«Սասնա ծռերի» համակրին դատապարտել են ազատազրկման․ պաշտպանը կդիմի ՄԻԵԴ

Mar 18, 2017 Comments Off on «Սասնա ծռերի» համակրին դատապարտել են ազատազրկման․ պաշտպանը կդիմի ՄԻԵԴ

Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Հիմնադիր Խորհրդարանի անդամ, «Սասնա ծռեր» խմբավորման համակիր Արմեն Միքայելյանին  մեղավոր է ճանաչել՝ դատապարտելով մեկ տարվա ազատազրկման։ Ըստ ոստիկանության՝ հուլիսի 27-ի գիշերը Խորենացի փողոցում Արմեն Միքայելյանի մոտ ինքնաշեն ատրճանակ է հայտնաբերվել։ Միքայելյանի պաշտպան Երվանդ Վարոսյանն այս որոշումը ապօրինի է գնահատում։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց նա․ «Նրան բերման էին ենթարկել Մալաթիայի բաժին, ճանապարհին գոտկատեղին տեղադրել ինքնաշեն ատրճանակ, քանի որ  ճանապարհին այդ ատրճանակը երկու անգամ ընկնում է գետնին,նորից տեղադրում են նաեւ խուզարկության սենյակում, հետո «հայտնաբերում»,-ասաց փաստաբանը։

«Այսօր ակնհայտ ապօրինի դատական ակտ կայացվեց, Միքայելյանը դատապարտվեց մեկ տարի ազատազրկման, նաեւ փոխվեց խափանման միջոցը՝ գրավը վերացվեց, եւ կրկին խափանման միջոց ընտրվեց կալանավորումը հենց դատարանի դահլիճից, այն դեպքում որ ոչ իր մեղադրանքն է փոխվել, ոչ էլ նախկինում ընտրված խափանման միջոցի որեւէ պայման էր խախտել»,-ասաց նա։

Երվանդ Վարոսյանի խոսքով՝ Վերաքննիչ դատարանում կբողոքարկեն այս որոշումը․ «Եթե դատարանը պիտի ապօրինություն անի, լավ է, որ այն լինի ճչացող եւ հնարավորություն տա ներպետական ատյաններում հաջողություն չգրանցելու դեպքում դիմել ՄԻԵԴ»,-ասաց նա։

Արմեն Միքայելյանի կինը՝ Լիանա Ենդիգարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց․ «Ստրուկի սրտուկ որոշում է կայացրել, ի՞նչ գնահատական տամ, դատավորը չէր կայացրել էդ որոշումը, այն քաղաքական որոշում է»։ Լիանայի խոսքով՝ ամուսնուն բերման էին ենթարկել միայն նրա համար, որ վերջինս Հիմնադիր խորհրդարանի ճգնաժամային խորհրդի անդամ է։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: