Տարածքի բնակիչների խոսակցության մակարդակով գիտի

Mar 18, 2017 Comments Off on Տարածքի բնակիչների խոսակցության մակարդակով գիտի

«Անընդհատ խոսում ենք որակապես նոր ընտրություններից, նոր ԸՕ-ից ու նոր քաղաքական մշակույթից, բայց նաև նման դրսեւորումներ են լինում»։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով երեկ երեկոյան ԲՀԿ խմբակցության պատգամավոր, թիվ 2 ընտրատարածքում ռեյտինգային ընգտրակարգով առաջադրված Վահան Կարապետյանին ծեծի ենթարկելու դեպքին։

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Կարապետյանին ծեծի են ենթարկել նույն ընտրատարածքում առաջադրված, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդի՝ Արման Սահակյանի մտերիմները։

Էնֆիաջյանի խոսքով՝ դեպքի մանրամասներից տեղյակ չէ․ «Քանի մոտենում ենք ընտրություններին, հասկանում ենք, որ Ծառուկյան դաշինքի թեկնածուների վարկանիշը շատ բարձր է, եւ ավելի է բարձրանում, երբ փորձում են նման մթնոլորտ ձեւավորել։ Վստահեցնում եմ դա մեզ չի կաշկանդում, պայքարելու ենք մինչեւ վերջ»:

Էնֆիաջյանն ասաց, որ գնացել է տարածքի իրենց գրասենյակ, Կարապետյանի բնակարան, որ ստեղծված իրավիճակն անձամբ հասկանա, սակայն դեռ չի կարող ոչինչ հստակեցնել, քանի որ տուժածի հետ չի խոսել: «Դրվագներ եղել են, որ կարողացել եմ հարազատների հետ խոսել, իրականությունը հասկանամ, բայց ամողջական պատկերը հասկանալու համար ինքս պետք է Վահանի հետ խոսեմ, որպեսզի ավելի հստակ լինի՝ իրականում ինչ է տեղի ունեցել»,-ասաց պատգամավորը։

Մեր դիտարկմանը, որ ըստ մամուլի հրապարակումների՝ իր թիմակցին ծեծի են ենթարկել Արման Սահակյանի մտերիմները, Էնֆիաջյանն ասաց․ «Տարածքի բնակիչների խոսակցության մակարդակով գիտեմ, որ քաղաքական հայացքների համար է եղել միջադեպը, բնակիչները խոսում էին, որ Արման Սահակյանի մտերիմներն են եղել, բայց իրեն տարածքում չեն տեսել»։

Արման Սահակյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, նա չի պատասխանում հեռախոսազանգերին։ Ուշագրավն այն է, որ Արմենիա ԲԿ-ից հրաժարվեցին որեւէ տեղեկություն տրամադրել Կարապետյանի առողջական վիճակի մասին՝ հայտարարելով, որ նման հիվանդ չեն ունեցել, չնայած ի սկզբանե հայտարարվել էր, որ Կարապետյանն Արմենիա ԲԿ-ում է։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: