Օր առաջ ազատել տնօրեններին․ Բախշյանը՝ ՀՀԿ-ի համար ձայն հավաքող տնօրենների մասին

Mar 25, 2017 Comments Off on Օր առաջ ազատել տնօրեններին․ Բախշյանը՝ ՀՀԿ-ի համար ձայն հավաքող տնօրենների մասին

Մեր պետության հիմքը քանդողները դպրոցների կուսակցականացված տնօրեններն են։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ, ԱԺ պատգամավորության թեկնածու Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով դպրոցների եւ մանկապարտեզների՝ ՀՀԿ-ի շտաբերի համար ցուցակագրելուն։

Հիշեցնենք, որ Sut.am-ը գաղտնի ձայնագրությունների շարք էր հրապարակել, որտեղ տնօրենները ներկայացնում են իրենց ցուցակագրումների մասին տեղեկություններ։ «Երբ տնօրենի գլխում միայն այն է, թե ինչպես հաճոյանա իր վերադասին, նման դպրոցում կրթությունը չի կարող որակյալ լինել։ Սա մեր քաղաքացիական հասարակությունը վտանգող կրթություն է, նման խայտառակ տնօրեններով ՀՀԿ-ն քանդում է մեր պետությունը»,-ասաց նա։

Նախկին պատգամավորը հույս է հայտնում, որ հաջորդ խորհրդարանում հայտնվելու դեպքում պետք է ամեն ինչ անի կրթական համակարգն ապաքաղաքականացնելու վերաբերյալ համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու համար․ «Նման տնօրեններին պետք է օր առաջ ազատել, տնօրենը, որը քաղաքական քարոզչություն է անում, անպայման պետք է ազատվի»,-ասաց նա։ Բախշյանի խոսքով՝ մեղավոր են ոչ միայն իշխանությունները, այլ նաեւ նման հրամանին ենթարկվող տնօրենները․ «Եթե տնօրենները չենթարկվեն վերեւներին, վերեւն էլ կփոխվի, նման դպրոցներում սովորող աշակերտները չեն կարող լիարժեք քաղաքացի դառնալ»,-եզրափակեց նա։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: