«Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած տարբերակը ցեղասպանություն հրահրելն է». քաղաքագետ

Mar 24, 2017 Comments Off on «Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած տարբերակը ցեղասպանություն հրահրելն է». քաղաքագետ

Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանն ամենեւին զարմացած չէ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի զիջողական խոսքերից՝ ԼՂ հարցի վերաբերյալ։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով Հ1-ով հեռարձակված «Օրակարգից դուրս» հաղորդմանը․ «Միանգամայն բնական է, որ նա նման բան է ասում, որովհետեւ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն իրենց արտաքին ու ներքին քաղաքականության ողջ հայեցողակարգով, Տեր-Պետրոսյանի հիմնադրած համակարգի ամենահավատարիմ ծնունդն են, ուստի վարչահոր եւ վարչազավակի միջեւ այնպիսի առանցքային հարցում, ինչպիսին արցախյան կարգավորումն է, բնականաբար էական տարբերություն չէր կարող լինել»։

Մեր դիտարկմանը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսել է այն մասին, որ Ադրբեջանը եւս պատրաստ է զիջումների, քաղաքագետն ասաց․ «Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն վաղուց այլ իրականության մեջ է, այդ իրականության մեջ ինքը ազգի կողմից չգանահատված ու թերեւս վերջին մարգարեն է, եւ ազգը շատ «երախտամոռ» է իր բացառիկ հայրական խնամքի նկատմամբ»։

Ըստ Քանանյանի՝ առաջին նախագահը «մոլեգնորեն ու հոգեխանգարմունքի աստիճանի հասող անկառավարելի մղմամբ» ամեն կերպ փորձում է ապացուցել, որ 1997 թվականին ճիշտ էր․ «Ներքին հոգեկան խնդիրներ է լուծում՝ հորինելով Ադրբեջանի զիջումների մասին հեքիաթները, այդ մարդն աղերս չունի իրականության հետ»։

Քանանյանի խոսքով՝ ՀԱԿ-ի դիրքորոշումը ոչ թե խաղաղությունն է, այլ «ամենավատթար ելակետային պայմաններում ցեղասպանություն հրահրելը»:

«Իրենց առաջարկած տարբերակը նոր ցեղասպանության կապիտուլյացիոն պատերազմի դիրքորոշումն է, ինչը մերժելի է: Առհասարակ վաղուց պետք է թերթել այդ անձի էջը, դեռ 2008 թվականին»,-եզրափակեց նա։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: