Եթե ոչ Վրաստանի սահմանով, ուրիշ որտեղո՞վ կարող էր «Իգլան» ներմուծվել Հայաստան

Mar 25, 2017 Comments Off on Եթե ոչ Վրաստանի սահմանով, ուրիշ որտեղո՞վ կարող էր «Իգլան» ներմուծվել Հայաստան

Իշխանության ներկայացուցիչները խուսափում են մեկնաբանել ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի ձերբակալությունը: Շենգավիթ համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ և՛ վարչապետ Կարեն Կարապետյանը, և՛ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարվել են գնահատկաններ տալուց, նշել են միայն, որ կմեկնաբանեն այն ժամանակ, երբ իրավապահներն իրենց գործն ավարտած կլինեն: «Կմեկնաբանեմ հետևյալ կերպ՝ իրավապահ մարմինները կհասկանան և կպատասխանեն»,- իրեն ուղղված հարցին այսպես է պատասխանել Կարեն Կարապետյանը:

Մարտի 22-ից Ազգային անվտանգության ծառայությունում գտնվող Սամվել Բաբայանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը հայտարարել է, որ  Սամվել Բաբայանը  հարցաքննվել է. «Կարճ հարցաքննություն է տեղի ունեցել: Այն, ինչում իրեն կասկածում են, բացարձակապես չի ընդունում»,- նշել է պաշտպանը: Մարտի 24-ին՝ կեսօրին, կլրանա Սամվել Բաբայանին մեղադրանք առաջադրելու ժամկետը, որից հետո նա կա՛մ պետք է կալանավորվի, կա՛մ ազատ արձակվի:

Մինչ այդ  Ազգային անվտանգության ծառայությունը «Իգլա» տեսակի զենիթա­հրթիռային համալիր տեղափոխելու փաստի կապակցությամբ իրականացվող նախաքննության վերաբերյալ տարածել էնոր հաղորդագրություն, որտեղ նշվում է. «Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցներից պարբերաբար ստացվող հարցումների՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը տեղեկացնում է, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա­հրթիռային համալիր տեղափոխելու փաստի կապակցությամբ իրականացվող նախաքննության ներկայիս փուլում կասկածյալների մասնակցությամբ կատարվում են տարաբնույթ քննչական գործողություններ, որոնք ուղղված են կատարված հանցանքին նրանցից յուրաքանչյուրի մասնակցության բնույթը և աստիճանը հստակեցնելուն, ինչպես նաև դեպքի մյուս հանգամանքները պարզաբանելուն: Միաժամանակ Վրաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ անցկացվում են համատեղ միջոցառումներ՝ հայտնաբերված ռազմամթերքը հայ­վրացական պետական սահմանով ենթադրաբար անցկացնելու վերաբերյալ ձեռք բերված նախնական տվյալների հավաստիությունը ստուգելու համար: ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտնում է նաև, որ քրեական գործի շրջանակներում նոր զարգացումների առկայության դեպքում դրանց վերաբերյալ կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն»:

ԱԱԾ հաղորդագրության մեջ ուշագրավ է հատկապես հայ-վրացական սահմանին առնչվող ակնարկը: Փաստացի ԱԱԾ-ն  ՀՀ տարածքում «Իգլա» տեսակի զենիթա­հրթիռային համալիր տեղափոխելու փաստն արդեն ունի, սակայն չունի բավարար փաստեր հայտարարելու համար, որ այն ներկրվել է Վրաստանի տարածքով:

Ի դեպ, «Իգլա»-ի գործով այսօր հայտարարություն է արել նաև Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին: Նրա խոսքով՝ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կապի մեջ է Հայաստանի գործընկերների հետ. «Դեռ հնարավոր չէ պնդել, որ Իգլան տրանզիտով Վրաստանից Հայաստան է փոխադրվել: Հետաքննություն է ընթանում, ուսումնասիրվում են մանրամասները: Մենք կապի մեջ ենք հայ գործընկերների հետ և հանրությանը տեղյակ կպահենք հետաքննության արդյունքների մասին»,- ասել է նա:

Եթե հերքվում է կամ չի հաստատվում Վրաստանով ներկրելու վարկածը, ապա ստացվում է, որ  ՀՀ ԱԱԾ-ն շտապե՞լ, թե՞ վրիպել էր, ի սկզբանե հայտարարելով, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում 2017թ. մարտին նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին։

ԱԱԾ-ի հաղորդմամբ, ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով։ Փաստացի, եթե զենքը ներմուծվել է ոչ Վրաստանի սահմանով, ապա ուրիշ որտեղո՞վ կարող էր այն ներմուծվել Հայաստան: Հնարավո՞ր է, որ Վրաստանում գտնվող զենքը ներկրվել է երրորդ երկիր, այնտեղից էլ Հայաստան: Իսկ գուցե զենքն ընդհանրապե՞ս Վրաստան չի մտել և ընդհանրապես ոչ մի տեղից էլ չի ներմուծվել, այլ միշտ եղել է Հայաստանում:

Հայտնի է նաև, որ տվյալ տեսակի զենիթահրթիռային համակարգը՝ Իգլան, հիմնականում նախատեսված է 3-5 կմ բարձրությամբ թռչող օբյեկտների՝ ինքնաթիռի, անօդաչու թռչող սարքի, ոչնչացման համար: Հետևաբար, հարց է առաջանում նաև, թե այս զինատեսակն ինչպե՞ս է նախատեսված եղել օգտագործել ոչ մարտական իրավիճակում:

 Արման Վարդանյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: