Որտեղի՞ց գիտի, Ալիեւի մոտի՞ց է եկել․ Ս․ Սաֆարյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին

Mar 22, 2017 Comments Off on Որտեղի՞ց գիտի, Ալիեւի մոտի՞ց է եկել․ Ս․ Սաֆարյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, ԱԴ ցուցակով պատգամավորության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը զարմացած է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունից, որ ԼՂ հարցով բանակցությունները շարունակվում են:
«Որտեղի՞ց գիտի, Ալիեւի մոտի՞ց է եկել, Սերժ Սարգսյանը բանակցողն է եւ քանիցս պնդել է, որ Ադրբեջանը պատրաստ չէ բանակցություններին»,-Hayeli.am-ի հետ զրույցում ասաց նա։
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստանընկերությամբ հեռարձակվող «Օրակարգից դուրս» հաղորդման շրջանակներում Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ բանակցությունները շարունակվում են, եւ Ադրբեջանը եւս պատրաստ է զիջումների:
«Ուզում եմ հասկանալ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը բացարձակ անտեղյա՞կ է բանակցային պրոցեսից կամ Ալիե՞ւն է իրեն ասել, դա աբսուրդ է։ Սերժ Սարգսյանը որպես ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի կողմից բանակցող կողմ հստակ հայտարարել է, որ Ադրբեջանը չի բանակցում, ցանկություն չունի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու»,-ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ Մինսկի խումբն անգամ նման հայտարարությամբ հանդես չի եկել:
«Հիմա ի՞նչ պրովոկացիա՞ է անում Տեր-Պետրոսյանը»,-ինքն իրեն հարցրեց Սաֆարյանը։

Ստյոպա Սաֆարյանը հիշեցրեց, որ անգամ ՀՀԿ-ականներն են ասում, որ բանակցություններ որպես այդպիսին չկան, ուստի, եթե անգամ ՀՀԿ-ն չի անվանում բանակցություն, ապա ի՞նչ բանակցության մասին է առաջին նախագահը խոսում․ «Ինչի՞ է ուզում տեղի ունեցածը բանակցություն ներկայացնել, ո՞վ է նման բան խնդրել եւ ի՞նչ առաքելություն ունի այս նախընտրական շրջանում տեղի ունեցածը բանակցություն ներկայացնել, եթե անգամ իշխող ուժը բանակցություն չի ասում»։
Ըստ Սաֆարյանի, եթե բանակցությունները կյանքի կոչված լինեին, ապա այլեւս իրական կլինեին Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները։
Մեր ճշտող հարցին՝ ըստ իրեն ո՞վ կարող էր նման խնդրանքով հանդես գալ, Սաֆարյանն ասաց՝ միանաշանակ ՌԴ-ն։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: