Մի ընկնելու պատմություն

Mar 18, 2017 Comments Off on Մի ընկնելու պատմություն

Սարգսյանի մահվան բոթից նախընտրական մթնոլորտի վրա իջած անդորրը ցրվեց առավոտյան մի լուրով։ «Երեկ ուշ գիշեր դաժան ծեծի է ենթարկվել Աջափնյակում, թիվ 2 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Վահան Կարապետյանը (Չերիի Վահան)՝ նույն ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Պետական գնումների գործակալության պետ Արման Սահակյանի թիմի անդամների կողմից» հայտնի էր դարձել «Ժամանակ» թերթին։

Թերթը հայտնել էր, որ Վահան Կարապետյանը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում. նրա մոտ թույլ չեն տալիս որևէ մեկին մուտք գործել։ Լուրը ցնցեց իշխանության առանց այն էլ խարխլված դիրքերը։ Գլխավոր դատախազը Ոստիկանությանը հանձնարարեց տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով իրականացնել ստուգողական գործողություններ:

ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրեց, որ «Արման Սահակյանի թիմակիցները դարանակալել և փորձել են հաշվեհարդար տեսնել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի հետ՝ մատուցելով արջի հերթական ծառայությունը»:

«Մենք, իհարկե, հասկանում ենք, որ Արման Սահակյանը և նրա թիմը այլևս հասկացել է, որ ո՛չ իրեն տրամադրված անսահման վարչական ռեսուրսը, ո՛չ անսահման փողը, որով Արման Սահակյանը ողողել է ողջ Աջափնյակ համայնքը, անհրաժեշտ արդյունք չեն տալիս, ուստի կանխազգալով ապագա պարտությունը՝ ՀՀԿ թեկնածուն դիմել է իրեն հոգեհարազատ վերջին ռեսուրսին՝ թաղի խուժանին և թմրամոլներին։Հաշվի առնելով ընտրական փուլը՝ «Ծառուկյան» դաշինքը չի տրվելու որևէ սադրանքի, բայց ապրիլին 2-ին հաջորդելու է ապրիլի 3-ը և բոլոր մեղավորները՝ փոքր տրամաչափի խուժանից մինչև այս միջադեպի կազմակերպիչը, ստանալու են իրենց արժանի պատասխանը: Տեղեկացնեմ նաև, որ Վահան Կարապետյանը տրամադրված է մարտական և վճռական և նույն ոգևորությամբ թե՛ Վահանը և թե՛ մեր ողջ թիմը շարունակելու է քարոզարշավը՝ մեր երկրում լրջագույն փոփոխություններ իրականացնելու համար»,- գրել էր Վանիկ Էլիզբարյանը։

Սրան հետեւեց Արման Սահակյանի հերքումը․«Հերքում եմ իմ առնչությունն այդ միջադեպի առնչությամբ: Եվ ոչ միայն իմ, այլ նաև իմ թիմակիցների: Տեղի ունեցածը միջանձնային բնույթի է և որևէ աղերս չունի ընտրարշավի կամ քաղաքական պրոցեսների հետ: Իմ տեղեկություններով, տեղի է ունեցել միջադեպ, որը կենցաղային բնույթի է, միջանձնային հարաբերությունների պարզման խնդիր է, և հենց իրենց թիմակիցների միջև: Մեր թիմակիցների հետ․․․ ընդամենը տեղի է ունեցել միջադեպը մեր երթաշտաբերից մեկի մոտ»։

Վահան Կարապետյան անունով մարդ «Արմենիա» ԲԿ չի տեղափոխվել. այս մասին էլ Tert.am-ին հայտնեց «Արմենիա» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը։

Եւ ահա, քիչ առաջ Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն «Ազատության»-ը փոխանցել է, որ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանն այսօր բացատրություն է տվել ոստիկանությունում։ Կարապետյանն ասել է, որ միջադեպ տեղի չի ունեցել, ինքը պարզապես ընկել է։ Ինչ եզրահանգումներ կարող ենք անել հերթական միջադեպից, նախ խիստ տարակուսելի է, թե ինչու է նախընտրական ժամանակահատվածում շեշտակի ավելանում կենցաղային միջադեպերի թվաքանակը, գուցե ամենեւին վիճակագրական աճ չի արձանագրվում, պարզապես նախընտրական փխրուն ժամանակներում նման միջադեպերն ավելի աղմկահարույց են դառնում ու օգտագործվում նախընտրական նպատակներով։

Սա դեռեւս պարզել է պետք։ Բայց առավել տարակուսելին ԲՀԿ-ականների պահվածքն է։ Վահան Կարապետյանի անվան առնչությամբ միջադեպը առաջինը չէ։ Շաբաթներ առաջ մարտի 1-ին Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքն ու դանակահարությունը ԲՀԿ-ականները սկզբում նույնպես ներկայացրեցին քաղաքական հարթությունում։ Դանակահարված ԲՀԿ-ական 23-ամյա Աբրահամ Ադամյանն էր, կուսակցության ակտիվը Նաիրա Զոհրաբյանի առաջնորդությամբ հայտարարում էր, որ նույն մարզում ՀՀԿ-ական թեկնածու Մուրադ Մուրադյանի աջակիցներն են միջադեպի հեղինակները։ Օրեր անց Աբրահամ Ադամյանը մեզ հետ զրույցում հերքեց, թե միջադեպը քաղաքական դրդապատճառներ է ունեցել․«Դե գյուղի տղա ենք, վիճվել ենք, անցել, գնացել է»,- մեզ հետ զրույցում ասել էր նա։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե սպասվող ընտրություններում որեւէ ուժի կսատարի՞, Աբրահամ Ադամյանը բացասական պատասխան էր տվել․«Ընդհանրապես տենց բաներում չեմ եղել, չկամ ու չեմ էլ լինի»։

Ինչպես երևում է՝ դաշինքի կողմից ստեղծված շոուն առայժմ իր արդյունքը չի տալիս:

 

Անի Սահակյան

 

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: