Գարեգին Բ-ի լռությունը կարող է ստեղծել ճգնաժամ համազգային եւ համաեկեղեցական հարթակներում

Mar 17, 2017 Comments Off on Գարեգին Բ-ի լռությունը կարող է ստեղծել ճգնաժամ համազգային եւ համաեկեղեցական հարթակներում

Այն բանից հետո, երբ մարտի տասնհինգին Պոլսում տեղի ունեցած պատրիարքական տեղապահի ընտրությունների ժամանակ քսաներեք ընդդեմ տասնմեկ ձայնի հաղթանակ տարավ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արք. Բեքչյանը, պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշյանը ներկայացրեց մի նամակ, ստորագրված Ստամբուլի փոխնահանգապետի կողմից, որով չեղյալ էին հայտարարվում Պոսլի հայոց պատրիարքական ընտրությունների նախաձեռնությունը, հայտարարվում էր, որ իշխանությունները գոհ են պատրիարքական տեղապահ Արամ արք. Աթեշյանից, որով նաեւ չեղյալ էր հայտարարվում պատրիարքական տեղապահի ընտրությունները:

Տեղի հայությունը արդեն հասցրել է կարծիք արտահայտել, որ նամակի հետեւում պարզ երեւում են հենց Արամ արք. Աթեշյանի ականջները եւ իրականում սա նրա հերթական խարդավանքն է, որ ուղղված է պատրիարքական ընտրությունները Պոլսի Աթոռում խանգարելուն: Հայտարարություններ են հնչեցրել նաեւ Գարեգին արք. Բեքչյանն ու Սահակ եպս. Մաշալյանը, ովքեր իրավիճակից միակ ելքը տեսնում են նրանում, որ Արամ արք. Աթեշյանը հրաժարական ներկայացնի:

Սակայն այսօր արդեն «Ագօս»-ի հետ զրույցում Արամ արք. Աթեշյանը հայտարարել է, որ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու Ստամբուլի նահանգապետարանից եկած նամակից հետո եւ հրաժարական է տալիս ընդամենը «Հովակիմ1461» հիմնադրամի նախագահի պաշտոնից, որը ինքն էր ստեղծել երկու տարի առաջ հոգեւորականներին աջակցելու համար, սակայն քանի որ բամբասանքները շատ են, որոշել է հրաժարական տալ այդ պաշտոնից: Առհասարակ Արամ արք. Աթեշյանի այս կեցվածքը, որպիսին նա որդեգրեց պատրիարքական ընտրության վերսկսման գործընթացի ողջ ընթացքում,արդեն իսկ խոսում է մի պարզ իրողության մասին` գործ ունենք մի մարդու հետ, ով ամեն ինչի պատրաստ է պաշտոնին մնալու համար` ինչ- ինչ շահերից ելնելով: Հատկապես Մայր Աթոռում ընթացիկ տարվա փետրվարի վերջին տեղի ունեցած հանդիպումները Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի մոտ, մասնակցությամբ իր եւ Գարեգին Բեքչյանի, Սահակ Մաշալյան Սեպուհ Չուլջյան բարձրաստիճան եկեղեցականների եւ կնքված համաձայնությունը պետք է որ իրադրությունը պարզաջրեին, մինչդեռ Աթեշյանն ավելի է խառնում իրար ամեն ինչ:

Մի կողմից հարց է առաջանում՝ իսկ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը կուլ կտա՞ արդյոք այս «հարվածը» եւս, որը ամենից պարզ բացատրությամբ` Արամ Աթեշյանի կողմից վիրավորանք է կաթողիկոսական խոսքին եւ հեղինակությանը եւ նաեւ անհնազանդություն Գերագույն Հոգեւոր խորհրդին եւ անձամբ կաթողիկոսին: Մեր եկեղեցամերձ աղբյուրները նշում են, որ այն, ինչ անում է Աթեշյանը, լիովին բավարար հիմքեր են, որպեսզի Աթեշյանի հարցը քննության առնվի այս տարի աշնանը կայանալիք Հայ Եկեղեցու բարձրագույն մարմիններից` Եպիսկոպոսական ժողովի կողմից եւ հարկ եղած դեպքում նաեւ տնօրինվի վերջինիս կախակայումը: Ավելին՝ մեր աղբյուրները նշում են, որ Հայ եկեղեցու եպիսկոպոսների մեջ գրեթե բոլորն էլ դա մտածում են, սակայն որեւէ մեկը չի բարձրաձայնում: Եթե Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կուլ տա այս վիրավորանքը եւ հանդուրժի Հայ Եկեղեցուն հասցված այս հարվածը, ապա կարող է վտանգել հենց իր անունն ու հեղինակությունը, քանի որ այդ կամա կամ ակամա լռությունը եւ ոչ մի քայլ չձեռնարկելը ընդդեմ Աթեշյանի գործողությունների, հասարակության մեջ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում կարող են նոր խմորումների առիթ դառնալ, հատկապես, որ եկեղեցական հնազանդության դեմ ոտնձգությունները Գարեգին Բ-ի համար շատ ցավոտ հարց են եւ սովորաբար ամենափոքր նման դրսեւորումը հանգում է եկեղեցականի` ասպարեզից հեռացման:

Ի վերջո թուրքական իշխանություններն իրենք իսկ հետաքրքրված չեն այս սրացումներով եւ առհասարակ ունեցած խնդիրների շարքում հայկական համայնքի խնդիրները ամենավերջիններից են, որ հետաքրքրում են Անկարային, մինչդեռ տեղում Աթեշյանի «գործուն» մասնակցությամբ արհեստական հետաքրքրություն է փորձ արվում առաջացնել: Սա էլ թերեւս այն է, որ Աթեշյանը փորձում է ինքն իրեն ապահովագրել, մինչդեռ թուրքական առածն ասում է` «Հովվի շունը, երբ կարոտում է տիրոջ դագանակին, գնում եւ պոչը քսում է դագանակին», կամ «Երբ եզի մորթվելու ժամը հասնում է, գնում ու լիզում է ղասաբի /մսագործի/ դանակը»: Իսկ ինքն իրեն ապահովագրելու հարցեր հաստատ կունենա, քանի որ տեղապահը կամ նոր պատրիարքը առնվազն տասը տարվա ֆինանսական գործունեության հաշվեքննություն պետք է իրականացնեն, իսկ այդ դեպքում կարող են միլիոնների յուրացումներ եւ մեքենայություններ բացվեն, որոնք ամենեւին էլ ձեռնտու չեն Արամ արք. Աթեշյանին:

Տիգրան Վահանե

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: