Իշխան Զաքարյանն ասել է այն, ինչի մասին լռում էր Ծառուկյանը

Mar 22, 2017 Comments Off on Իշխան Զաքարյանն ասել է այն, ինչի մասին լռում էր Ծառուկյանը

 

Ես և՛ իմ ընտանիքում, և՛ շրջապատում ասել էի, որ այն պահից, երբ Գագիկ Ծառուկյանը կհայտարարի քաղաքականության փակված էջը վերստին բացելու մասին,  կանգնելու եմ նրա կողքին, ինչը և արել եմ: «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլուցիա» հաղորդման եթերում նման հայտարարություն է արել Ծառուկյան դաշինքի 2-րդ համարն զբաղեցնող նախկին ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը՝ անդրադառնալով իր  հրաժարականի մասին հարցին: Նրա խոսքով, ճիշտ չէր լինի ՎՊ նախագահի պաշտոնում մնալով, զբաղվել ընդդիմադիր քաղաքական  գործունեությամբ, քանի որ այդ դեպքում կարող էին քաղաքական տարբեր շահարկումներ լինել: Լրագրողի ճշտող հարցին, թե ի վերջո Ծառուկյան դաշինքը ինչպիսի՞ քաղաքական միավորում է՝ ընդդիմադի՞ր է, թե՞ ոչ, Զաքարյանը պատասխանել է. «Եթե քաղաքական ուժը իշխանություն չէ, ուրմեն ընդդիմություն է: Մեր պարագայում ևս վստահաբար այդպես է»,- հայտարարել է Իշխան  Զաքարյանը: Այսպիսով՝  Իշխան Զաքարյանը պատահաբար կամ էլ թերևս հատուկ նպատակով արել է քաղաքական բացահայտում՝ ասել է այն, ինչի մասին Գագիկ Ծառուկյանը հետևողականորեն լռում է: Ծառուկյանը  երբևէ չի հայտարարել ընդդիմադիր լինելու մասին. այդ թեմայով հարցադրումներին  նա որպե կանոն պատասխանում է կամ խուսափողաբար կամ էլ, լավագույն դեպքում, հայտարարում է, որ ինքը իրական այլընտրանք է և 50 տոկոս գումարած մեկ ձայն ստանալու դեպքում կձևավորի իշխանություն և կսկսի իրագործել իր ծրագիրը, որտեղ նախատեսվում են  աշխատավարձի և թոշակի աճ, ցածր տոկոսով վարկեր, 6 տոկոս ՀՆԱ աճ, չեղարկված կարմիր գծեր և այլն: Ինչևէ՝ եթե Ծառուկյան դաշինքն ընդդիմադիր քաղաքական ուժ է, ապա ստացվում է, որ Իշխան Զաքարյանն էլ  ընդդիմադիր քաղաքական գործիչ է: Այստեղ է, որ,  ինչպես ասում են, խաշած հավի ծիծաղն անգամ գալիս է: Հետաքրքիր է, եթե Գագիկ Ծառուկյանը երբևէ չբացեր քաղաքականության փակված էջը, Իշխան Զաքարյանն ի՞նչ էր անելու՝ շարունակելո՞ւ էր, տեսնելով հանդերձ իշխանության անարդյունավետ աշխատանքը, մնալ Վերահսկիչ պալատի նախագահ: Թերևս այո, որովհետև ընդդիմադիր քաղաքական դաշտ մտնելու այլ դրդապատճառ, նա չի նշել:  Բայց սա դեռ ոչինչ. ինչո՞ւ Իշխան Զաքարյանը որոշեց  կանգնել Ծառուկյանի կողքին հենց հիմա, մինչդեռ երկու-երեք տարի առաջ, երբ ԲՀԿ-ն ակտիվ քաղաքական գործունեություն էր վարում և Ծառուկյանն էլ դեռ չէր հայտարարել քաղաքականությունից հեռանալու մասին, Իշխան Զաքարյանը Ծառուկյանի կողքին չկանգնեց: Ի՞նչն էր այն ժամանակ հետ պահում Իշխան Զաքարյանին. չէ՞ որ նա ՎՊ նախագահի պորտֆելը, իսկ դրանից առաջ նաև ԱԺ փոխնախագահի պաշոտնը ստացել էր ԲՀԿ-ի քվոտայով:  Բայց սա էլ դեռ ոչինչ՝ ընդունեք, թե մարդու ազնիվ հոգու արդար կանչը հենց այս պահին է հնչել: Իշխան Զաքարյանը, որ այսօր խոսում է պետական կառավարման անարդյունավետությունից, ողջ կյանքում աշխատել է պետական համակարգում: Այդ գործունեությունը անձնական տեսանկյունից Իշխան Զաքարյանի համար առավել քան արդյունավետ է եղել՝ նա կուտակել է հսկայական կարողություն, որը վստահաբար ոչ համատեղելի է պետական գործունեության հետ: ԶԼՄ-ները բազմիցս են անդրադարձել Իշխան Զաքարյանի հայտարարագրին, շքեղ առանձնատանը, բանկային հաշիվներին:  Կարո՞ղ էր Իշխան Զաքարյանն այս ամենն ունենալ առանց իշխանության բարեհաճության՝ «իհարկե ոչ»,- կասեր լակոնիկ ոճի սիրահար ՀՀ վարչապետը: Ի դեպ, Իշխան Զաքարյանն այսպես էլ չպատասխանեց հարցին, թե ո՞վ է Ծառուկյան դաշինքի վարչապետի թեկնածուն:

Արման Վարդանյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: