Պետք է սանկցիայի ենթարկվեն

Mar 17, 2017 Comments Off on Պետք է սանկցիայի ենթարկվեն

«Սարսափելի դեպք է, խորապես ցավակցում ենք Արթուր Սարգսյանի ընտանիքին: Սա մեր հասարակության ու քաղաքական համակարգի ամոթն է», – այս մասին մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց պատգամավորության թեկնածու, Ազատ դեմոկրատներ կուսակցության ցուցակում ընդգրկված քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվանը:

Այսօր «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացավ «Հաց բերող» Արթուր Սարգսյանը: Վերջինս օրեր առաջ էր դուրս գրվել «Արմենիա» բժշկական կենտրոնից, որտեղ նրան տեղափոխել էին դատապարտյալների հիվանդանոցից՝ 25-օրյա հացադուլից հետո: Սակայն նրա առողջական վիճակը նորից բարդացավ, հիվանդանոցում երեկ գիշերը վիրահատության ենթարկվեց, սակայն` ցավոք սրտի, նրա կյանքը փրկել չհաջողվեց: Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ ինչպիսին էլ լինի մեր պատասխանատվության չափը այն առումով, որ չենք կարողացել հասնել նրան, որ նա ազատ արձակվի, այնուամենայնիվ անհերքելի իրողություն է, որ Հայաստանում կալանքի կիրառման ինստիտուտն ուղղակի խայտառակություն է: «Դա ոչ միայն մարդկանց կամքը կոտելու եւ ցուցմունքներ կորզելու ճանապարհ ու գործիք են մնում, այլ փաստացի դարձավ խոշտանգման ու մահվան պատճառ: Բռնել բաց թողնել, հետո նորից բռնել, առողջական խնդիրների պատճառով նորից բաց թողնել, բայցեւայնպես այդ ընթացքում նորից վնաս հասցնել մարդու առողջությանը, սա ուղղակի նշանակում է, որ այդ խափանման միջոցի համար միջնորդություն ներկայացրած քննիչը եւ դատարանը պատասխանատվություն կրեն: Ես ակնկալում եմ, որ արդարադատության նախարարը ըստ էության հայտարարի իր անելիքների մասին, որովհետեւ որքան էլ զուտ որոշումների առումով պատասխանատվությունը գտնվում է դատարանների եւ քննիչի տիրույթում, այնուամենայնիվ արդարադատության համակարգի համար սա մեծ հարված էր եւ թեեւ արդարադատության նախարարը պետք է հայտարարի կալանքի ինստիտուտը վերայելու մասին:Արթուր Սարգսյանի մահը չպետք է անհետեւանք անցնի, էլ չեմ խոսում դատավորի կամ քննիչի պատասխանատվության մասին, ովքեր վերացական հիմքերով համատարած կիրառում են կալանքի ինստիտուտը՝ չգիտակցելով դրա հետեւանքները: Այժմ այդ մարդիկ պետք է հասկանան, որ իրենց խղճին է ծառացած այդ մարդու մահը: Եթե քաղաքական գործընթացների բերումով Արթուր Սարգսյանը հանրության հայտնի զոհ է, կան մարդիկ, որոնք անհայտ են մնում եւ զոհ գնում համակարգին: Ես ակնկալում եմ, որ Արդարադատության նախարարությունը ոչ միայն ցավ կհայտնի, ինչպես վարչապետն է արել, այլ նաեւ հանդես կգա հստակ քայլով՝ կալանքի ինստիտուտի խոշտանգիչ բնույթը վերացնելու ուղղությամբ>>:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին երկրորդ անգամ կալանավորելուց հետո լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ Սեյրան Օհանյանի ղեկավարած դաշինքը Հաց բերողին իր ցուցակում ընդգրկելու առաջարկ է արել, ինչով էլ պայմանավորված է կալանավորումը: Անդրադառնալով քաղաքական գործընթացներին զոհ գնալու մեր դիտարկմանը, Սաֆարյանը նշեց.<<Իհարկե, ՕՐՕ դաշինքն էր, որ հայտարարեց՝ հնարավոր է Արթուր Սարգսյանը առաջադրվի, նույնիսկ կային լուրեր, որ Արթուրը դիմել է անձնագրային բաժին, որպեսզի տեղեկանք ստանա եւ դա է եղել պատճառներից մեկը, որ երկրորդ անգամ նրան ազատազրկեցին: Ինչեւիցե, սա թերեւս ցույց է տալիս, որ Արթուրի նկատմամբ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով խափանման միջոց է ընտրվել, հանձնարարական տվողները պետք է անպայման սանկցիայի ենթարկվեն: «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ:

Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել եւ պահանջում էր փոխել իր խափանման միջոց կալանքը: Օրեր առաջ պատգամավորների երաշխավորությամբ Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել ու անմիջապես տեղափոխվել հիվանդանոց: Մի քանի օր առաջ նա ինքնակամ լքել էր հիվանդանոցը, սակայն հիմա կրկին ստիպված է եղել տեղափոխվել հիվանդանոց:Արթուր Սարգսյանը 49 տարեկան էր:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: