Ջրառատում մեր համակիրների վրա կրակել ենք տվել, որ մեր վարկանիշը բարձրանա՞ր․ Ստեփան Մարգարյան

Mar 25, 2017 Comments Off on Ջրառատում մեր համակիրների վրա կրակել ենք տվել, որ մեր վարկանիշը բարձրանա՞ր․ Ստեփան Մարգարյան

Սամվել Բաբայանի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստով համարող ՕՐՕ դաշինքի անդամ Ստեփան Մարգարյանն այն կարծիքին է, որ իրենց համակիրն այժմ անազատության մեջ է, քանի որ իր հեղինակությամբ նպաստում էր դաշինքի հեղինակության բարձրացմանը։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց նա:

«Սամվել Բաբայանը ունենալով մեծ հեղինակություն, լինելով հաղթող գեներալ, իր ելույթներով մեզ աջակցում էր, եւ այն մեծ ազդեցություն էր թողնելու հասարակության վրա»,-փաստեց նա։

Մեր դիտարկմանը, որ երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ չունի եւ նաեւ հավելել էր, որ դաշինքի անդամներն այդպես են ասում իրենց վարկանիշը բարձրացնելու համար, Մարգարյանն ասաց․ «Նույն բանը ՀՀԿ-ի կողմից հնչեց Ջրառատի դեպքերի կապակցությամբ, եւ ստացվում է այնպես, որ Ջրառատում մեր համակիրների վրա կրակել ենք տվել, որ մեր վարկանիշը բարձրանա՞ր։ Ես ասում եմ հակառակը՝ մեր վարկանիշը կտրուկ աճում էր, եւ դա էր պատճառը, իսկ այն ինչի համար մեղադրում են Սամվել Բաբայանին, որեւէ տրամաբանության չի ենթարկվում։ Ինքն այդ զինատեսակը պետք է բերեր, որ ի՞նչ աներ»։

Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, որ պետք է սպասել իրավապահ մարմինների պատասխանին, Ստեփան Մարգարյանն ասաց․ «Իսկ Սամվել Բաբայանին հրավիրե՞լ էին արդյոք որւէ քննչական մարմին կամ ԱԱԾ ու նա չէր ներկայացել, որ պետք էր փողոցում ցուցադրաբար ձերբակալել, կարող էին չէ՞ հրավիրել․ փողոցի մարդ չէ Սամվել Բաբայանը, թող հրավիրեին զրույցի»։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք հավանական համարո՞ւմ է դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանին Նորքի զինված խմբի գործով ձերբակալելը, Ստեփան Մարգարյանը նշեց, որ գուշակությամբ չի կարող զբաղվել, բայց տրամաբանություն էլ չի գտնում իշխանության արածներում։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: