Ժողովուրդ խելքի արի, հերիք եղավ

Mar 17, 2017 Comments Off on Ժողովուրդ խելքի արի, հերիք եղավ

Այսօր «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացավ «Հաց բերող» Արթուր Սարգսյանը: Վերջինս օրեր առաջ էր դուրս գրվել «Արմենիա» բժշկական կենտրոնից, որտեղ նրան տեղափոխել էին դատապարտյալների հիվանդանոցից՝ 25-օրյա հացադուլից հետո: Սակայն նրա առողջական վիճակը նորից բարդացավ, հիվանդանոցում երեկ գիշերը վիրահատության ենթարկվեց, սակայն` ցավոք սրտի, նրա կյանքը փրկել չհաջողվեց:

Երգահան, «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության հիմնադիրներից Եղիշե Պետրոսյանն ասում է, որ Արթուր Սարգսյանին իշխանությունները հասցրեցին անդառնալի վիճակի. «Իշխանությունների հետ որեւիցե հույս կապել՝ մարդասիրական, բարոյական, ազգանվիրական ինչ որ բաների, ընդամենը ժամանակի կորուստ է: Իրենք չունեն այդ հատկանիշները », ասաց Եղիշե Պետրոսյանը: Վերջինիս գնահատմամբ իշխանությունների ախտորոշումը հայտնի է բոլորիս, հանրությանը, հետեւաբար հիմա անելիք ունի հանրությունը, ժողովուրդը. «Ժողովուրդը, ցավալիորեն մահվան նշաններ է ցույց տալիս, հետեւաբար ես ժողովրդին կուզեմ կոչ անել՝ խելքի թող գան, լաոն թող քնած տեղից զարթնի,հերիք եղավ, չի կարելի էսքան անմարդկային բաներ հանդուրժել, ժողովրդի արժանապատվությունը ոտնահարել:Չափը անցել ենք արդեն, չի կարելի, պետք է կանգնենք, նորից մտածենք՝ ով ենք մենք, որտեղից ենք գալիս, ուր ենք հասել, այնպես անենք, որպեսզի չվերանանք»: Եղիշե Պետրոսյանի գնահատմամբ Արթուրը մեր ազգի հավաքական նկարագիրն էր եւ նա կարող էր վարակիչ օրինակ ծառայել շատերի համար, այդ պատճառով էլ արժանացել էր իշխանության անբարյացակամությանը: Նշենք, որ շաբաթներ առաջ համացանցում տարածվեց երգահանի՝ հաց բերողին նվիրված երգը:

Նշենք նաեւ, որ Արթուր Սարգսյանի փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Դավիթ Գյուրջյանն ու Վահե Գրիգորյանը հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասում են. «Սարգսյանին անմարդկային վերաբերմունքի եւ խոշտանգումների ենթարկելով ամբողջ պատասխանատվությունը կրում է պետական ողջ իրավապահ, արդարադատության եւ քրեակատարողական համակարգը, որի մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք: Բայց հիմա արդեն կոնկրետ անուններ եւ անհատական պատասխանատվությունը պարզելու ժամանակն է»,- նշել են փաստաբանները:

«Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել եւ պահանջում էր փոխել իր խափանման միջոց կալանքը: Օրեր առաջ պատգամավորների երաշխավորությամբ Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել ու անմիձջապես տեղափոխվել հիվանդանոց: Մի քանի օր առաջ նա ինքնակամ լքել էր հիվանդանոցը, սակայն հիմա կրկին ստիպված է եղել տեղափոխվել հիվանդանոց: Արթուր Սարգսյանը 49 տարեկան էր:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: