Ալիեւը պետք է օր առաջ ԼՂ անկախությունը ճանաչի, թե չէ էլի են տարածքներ տալու մեզ․ Ն․ Ազիզյան

Mar 23, 2017 Comments Off on Ալիեւը պետք է օր առաջ ԼՂ անկախությունը ճանաչի, թե չէ էլի են տարածքներ տալու մեզ․ Ն․ Ազիզյան

ԼՂ կոնֆլիկտը լուծելու են ղարաբաղցիները։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, այժմ Ծառուկյան դաշինքով ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Նապոլեոն Ազիզյանը․ «Իմ կարծիքով էդ հարցը լուծելու են ղարաբաղցիները, Ղարաբաղի ժողովրդին տեղից շարժել չի լինի։ Մինսկի խմբի եռանախագահները պետք է հասկանան, որ էս ժողովուրդը սովորական ժողովուրդ չի, էդ պետությունն արդեն կայացած է իր սահմանադրությամբ, բոլոր ինստիտուտներով, ուզենան թե չուզենան, պետք է ճանաչեն»,-ասաց նա։

Ազիզյանը հիշեցրեց 2016 թվականի քառօրյա պատերազմը՝ ասելով, որ ցավի կողքին նաեւ ուրախացնող բան կար․ ամբողջ աշխարհի հայությունը համախմբվեց։ Ըստ Ազիզյանի՝ որքան էլ ադրբեջանական կողմը սադրանքների դիմի, ինչ սպառազինության էլ տիրապետեն, ոչնչի չեն հասնի․ «Ամենակարճ ճանապարհը ԼՂՀ-ն ճանաչելն է, եւ նոր դրանից հետո հողերի մասին խոսելը, եթե նրանք հողեր են ուզում, շատ հողեր էլ կան, որ մենք կարող ենք ուզել, օրինակ Շահումյանը»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի խաղաղություն, բարիդրացիություն, հաշտություն թեզին եւ ԼՂ հարցում զիջողական քաղաքականությանը, Ազիզյանն ասաց, որ Տեր-Պետրոսյանը դեռ 90-ականներից այդ սկզբունքի կողմնակիցն էր։ «Ալիեւը եթե խելոք լինի, պետք է օր առաջ ԼՂ անկախությունը ճանաչի, թե չէ էլի են տարածքներ տալու մեզ»,-ասաց նա։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: