Նոր մանրամասներ. ինչպես և ով է Էջմիածնում սպառնացել ՕՐՕ դաշինքի շտաբի անդամին

Mar 25, 2017 Comments Off on Նոր մանրամասներ. ինչպես և ով է Էջմիածնում սպառնացել ՕՐՕ դաշինքի շտաբի անդամին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մարտի 24–ի ուշ երեկոյան Էջմիածնի Վազգեն Առաջին փողոցում առանց պետհամարանիշիմեքենան փակել է «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի շտաբի աշխատակից Պատվական Պոդոսյանի ավտոմեքենայի ճանապարհը, որից դուրս է եկել մի երիտասարդ և զենքով սպառնացել նրան։
«7օր»–ին հաջողվել է կապ հաստատել Պատվական Պոդոսյանի հետ, ով մանրամասնել է, որ երբ երթևեկելիս է եղել Վազգեն Առաջին և Նալբանդյան փողոցների խաչմերուկով, առանց պետհամարանիշի ավտոմեքենան կտրել է իր ճանապարհը։ Այդ մեքենայից իջել է մի երիտասարդ, եկել նստել է Պատվական Պոդոսյանի մեքենայի հետևի նստարանին, գրպանից հանել ատրճանակը և պահելով նրա գլխին՝ սպառնացել է հեռու մնալ «Օհանյան–Րաֆֆի—Օսկանյան» դաշինքից և ամբողջ ընտրական գործընթացներից։ Անհայտ անձը զգուշացրել է, որ ճանաչում է ՕՐՕ դաշինքի Էջմիածնի շտաբի բոլոր աշխատակիցներին, նրանց մեքենաները և կատարվող քայլերը, ինչպես նաև հավելել է, որ թերևս սա իրենց վերջին հանդիպումն է, և երկրորդ զգուշացման կարիք այլևս չի լինի։
Այդ ընթացքում զանգել է Պատվական Պոդոսյանի հեռախոսը։ Անհայտ երիտասարդը սկզբում չի թույլատրել վերջինիս պատասխանել հեռախոսազանգին, այնուհետև ասել է. «Վերցրո՛ւ հեռախոսդ, սակայն այնպես արա, որ չհասկանան, որ խնդիր կա»։
Նա նաև թույլ չի տվել, որպեսզի Պատվական Պոդոսյանը հետ շրջվի։ Վերջինս միայն հասցրել է նկատել, որ անծանոթը, չնայած ուշ ժամին, եղել է արևային ակնոցով և չսափրված։
Էջմիածնի շտաբի ներկայացուցիչները դիմել են ոստիկանություն, իսկ մինչև առավոտյան ժամը 5–ը շտաբի աշխատակիցները ցուցմունք են տվել։
Պատվական Պոդոսյանը նաև հավելել է, որ իրենք մի քանի օր շարունակ նկատել են առանց պետհամարանիշի այդ մեքենան նաև Էջմիածնում «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Նարեկ Հարությունյանի շտաբի մոտ։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: