գնված մյուս բնակարանը, որի գնման արժեքը բացակայում է հայտարարագրից, հարկային տարվա վերջում օտարվել է շուրջ 91 միլիոն դրամով։ Նույն թվականին դատավորը ձեռք է բերել նաեւ երկու ավտոտնակ, շուրջ 7 միլիոն դրամով գնված ավտոտնակն առկա է եղել նաեւ տարվա վերջում, իսկ մյուսն օտարվել է շուրջ 6 միլիոն դրամով։

Սեդա Ղուկասյան

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: