Ձերբակալությունները կշարունակվեն, թիրախում կարող են հայտնվել բոլորը

Mar 25, 2017 Comments Off on Ձերբակալությունները կշարունակվեն, թիրախում կարող են հայտնվել բոլորը

ՕՐՕ դաշինքի անդամ, Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի համոզմամբ դաշինքը չի ջլատվի, չի թուլանա Արցախի հերոս, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, դաշինքի համակիր Սամվել Բաբայանի ձերբակալության փաստից: ՕՐՕ-ի իրազեկող խմբի ներկայացուցիչը վստահեցնում է, որ մարդկանց մոտ դաշինքի նկատմամբ դրական վերաբերմունքը էլ ավելի է մեծացել այդ ձերբակալությունից հետ:

-Պարոն Արշակյան, ձերբակալության փաստը ինչպես կանդրադառնա դաշինքի գործունեության վրա:

-Ես կարող եմ ասել, որ մեզ մոտ մարտական տրամադրություններ են, պայքարելու ենք մինչեւ վերջ: Իհարկե, այդ ամենը ահաբեկելու նպատակով է, այդ ամենը թուլացնելու, ջլատելու նպատակ ունի, այդ ամենով, զինվորական լեզվով ասած, շարքից հանելու նպատակ, խնդիր է դրել իշխանությունն իր առջեւ, բայց եթե բոլոր ճանապարհները մեր առջեւ բաց լինեին ու ամեն ինչ այդքան հեշտ լիներ, մեզ հերթ չէին տա ճարպիկ ուժերը: Փշոտ է մեր ճանապարհը, դա մենք ենք ընտրել ու պետք է պայքարենք: Հենց այնպես չենք հանձնվի:

-Դուք պտտվում եք մարզերում, իրազեկում ժողովրդին, վերաբերմունք փոխվել է ժողովրդի մոտ եւ ինչպես:

-Դրական առումով մի փոքր փոխվել է: Բոլորս հասկանում ենք, որ իշխանությունը պանիկայի մեջ է, ավելի ճիշտ հոգեւարքի մեջ է, տաս օր է մնացել եւ մենք տեսնում ենք իրենց ջղաձգումները:

-Տեսակետ կա, որ ծրագրվում էր Սասնա ծռեր-2 սցենար, արդյոք այդ պատճառով են ձերբակալել Սամվել Բաբայանին, որը հարցաքննության ժամանակ հերքել է պաշտոնական վարկածը ու իր առնչությունը մաքսանենգ ճանապարհով ԻԳԼԱ Հայաստան բերելու ԱԱԾ առաջ քաշած իրողությանը:

-Ով կարող է նման բանը ծրագրել: Մենք միշտ հայտարարել ենք, որ դեմ ենք հեղափոխությանը, դեմ ենք հակահեղափոխությանը, արյունահեղությանը՝ եւս: Դաշինքի երեք լիդերներն էլ հայտարարել են, մենք սահմանադրական ճանապարհով ենք գնում դեպի իշխանություններ:

-Այսինքն հետընտրական զարգացումներ չեն լինելո՞ւ:

-Լինելու են, բայց Սահմանադրության շրջանակներում: Նախ ո՞վ ասաց, որ նրանք զավթելու են իշխանությունը, կարող է այդ չափով չկարողանան կեղծել:

-Արդեն կարծիքներ են հնչում, որ ձերբակալությունը կրկնվելու է, դաշինքի այլ անդամներ չի բացառվում նույնպես հայտնվեն իրավապահների ուշադրության կենտրոնում:

Այո, բոլորն էլ կարող են հայտնվել թիրախում, վիճակահանություն են անելու՝ <<էսօր ում ենք ձերբակալելու> ու անցնելու են գործի:

-Բաբայանի փաստաբանը հայտնել է, որ ձերբակալության որոշումը չեն բողոքարկելու, ինչու:

-Ասաց, որ գաղտնիք է եւ չի ասի, նա ասաց, որ տակտիկական նպատակներով որոշ գաղտնիքներ կպահի:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: