Նժդեհ չկարդալ խորհուրդ տվողի հետ ի՞նչ բանավիճես․ Արծրուն Պեպանյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին

Mar 25, 2017 Comments Off on Նժդեհ չկարդալ խորհուրդ տվողի հետ ի՞նչ բանավիճես․ Արծրուն Պեպանյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին

Քաղաքագետ Արծրուն Պեպանյանն անգամ չի ուզում ծանոթանալ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց նա՝ ընդգծելով, որ իմաստ չունի լսել մի մարդու, «ով կարող է Ազատության հրապարակի հարթակից կանչել, թե պետք չէ Նժդեհ կարդալ»:

Մեր դիտարկմանը, որ Տեր-Պետրոսյանի խոսքով, Ադրբեջանը եւս պատրաստ է զիջումների, ըստ իրեն կա՞ նման բան, Պեպանյանը հարցին հարցով պատասխանեց․ «Որո՞նք են այդ զիջումները. լայն ինքնավարությո՞ւնը Ադրբեջանի կազմում»։

Հիշեցմանը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքով, եթե Ադրբեջանը պատրաստ չլիներ փոխզիջումների, ապա Մինսկի խմբի հետ բանակցությունները կդադարեցներ, Արծրուն Պեպանյանն ասաց, որ այդ դեպքում Ադրբեջանի հանդեպ աշխարհի վերաբերմունքն այլ կլիներ:

«Գտնում եմ, որ Ադրբեջանն ինքը պիտի սրտացավ լիներ փոխզիջումների միջոցով տարածքների մի մասը ետ բերելու հարցում, եւ ոչ թե մենք»,- ընդգծեց նա:

Հիշեցրինք, որ առաջին նախագահն այն կարծիքին է, որ իրեն քննադատողների 99 տոկոսը ԼՂ կոնֆիկտի վերաբերյալ պատկերացում չունի, արդյոք ինքը եւս համարվո՞ւմ է Տեր-Պետրոսյանին քննադատող, մեր զրուցակիցն ասաց․ «Նժդեհ չկարդալ խորհուրդ տվողի հետ ի՞նչ բանավիճես: Ես պատկերացում ունեմ հայ ազգի նպատակների մասին, իսկ ինքը այդ հարցում չկա»։

Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի այն խոսքին, որ նոր հանգամանքներ են ի հայտ եկել ԼՂ կոնֆլիկտի լուծման համար եւ ակնկալում է, որ առաջիկայում այն լուծվելու է, հարցին՝ ի՞նչ հանգամանքների մասին է խոսքը, Պեպանյանը փաստեց․ «Երեւի մտադիր է պահանջել Լեռնային Ղարաբաղն այն նույն քարտեզով, որով բռնակցվեց Ադրբեջանին: Այդպես կվարվեր իրական հայ քաղաքական գործիչը»։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: